Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գազելաջիփախառն ընտրություններ` ցնդող թանաքով, չափ տվողներով, ու աղաչանք-պաղատանքով (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 02,2012 17:28

 

Այսօր թիվ 35 ընտրատարածքում, որն ընդգրկում է Գյումրու մի քանի թաղամասեր ու Ախուրյանի շրջանի բոլոր գյուղերը, տեղի ունեցան ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի պատգամավորական տեղի համար պայքարում են երկու թեկնածուներ` «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ-ական Արման Սահակյանն ու Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանը: Վերջինիս շտաբը վաղ առավոտյան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ահազանգել այն մասին, որ թվով 12 ընտրատեղամասերում դրոշմակնիքի թանաքը, անձնագրի մեջ դեռ չխփած, ցնդում է, ու ստիպված են եղել կիրառել համապատասխան միջոցներ:

Ընդհանուր առմամբ թե Գյումրիում, թե Ախուրյանում ժամը 15.00-ի դրությամբ ընտրողները չէին փայլում իրենց ակտիվ մասնակցությամբ:Սակայն մերթընդմերթ ընտրողների հոսք էր հայտնվում ընտրատեղամասերի դիմաց, որոնց ուղեկցում էին գազելները կամ ջիփերը, որոնք անընդհատ նոր մարդիկ էին ապահովում: Այդպիսի մի փաստի ականատես եղանք թիվ 10 դպրոցում, որտեղ ի դեպ գտնվում է նաև թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Երկար ժամանակ ընտրատեղամասը դատարկ էր, հանձնաժողովականները կարելի է ասել պարապ նստած էին, սակայն այն միանգամից լցվեց գազելի հայտնվելուն պես (տես լուսանկարում): Վարորդը , լուռ ու մունջ սպասեց, մինչև որ իր ընտրող –ուղեւորները ընտրատեղամասում խոստացած «պտիչկան» դրեցին:

Այս ընտրատեղամասում Մուրադ Գրիգորյանի վստահված անձ Ռուզաննա Դանիելյանը մեր զրույցում ասաց, որ մինչև ժամը 11.00-ն ընտրողների մասնակցությունը եղել է պասիվ, հոսքը նկատելի է ժամը 12.00-ից սկսած: «Ուղեկցող մարդիկ կան, բայց չենք կարող հաստատել, ասում են՝ բարեկամս է, ընտանիքի անդամ է, բայց երևում է, որ բերում են, հիմնականում տատիկ-պապիկներին են բերում: Ժամը 12-ին սկսվել է խմբերով գալը, հազվադեպ է լինում, որ ամուսիններ գան կամ մեկ հոգի: 5-6 հոգի պարտադիր գալիս են միասին: Բայց մենք չենք բողոքել, ո՞ւմ դիմես դրսում կատարվածի համար, խմբով գալիս են, իսկ ընտրատեղամասում ինչպես գիտեք 11 հոգի թույլատրվում է»:

Շրջելով տարբեր ընտրատեղամասեր` նկատեցինք, որ ամեն մի ընտրատեղամասի դիմաց առնվազն կային մի քանի «դիրիժորներ», ովքեր զանգահարում էին ծանոթներին `խնդրում-աղաչում գալ ընտրության: Օրինակ` Ախուրյանի թիվ 1 վարժարանում տեղակայված ընտրատեղամասում, երիտասարդ մի քանի տղաներ, հաշվի չառնելով անգամ նկարահանող լրագրողներին, հեռախոսով բացականչում էին. «Ախպերս, դե պատրաստի ընտանիքիդ անդամներին, հմի մեքենան ուղարկեմ»:

Նշենք, որ որևէ ընտրատեղամասում կաշառք բաժանելու դեպքերի ականատես չեղանք:

Ի դեպ, այսօր Գյումրիում աննկարագրելի առատ էին ջիփերը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31