Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թիվ 1 և 35 ընտրատարածքներում այսօր «լռության» օր է

Դեկտեմբեր 01,2012 17:55

Նոյեմբերի 30-ի ժամը 24-ին ավարտվել է Երևանի թիվ 1 և Շիրակի մարզի թ.35 ընտրատարածքներում դեկտեմբերի 2-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններում թեկնածուների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը: Դեկտեմբերի 1-ը «լռության» օր է:

Դեկտեմբերի 2-ին ժամը 8-ից 20-ը թ.թ. 1 և 35 ընտրատարածքներում քվեարկության համար կբացվեն թվով համապատասխանաբար 35 և 45 ընտրատեղամասեր:

Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորական մանդատի համար պայքարում են երեք թեկնածուներ` «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված կուսակցության վարչության գլխավոր քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, ՀՀԿ-ի կողմից` ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Ռոբերտ Սարգսյանը և ինքնաառաջադրված, Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ Էդուարդ Պետրոսյանը:

Թիվ 35 ընտրատարածքում պատգամավորության մանդատի հավակնորդներն են ՀՀԿ-ի կողմից առաջադրված «Սովռանո» ՍՊԸ-ի տնօրեն Արման Սահակյանը և ինքնաառաջադրված «Հայոց համազգային շարժում» կուսակցության անդամ Մուրադ Գրիգորյանը:

Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են երեք տեղական հասարակական կազմակերպություններ: «Շահեն» ՀԿ-ն հայտավորել է 129, «Իրավակիրթ հասարակություն»-ը` 10, «Հաշմանդամների «Փարոս» կրթության և մշակույթի զարգացման կենտրոն»-ը` 4 դիտորդներ:
Ըստ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի, ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները կամփոփվեն և արձանագրությամբ կվավերացվեն մինչև դեկտեմբերի 3-ի ժամը 14-ը:

Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմումները կարող են ներկայացվել դեկտեմբերի 3-ին` ժամը 12-ից մինչև 18-ը:

Քվեարկության արդյունքները ԸԸՀ-ները կամփոփեն և ընտրությունների վերաբերյալ որոշումները կընդունեն մինչև դեկտեմբերի 7-ը:

Հիշեցնենք, որ թ.թ. 1 և 35 ընտրատարածքներում լրացուցիչ ընտրությունները նշանակվել են համապատասխանաբար ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցված համարվելու հիմքով: Ռ. Հայրապետյանը ներկայացրել էր հրաժարականի դիմում` իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան պատճառով: Ս. Բալասանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել էին սեպտեմբերի 9-ին Գյումրիի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31