Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտինը ժամանում է Թուրքիա

Դեկտեմբեր 03,2012 11:46

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Մոսկվայում, 18-ը հուլիսի, 2012թ.

Կրեմլի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահը եւ Թուրքիայի վարչապետը քննարկելու են նաեւ «Անդրկովկասում ստեղծված իրադրությունը»։

Երկուշաբթի օրը մեկնարկում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա:

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` Պուտինը Ստամբուլում կմասնակցի Ռազմավարական համագործակցության ռուս – թուրքական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ կքննարկի  ինչպես երկկողմ համագործակցությանը վերաբերող խնդիրներ, այնպես էլ` «Մերձավոր Արեւելքում, Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում եւ Բալկաններում ստեղծված իրադրությունը»:

Ռուս – թուրքական այս խորհրդի նիստը նախապես ծրագրված էր անցկացնել դեռ հոկտեմբերին: Վերջին պահին, սակայն, Պուտինի այցը Թուրքիա հետաձգվեց, ինչը փորձագետներից շատերը շտապեցին կապել այն տրամագծորեն հակառակ դիրքորոշումների հետ, որ որդեգրել են սիրիական խնդրում պաշտոնական Մոսկվան ու Անկարան:

Այսօր արդեն Թուրքիան եւ Ռուսաստանը, չփոխելով իրենց տեսակետը Սիրիայի հարցում, կարողանում են մի կողմ դնել այս տարաձայնությունները` հիմնականում կենտրոնանալով էներգետիկ համագործակցության հարցերի վրա:

Այսպես, Պուտինի այցի շեմին Թուրքիա ժամանեց Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, որն իր թուրք պաշտոնակից Թաներ Յըլդըզի հետ բանակցելուց հետո հայտարարեց. – «Եթե ձմռանը Թուրքիան հավելյալ գազի կարիք ունենա եւ մենք կարողանանք համապատասխան համաձայնության գալ, ապա Ռուսաստանը պատրաստ է ավելացնել մատակարարումների ծավալը: Նախկինում մենք բազմիցս օգնել ենք Թուրքիային, երբ այստեղ ձմեռվա ամիսներին գազի կարիք են զգացել»:

Ի դեպ, այսօր արդեն ռուսական «Գազպրոմ»-ը ապահովում է թուրքական շուկա մատակարարվող գազի ընդհանուր ծավալի շուրջ 60 տոկոսը:

Պուտինի այցի շեմին նաեւ տրվեց մեկ այլ համատեղ ծրագրի մեկնարկը` ռուսական «ԳԱԶ» ընկերությունը թուրքական Սաքարյա քաղաքում պաշտոնապես բացեց հետխորհրդային տարածքի բնակիչներին քաջածանոթ «Գազել» միկրոավտոբուսների նորակառույց գործարանը: «Մինչեւ 2013 թվականի ավարտը Սաքարյայում բացված այս գործարանը կարտադրի շուրջ 3 հազար միկրոավտոբուս», – հայտարարեց «ԳԱԶ» ընկերության ղեկավար Բու Անդերսոնը:

Ինչ վերաբերում է քաղաքական խնդիրներին, ապա թուրքական աղբյուրները քիչ հավանական են համարում, որ Պուտինն ու Էրդողանը կարողանան մեկ հանդիպման ընթացքում հաղթահարել դիվանագիտական ասպարեզում առկա բոլոր տարաձայնությունները:

«2009 թվականից ի վեր, երբ ստեղծվեց ռուս – թուրքական համագործակցության խորհուրդը, հարաբերությունները` հատկապես տնտեսական, զբոսաշրջության, ներդրումային ոլորտներում, բավական լավ էին զարգանում», – գրում է  Zaman օրաթերթը` հավելելով. – «Հետագայում, սակայն, Արաբական գարունը բացահատեց կողմերի բավական տարբեր մոտեցումները այս խնդրին: Սրան էլ գումարած` Անկարան եւ Մոսկվան տարբեր մոտեցումներ ունեն մի շարք այլ խնդիրների հանդեպ` Լեռնային Ղարաբաղ, Կոսովո, Կիպրոս»:

Գեւորգ Ստամբոլցյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31