Երեկվա ԱԺ լրացուցիչ ընտրություններով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի պատգամավորական տեղը բաժին հասավ ՀՀԿ-ական Արման Սահակյանին: «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերը 10.100 ձայնով հաղթեց իր մրցակցին` Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանին: ՀՀԿ-ականը, նախնական տվյալներով, հավաքել է 13.337 ձայն, իսկ ՀՀՇ-ականը` 3237: Ընտրությունները թեև կայացան, սակայն մասնակիցների փոքր թվաքանակից ակնհայտ է, որ ժողովուրդը կամ ծայրահեղ հիասթափված է, կամ ընտրակաշառք չէր բաժանվում, հետևաբար և շատերը հարկ չհամարեցին կիրակի օրով ընտրատեղամաս հասնել:
ԿԸՀ-ի հրապարակած տվյալներով, Գյումրու մի հատվածն ու Ախուրյանի բոլոր գյուղերն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում գրանցված 55. 971 ընտրողներից ընտրության է գնացել 17.421 ընտրող: Սա կազմում է ընտրողների 31 տոկոսը: Իսկ անվավեր է ճանաչվել 834 քվեաթերթիկ:
Այսօր Aravot.am –ը Գյումրիում բնակվող լոռեցի լրագրող Համլետ Մոսինյանից հետաքրքրվեց, թե իր դիտարկմամբ ինչո՞ւ էր այսքան պասիվ բնակչությունը: «Ինձ հասած տեղեկություններով, գյուղերին լավ են նայել, որոշ չափով հողահարկ են փակել, իսկ Գյումրիում ի՞նչ շահ կար. եթե նկատի ունենաք, որ մեր ժողովրդի մեջ մի հատված կա, որն առանց մաղարիչի քայլ չի կատարի, ուրեմն շատ չպիտի զարմանանք գյումրեցիների պասիվությունից: Եվ հետո գյումրեցիները սրանով ցույց են տալիս, որ բացարձակ վստահություն չունեն Ազգային ժողովի նկատմամբ, այսինքն օրենսդիր կառույցը գյումրեցիների համար եղած-չեղած մեկ է, նրանց ընդունած օրենքերով չեն հիանում, նշանակված պատգամավորներին չեն հարգում:
Կարդացեք նաև
Բայց եթե անկեղծ լինեմ, այս ընտրություններին ես բացահայտեցի մի տխուր փաստ. մեր երկրում չկա ընդդիմություն, պարզապես ընդդիմություն խաղացողներ կան: Եթե իսկապես ընդդիմություն ունենայինք, ապա իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը գոնե կսատարեին ընդդիմադիր թեկնածու Մուրադ Գրիգորյանին: Բայց տեսաք, որ բոլորը ձեռքերը լվացրեցին ու կողքի քաշվեցին» , -մտահոգվեց լրագրողը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ