Լրահոս
Օրվա լրահոսը

Բուհերի ուսանողները Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

Դեկտեմբեր 02,2012 14:48

Երեկ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրը: Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը Քրիստոսի 12 առաքյալներից էին, որոնք, գալով Հայաստան, քրիստոնեություն քարոզեցին հայ ժողովրդին` արժանանալով «առաջին լուսավորիչներ» կոչմանը:
Ամեն տարի Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվում է Սուրբ և անմահ Պատարագ` ի հիշատակ Ս. Առաքյալների:
Հայ Առաքելական Եկեղեցին Սբ. Առաքյալների և մեր առաջին լուսավորիչների` Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակը տոնում է Հիսնակի Բ կիրակիին նախորդող շաբաթ օրը:
Այս պատարագին մասնակից դարձան նաեւ Երեւանի տարբեր բուհերից ընտրված մոտ 50 ուսանող եւ «Արարատ միության» անդամներ: Ուխտագնացությունը կազմակերպել էր ԲՈՒՀ-երի հոգեւոր պատասխանատու Գեղամ արկավագ Ավետիսյանը, ով շուրջ երեք տարի է, ինչ աշխատում է բուհերի հետ: «Մենք այսօր որոշեցինք մեր ուխտը վերանորոգել Աստծո հետ: Հույս ունենք, որ այս ուսանողներն ավելի մոտ կլինեն եկեղեցուն, ճանապարհ կհարթվի, որ քրիստոնեությանն ու Աստծուն ավելի մոտ կգտնվեն»,- ասաց սարկավագը:
Ուխտավորները Ս. Առաքյալներին նվիրված պատարագից հետո ունեցան հանդիպում Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի հետ, որից հետո մասնակցեցին ճեմարանում դասավանդվող դասերին:
Մասնակիցներից Նաիրի Բալաբեկյանը շատ ուրախ էր, որ մասնակցեց ուխտագնացությանը: «Օրինակ` շատ տեղեր ենք գնացել խմբերով, ներկայացրել են մշակութային կոթողներ, կամ այլ բաներ, որոնք ավելի շատ նյութական են, իսկ այսօր` կարեւորվեց հոգեւորը, ինձ ավելի շատ բան տրվեց, ոչ թե շինությունը իր ճարտարապետական լուծումներով, այլ հոգեւոր ներաշխարհի բացահայտում: Հասկացա` հետագայում ոնց կարող եմ ձեւավորել իմ հոգեւոր ներաշխարհը, դատել ավելի հասուն»,-ասաց նա:

Գեղամ սարկավագը երիտասարդներին ուղեկցեց նաեւ ճեմարանին կից Սբ. Հրեշտակապետաց եկեղեցի, Մայր Տաճարի Գանձարան եւ Սբ. Հռիփսիմե եկեղեցի:

Ռուբինա Սաֆարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31