Նոյեմբերի 30-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ անդրադարձավ «Կանայք, խաղաղություն ու անվտանգություն» թեմային, որի քննարկմանը ելույթներով հադես է եկել նաև կազմակերպությունում Հայաստանի դեսպանը:
ՀՀ դեսպանը բարձր է գնահատել հասարակական կառույցների կողմից ազգային ու միջազգային մակարդակներում տարվող աշխատանքները, նշել որ կանանց նկատմամբ բռնությունների մասշտաբի, հաճախականության ու դրանց ազդեցության մասին տեղեկատվական դաշտի անբավարար լինելու պատճառով դանդաղում է համապատասխան ու արդյունավետ կանխարգելող իրավական բարեփոխումների ու գործողությունների մշակումը և իրականացումը:
Կարեն Նազարյանը մեծապես կարևորել է կանանց քաղաքական մասնակցությունը` մասնավորապես հակամարտություններից տուժած տարածաշրջաններում ու այդ համատեքստում հույս հայտնել, որ քաղաքացիական հասարակության համար մշակված Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման եվրոպական գործընկերության ծրագիրը նույնպես կարող է օգտակար լինել հակամարտության բոլոր երեք կողմերի ԶԼՄ-ների ու հասարակական կառույցների ներկայացուցիչների միջև երկխոսություն խթանելու համար:
Որպես Ֆրանկոֆոնիայի նորընտիր անդամ, Կարեն Նազարյանը նշել է նաև որ, Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման (UN Women) ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է նախագահական հայտարարություն` ընդգծելով կառավարությունների դերը խաղաղության հաստատման և հակամարտությունների կարգավորման փուլերում կանանց քաղաքական մասնակցությունն ապահովելու հարցում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ