Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ընկերոջը «նվիրեցի» նրան, իսկ նա անգամ շնորհակալություն չասաց»

Դեկտեմբեր 03,2012 13:53

Եթե ոմանք անհամբեր սպասում են առաջին ձյանը, Սառան ընդհակառակը՝ չի ուզում, որ ձյուն գա, պատճառն ամենևին էլ այն չէ, որ նա ձյուն չի սիրում, այլ այն, որ հիշողությունները նորից կարթնանան, թեև ինչպես ինքն է ասում՝ դրանք երբեք էլ չեն քնել: Հիշողությունները կապված են նրա նախկին ընկերոջ՝ Միքայելի հետ: «Ես ու Միքայելը ծանոթացել ենք նախորդ տարվա առաջին ձյան օրը, երբ ընկերներով որոշել էինք զբոսնել քաղաքում», – պատմում է Սառան: Միքայելը Սառայի դասընկերուհու եղբայրն է, ով ևս եկել էր նրանց հետ միասին զբասնելու: «Այնքան հետաքրքիր անցավ, ձնեմարդ սարքեցինք, ձյան մեջ խաղացինք, լրիվ մեր մանկությունն էինք հիշել, այդպես էլ մտերմացանք Միքայելի հետ, իսկ մտերմությունն էլ ժամանակի ընթացքում վերածվեց սիրո», – պատմում է Սառան: Մի քանի ամիս էր, ինչ ընկերություն էին անում, բայց սկսել էին հաճախ վիճել, ու այդ մասին աղջիկը պատմում էր իր մտերիմ ընկերուհուն` խորհուրդ ակնկալելով: Թվում էր, թե ընկերուհին անկեղծ է իր հետ, բայց արի ու տես ամեն ինչ հենց ընկերուհուց սկսվեց: «Երբ վիճում էի Միքայելի հետ, նա ասում էր՝ դու հանկարծ չզանգես նրան, թող ինքը զանգի, աղջկան սազական չի դա անելը, բայց փաստորեն ինքն ավելի վատ բան արեց, որ աղջկան իսկապես սազական չէր, քան ես, – ասում է Սառան, – անընդհատ առիթներ էր փնտրում, որ մեզ հետ լինի, իսկ ես հիմարի պես դա չէի հասկանում, մտածում էի, թե մեզ ուղղակի շատ ա սիրում, բայց պարզվում է՝ ոչ թե մեզ է սիրում, այլ՝ Միքայելին»: Ժամանակի ընթացքում Միքայելն ավելի քան անտարբեր է դառնում Սառայի հանդեպ, իսկ այն օրվանից հետո, երբ Սառան նրան ու իր ընկերուհուն միասին է տեսնում՝ սկսում է ատել, ատել մինչև հոգու խորքը. «Ես զզվանք էի զգում երկուսի հանդեպ էլ ու ինձ էի մեղադրում հիմար լինելու մեջ, ես հասկացա, որ պետք է զգուշանալ մտերիմ ընկերուհիներից, որովհետև նրանք որքան մտերիմ են նույնքան էլ կարող են վտանգավոր լինել», – ասում է Սառան: Միքայելը իհարկե փորձեց Սառայի հետ խոսել, պարզաբանել ամեն ինչ, բայց Սառան նրա անունը լսել անգամ չէր ուզում, նրա խոսքով՝ այդ օրվանից սկսեց ատել այն ամենը, ինչը կապված է Միքայելի հետ՝ ձմեռը, առաջին ձյունը, այն վայրերը, որտեղ միասին են եղել… Պատմությունը պատմելիս Սառան նունիսկ մի պահ լռեց, մտքերի մեջ ընկավ…  «Իմ ընկերոջը «նվիրեցի»  նրան, իսկ նա անգամ շնորհակալություն չասաց, – ասաց Սառան ու մեկնաբանեց,-հիմա այնպես է «քիթը ցցած» անցնում կողքովս, կարծես ես եմ «հանցանք» գործել, ոչ թե ինքը»:

Այս պատմությունից մեկ տարի է անցել, բայց ինչպես Սառան է ասում՝ դեռ չի կարողանում «մարսել» կատարվածը: Ծանոթ մի տղա իրեն ասել է, թե իր ընկերուհին ու Միքայելն այլևս միասին չեն, բայց Սառային դա արդեն քիչ է հետաքրքրում. «Այն ամենի միջով, որ ես անցա, էլ չեմ պատրաստվում նորից նույնը կրկնել, նրանցից ոչ մեկի մասին չեմ ուզում լսել, – ասում է նա, – իսկ ամենավատն այն է, որ նրանց պատճառով ես էլ չեմ կարողանում մարդկանց հավատալ, դրա համար էլ մտերիմ ընկերուհի էլ չունեմ, չեմ վստահում ոչ մեկին»:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31