Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հենց նոր ավարտվեց AIBA բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հերթական օրը: Վերջին մենամարտում հանդիպեցին + 91 կգ քաշայիններ, հայաստանցի Նարեկ Մելքոնյանը եւ Թուրքիայի ներկայացուցիչ Յասին Յիլդիրիմը:
Թուրք բռնցքամարտիկն անձնական քաշով զգալիորեն գերազանցում էր Նարեկին եւ հույսը հենց դրա վրա դրած պարզապես առաջ էր գնում՝ տեխնիկայի ոչ մի նշան ցույց չտալով: Դրան ի պատասխան` հայ գերծանր քաշայինը ռինգում տեղաղաշարժվում էր ավելի թեթեւ, պաշտպանվում, հմուտ ու ավելի դիպուկ հարվածներ տեղում մրցակցի վրա: Արդյունքում, բոլոր երեք ռաունդներում կողային մրցավարները առավելություն տվեցին Նարեկին եւ ռեֆերին ի նշան հաղթանակի, դհոլ-զուռնայի հնչյունների ներքո բարձրացրեց Նարեկ Մելքոնյանի ձեռքը՝ 15:13:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ