Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում մեր նվաճումներն ու կորուստները

Դեկտեմբեր 03,2012 13:03

Aravot.am-ը շարունակում է անդրադառնալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի տարբեր դրույթների առումով վերջին հինգ տարիներին կատարված աշխատանքներին: Այդ ծրագրում առանցքային էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը: Մասնավորապես ՀՀ նախագահը խոստացել էր, որ հիմնախնդրի կարգավորումը խարսխվելու է հետևյալ սկզբունքների վրա. «պետք է միջազգայնորեն ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և պայմաններ ստեղծվեն դրա իրականացման համար, պետք է ապահովվի ԼՂՀ բնակչության և սահմանների անվտանգությունը, ՀՀ-ն և ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման»:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ այս հարցում ՀՀ արտաքին քաղաքականությունը առաջընթաց գրանցել է: Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետն ասաց. «Անցած տարիների ընթացքում Արցախի քաղաքական դիրքը ամրապնդվել է: Դա պայմանավորված է ինքնահռչակված պետությունների ճանաչման հանգամանքով, օրինակ՝ Կոսովոյի, Պաղեստինի, Օսեթիայի, Աբխազիայի օրինակը: Մյուս կողմից մեծ դերակատարություն ունի բանակցային գործընթացում իրավիճակը: Այն փակուղին, որ բանակցային գործընթացը բերել է հակամարտող կողմերին՝ թույլ է տալիս ասել, որ կամ պետք է փոխել ֆորմատը և ներառել Արցախը, երկրորդը պարզապես ընդունել պատերազմի հետևանքները և քաղաքականությունը շարունակել՝ ելնելով այդ իրականությունից: Հակառակ պարագայում պատերազմի վտանգը մեծ է: Այն, որ քաղաքագիտական և փորձագիտական որոշակի շրջանակներում եկել են այն եզրակացության, որ Արցախի ճանաչման հարցը պետք է դրվի, ինչը արտահայտվում է տարբեր երկրների օրենսդրական մարմինների տարբեր աստիճաններով, օրինակ՝ Ավստրալիայի փորձը, ԱՄՆ որոշ նահանգների փորձը, թույլ է տալիս եզրակացնել, որ անցած տարիների ընթացքում Արցախը՝ որպես քաղաքական գործոն, ճանաչման առումով իր դիրքերն ամրապնդել է»:

ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը հակառակ կարծիքին է. «Ոչ մի առաջընթաց չկա, ավելին, համաշխարհային հանրության այն ուժերը, որոնք կոչված էին այդ հարցը լուծելու, ուղղակի վերջին մեկուկես երկու տարվա ընթացքում ոչինչ չեն անում: Դա կնշանակի, որ հարցը մտել է փակուղի: Վստահ եմ, որ այդ հարցում պատճառը հայաստանյան կողմի ոչ վճռականությունն է, հարցի նկատմամբ հոգատարության և հետևողականության պակասը»:

Քաղաքագետի այն դիտարկմանը, թե առաջընթացի վկայությունն է նաև Արցախի ճանաչման կոչով արտաքին արձագանքը, տիկին Թադևոսյանն այսպես արձագանքեց. «Այսինքն՝ այլոց արձագանքը մեր նվաճո՞ւմն ենք համարում: Իսկ երբ կորուստներ ենք ունենում, անպայման ուրիշների վրա ենք մեղքը բարդում: Դա մոտեցում, ձև չէ: Ճիշտ կլինի՝ սեփական նվաճումները փաստարկել սեփական նախաձեռնությամբ և կորուստները՝ սեփական հարմարվողականությամբ և տգիտությամբ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31