ԱԺ լրացուցիչ ընտրություններում թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգության» թեկնածու Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբը քիչ առաջ տարածել է հաղորդագրություն, որ Նորքի ուսանողական հանրակացարանի մոտ 0047S, 0067S պետհամարանիշերով 32 համարի երթուղային տաքսիներով ընտրողներին տանում են տեղամասեր:
Շտաբին այս մասին հայտնել է հանրակացարանի բնակիչներից մեկը:
Պարոն Սաֆարյանի շտաբից նաեւ ահազանգում են, որ Ավան Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի 1/2, 1/12 շենքերի ընտրողները 1/8 տեղամաս են եկել՝ ՀՀԿ թեկնածուի շտաբի պատասխատուի հսկողությամբ:
Չնայած ԿԸՀ-ի ու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պնդումներին, որ թանաքանյութի օքսիդացման հետ կապված խնդիրը լուծված է, Ս. Սաֆարյանի նախընտրական շտաբը շարունակում է ահազանգել, որ թանաքը ցնդում է անձը հաստատող փաստաթղթերից /1/10, 1/7, 28/:
Կարդացեք նաև
1/22-ում տեղամասում էլ մոտ կես ժամ կուտակումներ են եղել, եւ ըստ «Ժառանգության» թեկնածուի նախընտրական շտաբի, ոստիկանությունը հրաժարվել է միառժամանակ վերացնել կուտակումները, եւ դրա համար պահանջել է գրավոր ցուցում:
Տեղամասում լրագրողների հայտնվելուց ու նաեւ «Ժառանգության» հանձնաժողովականի ջանքերով հաջողվել է վերացնել կուտակումը կես ժամ անց:
Ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ թիվ 1 ընտրատարածքում ոստիկաններն իրենց աշխատանքն իրականացնում են պատշաճ, իսկ տեղամասերի ներսում աշխատում են հանձնաժողովի նախագահի ցուցումով:
Լուսանկարը՝ Lurer.com-ից