Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ԴԱՀԿ-ի աշխատակիցները ևս մարդ էին ապահովում Գյումրվա ընտրություններին

Դեկտեմբեր 02,2012 19:20

Այսօր թիվ 35 ընտրատարածքում տեղի ունեցող ԱԺ լրացուցիչ ընտրություններում, որին մասնակցում են երկու թեկնածուներ` ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արման Սահակյանն  ու ինքնառաջադրված, Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանը, պասիվ լինելուն զուգընթաց, մերթ ընդ մերթ աշխուժանում էր  այն ընտրատեղամասերում, որոնք այսպես ասած ծվարային են, տեղակայված հասարակության աչքից ու ականջից հեռու: Օրինակ, Գյումրու Արցախ  կամ գյումրեցիների լեզվով ասած «Թուրքի մայլա»  կոչվող թաղամասի «Ծիածան» մանկապարտեզի դիմաց ականատես  եղանք, թե ինչպես են թաղի տղամարդիկ  ցուցակներ ճշգրտում, ընտրողների հրավիրում, իսկ ԴԱՀԿ-ի օպերատիվ բաժնի պետական մեքենան  դիմացը կանգնած է (տես լուսանկարում) : Ի դեպ, պետական պաշտոնյան  աղաչում էր չնկարահանել իր մեքենան` երևանյան բարբառով պնդելով, որ սա իր թաղամասն է ,  ինքն այստեղ է ծնվել և պարզապես  հյուր է եկել Գյումրի:

Իսկ շրջակայքում հավաքված տղամարդիկ, տեսնելով լրագրողներին, հատկապես «Ազատություն» ռադիոկայանի Գյումրու թղթակից  Սաթենիկ Կաղզվանցյանին, ով նկարահանում էր ընտրատեղամասի  դիմացը կատարվող  խախտումներն ու իրենց ցուցակագրումը, սպառնացին ջարդել տեսախցիկը: Այս  ընտրատեղամասի ներսում բավականին հանգիստ վիճակ էր. հանձնաժողովականները հաշտ-համերաշխ տաքանում էին վառարանի մոտ : «Ծիածան» մանկապարտեզում, կամ որ նույնն է, 35/38 ընտարտեղամասում Մուրադ Գրիգորյանի վստահված անձ Գևորգ Ալիխանյանը դժգոհեց, որ թեև աշխատանքները ընտրատեղամասի ներսում նորմալ են ընթանում, սակայն «աժիոտաժ» է սկսվել դրսում: «Ընտրատեղամասի հարակից  տարածքում անծանոթ մեքենաներ են հավաքվել, վրան «Օպերատիվ» գրված մեքենան, ըստ իմ տեղեկությունների  հանրապետական ԴԱՀԿ- մեքենան է,   գալիս-գնում են , ինչ-որ բաներ են  պայմանավորվում: Նկատեցի, որ  երևանյան համարով  ջիփից երկու հոգի մարդ եկան, եկան քվեարկեցին, գնացին, մեկ -երկու երևանյան  ու Գյումրու մեքենաներ` խառը,  մարդկանց բերում էին ընտրության:Այստեղ ցուցակներում էլ, որ նայում ենք, մարդը գրված է Մյասնիկյան փողոց էս ինչ տանը, բայց դրսից տեսնում ենք, որ էդ մարդը լրիվ ուրիշ տեղից է գալիս, այսինքն,  քաղաքի բնակիչ է, գրանցված էս հասցերում, բայց փաստացի ապրում է  ուրիշ տեղ ու գալիս քվեարկում է , բնական է հանձնաժողովի անդամներն  էլ չինչ չեն  կարող ասել , որովհետև 10-12 մարդ գրանցված է ցուցակում, անձնագրի հետ էլ ամեն ինչ համընկնում է»,-ասաց Գևրոգ Ալիխանյանը:

Լրագրողների` այս տեղամասում գտնվելու պահին մեքենաները անհետացան, սակայն մեկ ժամ հետո նորից գալով այս ընտրատեղամաս, ականտես եղանք, որ ընտրատեղամասի  հարակից տարածքը դարձյալ խեղդված էր մեքենաներով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31