Դեկտեմբերի 1-ին՝ մոտավորապես ժամը 07:30-ին, Deno Gold Minig ընկերությանը պատկանող Գեղանուշի պոչամբարի պոչատար խողովակաշարում տեղի է ունեցել վթար: Պոչերը լցվել են Գեղանուշ գետը, որը Ողջի անդրսահմանային գետի վտակն է: Ինչպես կարծում են Deno Gold Minig ընկերության ղեկավարները, վթարի պատճառը սաբոտաժն է: Ընկերության մամլո հաղորդագրության մեջ ասված է. «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան տեղի է ունեցել պոչատարից արտահոսք: Արտահոսքի փաստն առաջինը նկատել է ընկերության աշխատակիցը և տեղեկացրել այդ մասին ընկերության ղեկավարությանը, որն էլ իր հերթին տեղեկացրել է այդ մասին համապատասխան պետական կառույցներին և մարմիններին:
Ընկերությունը սկսել է արտահոսքի մաքրման աշխատանքները և կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները մաքրման աշխատանքներն ամբողջությամբ իրականացնելու համար:
Մեր նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արտահոսքի հավանական պատճառը սաբոտաժն է: Մեր ընկերությունը խստորեն քննադատում է այս գործողությունը, քանի որ արդյունքում վնաս է հասցվում շրջակա միջավայրին, համայնքին, այնտեղ ապրող բնակիչներին և ընկերությանը: նմանատիպ գործողությունները չեն շեղելու մեզ հնարավորինս լավագույն ընկերությունը դառնալու մեր որդեգրած ճանապարհից:
Ընկերությունը կձեռնարկի բոլոր միջոցառումները օրենսդրական բոլոր պահանջներն իրականացնելու և լավագույն պրակտիկան կիրառելու համար, ինչպես նաև կձեռնարկի բոլոր միջոցներն ապագայում սաբոտաժի նմանատիպ դրսևորումները կանխելու համար”:
Նշենք, որ 2012 թվականի ընթացքում սա Գեղանուշի պոչամբարի խողովակաշարի 3-րդ վթարն է:
ԷկոԼուր