16-ամյա Հրաչ Բաբայանը 2010թ. գարնանից զբաղվում է հրաձգությամբ: Մարզաձեւի մասին իմացել է ընկերներից: Ասում է` մինչ այդ նույնիսկ չի լսել հրաձգության մասին. «Փոքր հասակից սիրում էի կրակել: Դրա համար էլ ընդունվեցի Հրաձգության մանկապատանեկան դպրոց»:
Ընդունվելուց ընդամենը երկու ամիս անց, պատանի հրաձիգը գրանցել է իր առաջին լուրջ հաջողությունը. «ՀՀ երիտասարդ հրաձիգների մրցումում գրավեցի երրորդ տեղը: Դրանից ոգեւորվեցի ու որոշեցի շարունակել»:
Հրաչը մեզ ասաց նաեւ, որ ՀՀ մեծահասակ եւ երիտասարդ հրաձիգների բազմակի չեմպիոն է, մեկ տարի պատրաստվելուց հետո Ուկրաինայի բաց առաջնության ժամանակ լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի նորման: Սրանցից բացի, հրաձիգը մասնակցել է Գերմանիայում անցկացված միջազգային մրցումների. «Հույս ունեմ նաեւ, որ կմասնակցեմ 2014թ. Երիտասարդական օլիմպիադային»:
Պատանի մարզիկն այս սպորտաձեւում իր ամենամեծ նվաճումը համարում է այն, որ գերազանցել է օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանի ռեկորդը. «Պետիկյանինը 600 հնարավորից` 592 էր, իսկ իմը` 594»:
Մինչ այս հաջողություններին հասնելը, Հրաչ Բաբայանը մի շարք դժվարություններ է հաղթահարել: Ասում է` պատահել, որ օրական միջինը չորս ժամ մարզվել է. «Ավելացնեմ, որ բոլոր հրացանակիրները պարտադիր պետք է հատուկ համազգեստ կրեն: Այն շատ թանկ արժի` 1500 եվրո»:
Հրաձիգը համոզված է, որ լավ մարզիկ լինելու համար նախ հարկավոր է լավ մարզիչ ունենալ, դրանից հետո միայն բավականաչափ համբերություն, ճիշտ տեխնիկա եւ իհարկե` սուր աչք. «Առանց մեկի` մյուսը չի ստացվի»:
Միակ երազանքի մասին ասում է. «Միակ երազանքս օլիմպիական չեմպիոն դառնալն է»: Դրա համար պատրաստ է ամեն ինչի. «Առանց այս սպորտի չեմ պատկերացնում իմ կյանքը»:
Հրաչը մարզումներից բացի, ժամանակ է գտնում նաեւ հրաձգության վերաբերյալ եվրոպայում տեղի ունեցող նորություններին ծանոթանալու համար: Դիտում է, թե ինչպես են կրակում պրոֆեսիոնալները կամ օլիմպիական չեմպիոնները:
«Հիմա սովորում եմ համար 159 ավագ դպրոցի 11-րդ դասարանում: Այն ավարտելուց հետո ցանկանում եմ բուհ ընդունվել, բայց թե որը` չգիտեմ»,- ասում է հրաձիգը:
Արամ Արարատյան