Երեկ երեկոյան Երեւանի պետական համալսարանում կայացավ ֆիզիկոս, ռազմական գործիչ, արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի 70-ամյակին նվիրված հուշ-երեկոն: Այն կազմակերպել էր ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը: Վերջինիս նախագահ Սաթենիկ Աբրահամյանը «Առավոտ երիտասարդականին» ասաց, որ այն մարդիկ, ովքեր համալսարանից մեկնել են ռազմի դաշտ, նշանակալի դեր են ունեցել Ղարաբաղյան պատերազմի ընթացքի մեջ: Ինչպես Սաթենիկ Աբրահամյանը նշեց, հենց նրանց շնորհիվ է, որ ապրում ենք հաղթանակած երկրում. «Բոլորս ունենք մեծ պարտք զոհված ազատամարտիկների նկատմամբ: Նման միջոցառումների միջոցով երիտասարդությանն ենք ծանոթացնում նրանց անցած փառահեղ ուղղուն: Սա գաղափարական, ազգային արժեքներին հավատարիմ մնալու եւ հայրենասիրության բաց դաս է, որովհետեւ երիտասարդները հանդիպում են կոնկրետ մարդկանց, ովքեր ազատության, անկախության համար պայքարել են եւ այս երկրին են նվիրել իրենց ամենաթանկ բանը` կյանքը»:
«Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահը Ազգալդյանին որպես համալսարանական է ճանաչել, սակայն ասում է` բացի ազատամարտիկ լինելուց, նա նաեւ հրաշալի գիտնական էր ու փառահեղ մտավորական, որպես մարդ` համեստ էր: «Նրան ճանաչողներից որեւէ մեկ չէր կարող մտածել, որ նա կարող է ազատագրական շարժում ղեկավարել: Իր կողքին ուներ համախոհներ ու կարողացավ նրանց խանդավառել ազգային արժեքներով: Ինչպես Ազգալդյանն է ասել` Սա Հայաստանն է եւ վերջ: Նա արժանի է այն հարգանքին, որը մենք մատուցում ենք իր հիշատակին»:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին մինչ այսօր հետաքրքում է, թե ինչպես կլիներ Լեոնիդ Ազգալդյանը ԵՊՀ-ի միջանցքներով քայլելիս: Կարծում է, որ ազատամարտիկը կքայլեր համեստ, բայց երիտասարդները կտեսնեին իսկակական տղամարդու. «Հերոսը չի կարող նահատակ լինել: Հերոսը` հերոս է այնքանով, որ գիտակցված կատարում է մի քայլ, որի հետագայի մասին չի մտածում: Ես համաձայն չեմ Ազգալդյանին նվիրված այն երգի բառերի հետ, որում ասվում է` նա ընկավ, խոշտանգվեց»:
Ռեկտորի համոզմամբ` խաղաղ օրերին մենք հետ ենք մնում հերոսներից եւ հերոսություններից, սակայն կարծում է, որ այսօր երիտասարդության մեջ կան այնպիսինները, ովքեր հարկ եղած դեպքում կլինեն Ազգալդյանի նման:
Լեոնիդ Ազգալդյանի զինվորը` գնդապետ Միշա Թադեւոսյանը, արցախյան հերոսի հետ ծանոթացել է 1990թ: Ինչպես գնդապետն ասաց, Ազգալդյանը հանդիպման հաջորդ օրն արդեն զենք է տվել իրեն. «Մինչ իր զոհվելը եղել ենք իրար կողք: Նա օժտված էր մարդկանց միանգամից ճանչելու տաղանդով»:
Ազգալդյանի ընկերը` Նորիկ Գալստյանը կարծում է, որ ազատամարտիկի մահը ծառայել է ժողովրդին. « Ազգալդյանի մահը պատճառ դարձավ, որ նրա զինվորները կանգնեցրին թշնամու արշավանքները: Շատ ցավալի է, որ նա ընկավ դավադիր գնդակից»:
Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, որոնք կատարեցին Նունե Եսայանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Լեյլա Սարիբեկյանը եւ այլք: Դրանց ընթացքում երիտասարդները նույնիսկ պարում էին հենց դահլիճում:
Նելլի Գասպարյանը կատարեց Կոմիտասի ստեղծագործություններից մեկը: Մեզ ասաց, որ մի քանի տարի է, ինչ համագործակցում է ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի հետ: Նա նշեց, որ ստեղծման օրից ակումբը նախաձեռնում է միջոցառումներ, որոնք ուղղված են հայրենիքին. «Լեոնիդ Ազգալդյանի մասին լսել եմ համալասարանում կազմակերպված դասախոսության ժամանակ: Այսպիսի միջոցառումները պարտադիր են մեր երիտասարդների համար, քանի որ մենք պարտական ենք ազատամարտիկներին, ովքեր իրենց կյանքի գնով պահել են այս հողը, այս հայրենիքը»:
Հնչեցին նաեւ հայ մեծանուն գրողների բանաստեղծություններ: Ելույթ ունեցավ նաեւ «Կարին» պարային համույթը, որից հետո ներկաները հոտնկայս ծափահարեցին` ի հիշատակ զոհված ազատամարտիկների:
Արամ Արարատյան