Այսօր Ավան համայնքում ԱԺ լրացուցիչ ընտրություններն արդեն սկսվել են: Թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել են «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանն ու ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը եւ Էդուարդ Պետրոսյանը:
Քիչ առաջ Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որ թիվ 1 ընտրատարածքի բազմաթիվ տեղամասային հանձնաժողովներում արձանագրվել է դրոշմակնիքի թանաքանյութի արագ ցնդելու դեպքեր. դրանք անհետանում են 10-15 րոպեների ընթացքում: Կոնկրետ ահազանգեր ստացվել են 1/3, 1/23, 1/29 տեղամասերից:
Aravot.am-ին թանաքանյութի անհետացման վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից փոխանցեցին, որ նման խնդիր առաջացել է եզակի տեղամասերում ու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համապատասխան միջոցառումներ է կազմակերպել՝ խնդիրը վերացնելու համար:
Թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գեղամ Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Այս պահին խնդիրը լուծված է: Չունենք տեղամաս, որ ընտրողը մտնի ընտրության եւ կնիքն անհետանա կամ չտպվի»: Պարոն Հայրապետյանը թանաքանյութի անհետացումը պայմանավորեց կնիքը սխալ օգտագործելով.«Տակի նստվածքը փայտով պետք է խառնեին, իրենք թափահարել էին»:
Ինչ վերաբերում է 1/04 տեղամասային հանձնաժողովում պատգամովրի թեկնածու Ս.Սաֆարյանի վստահված անձի ահազանգին, թե հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամը թույլատրել է ընտրողին քվեարկել՝ առանց նրա անձնագրում դրոշմակնիք դնելու, պարոն Հայրապետյանը չմեկնաբանեց. «Ես շրջում եմ տարածքում, իմ ձեռքի տակ ոչ մի բան չկա, եւ տեղեկություն չունեմ Ստյոպա Սաֆարյանն ինչեր է տարածել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ