Երեկ Երեւանի հրաձգության ՄՊՄԴ-ում լրատվամիջոցների միջեւ հրաձգության առաջնության մեկնարկից առաջ ՀՀ սպարտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մասնակիցներին ասաց. «Ողջունում եմ ձեզ: Ուրախ եմ, որ այսքան շատ լրագրողներ են մասնակցելու առաջնությանը: Հրաձգությունն այն մարզաձեւն է, որին պետք է տիրապետի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի: Իսկ լրագրողները մեր հասարակության ամենաակտիվ հատվածն են: Մենք՝ հայերս պատերազմ չենք ուզում, բայց միշտ էլ հարկադրված ենք եղել զենքով պաշտպանել մեր երկիրը: Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ յուրաքանչյուրս պարտավոր ենք զենքին տիրապետել, կրակել իմանալ: Դրա համար էլ ձեզ համար ընտրել ենք այս մարզաձեւը: Հորդորում եմ լրագրողներիդ ավելի սերտ կապվել առողջ ապրելակերպին եւ առողջարար ֆիզկուլտուրային, ավելի շատ մարզական նախաձեռնություններ հանդես բերել: Իսկ մեր նախարարությունն ու օլիմպիական կոմիտեն առավելագույն չափով կօժանդակեն: Այսօր պարտվողներ չեն լինելու: Բայց մաղթում եմ, որպեսզի հաղթեն ամենադիպուկները»:
Հրաչյա Ռոստոմյանը ստուգեց նաեւ իր նշանառությունը եւ ատրճանակով առաջին իսկ կրակոցով խոցեց 8 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ