«Այսօր դեկտեմբերի 3-ն է՝ հաշմանդամների միջազգային օրը, այսօր տոն չէ, այլ հնարավորություն ամբողջ աշխարհում եւս մեկ անգամ բարձրաձայնել հաշմանդամություն ունեցող անձանց դեռեւս չլուծված խնդիրները»-«Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:
Կարդացեք նաև
«Պետական քաղաքականության տեսանկյունից ես պետք է կարեւորեմ, որ մենք կառավարության քննարկմանն ենք ներկայացրել օրենքի նախագիծ, որը կառավարությունում քննարկվելուց հետո պետք է հաստատվի Ազգային ժողովում: Ի տարբերություն 1992թ-ին ընդունված «Աշխատանքների սոցիալական պաշտպանության» օրենքի, որը գործում է մինչեւ այսօր, մենք կունենանք նաեւ «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման մասին օրենք»,- հայտարարեց ասուլիսին ներկա ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախարարի խոսքերով՝ նոր օրենքը թույլ կտա հաշմանդամություն ունեցող անձանց ավելի հեշտ աշխատանք գտնել եւ ներգրավված լինել աշխատաշուկայում, մյուս կողմից՝ գործատուները հնարավորություն կունենան ավելի հաճախ աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող մարդկանց:
Ասուլիսին ներկա ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլարդի կարծիքով՝ ԽՍՀՄ-ի փլուզումից ու տնտեսական փոփոխություններից հետո ստեղծվեց մի նոր աշխատաշուկա, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդիկ տեղ չունեին: Տիկին Հիլարդի կարծիքով, 1999 թվականից սկսած որոշակի քայլեր են ձեռնարկվել այս իրավիճակը շտկելու համար:
«Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագիրը, որը պետք է իրականացվի 2012-15 թթ-ին, նպատակ ունի հաշմանդամություն ունեցող անձանց համար խթանել զբաղվածության հավասար հնարավորություններ, որպես մարդու հիմնարար իրավունք»,-ասաց «Սեյվ դը չիլդրեն» (LIFE) ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան: Ըստ նրա, «Ունիսոն» հ/կ-ի օժանդակությամբ՝շուրջ 184 հաշմանդամություն ունեցող անձինք անցել են աշխատանքի պատրաստվածության դասեր, որոնք հետո ուղղորդվել են զբաղվածության ծառայության պետական կենտրոններ գրանցվելու եւ աշխատանք գտնելու համար:
Վիճակագրության համաձայն՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց միայն 8 %-ն ունի աշխատելու հնարավորություն:
Վերջում ներկաները մասնակցեցին «Մենք կարող ենք եւ իրավունք ունենք աշխատելու» ցուցահանդեսին:
«Մենք բոլորս իրավունք ունենք աշխատելու» խորագրով քարոզարշավն իրականացվել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից եւ ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալության հայաստանյան գրասենյակի կողմից:
Աշոտ ԱԹԱՅԱՆ