Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը Մայր Աթոռում

Դեկտեմբեր 01,2012 15:31

 

Դեկտեմբերի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորապես տոնախմբեց Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը: Տոնի նախօրեին` նախատոնակի արարողության ժամանակ, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Ս. Տաճար էին բերվել Մայր Աթոռում պահվող Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները:

Տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը: Անդրադառնալով տոնի խորհրդին` պատարագիչ Հայր Սուրբն իր քարոզում նշեց. «Երանելի առաքյալների լուսավորչական գործունեությունը միայն պատմություն կամ ավանդություն չէ, այլ նախևառաջ հավատի և սիրո կենդանի վկայություն և քարոզ: Մինչև իրենց քարոզչությունն ու  նահատակությունը երանելի առաքյալները եղան ականատեսն ու ականջալուրը Քրիստոսի քարոզների ու հրաշքների: Իրենց կյանքով ու գործունեությամբ ապրելով Տիրոջ բերած բարի լուրի խորհուրդը` նրանք դարձան Հայ Առաքելական Եկեղեցու հիմնարար սյուները և լավագույն օրինակը քրիստոնեության զորության ու կենսունակության:

Սրբազան առաքյալներն իրենց կյանքի օրինակով ցույց տվեցին մեզ, որ Քրիստոսի մասին իրական վկայությունը չի կարող սահմանափակվել պարզապես ուսմունքի վերացական ընդունմամբ և ոչ էլ հավատի սկզբունքների ու բարոյական նորմերի մեկնաբանությամբ: Իր էության և հիմքի մեջ քրիստոնյայի վկայությունը կենդանի վկայություն է կենդանի Քրիստոսի մասին, ով անսահմանորեն սիրում է մեզ, ցանկանում է երկխոսության մեջ մտնել մեզ հետ և ուղեկցել մեզ մեր երկրային կյանքի ճանապարհին»:

Կարևորելով Հայ Եկեղեցու առաջին լուսավորիչների դերն ու բարեխոսությունը յուրաքանչյուր հայորդու կյանքում` իր խոսքի ավարտին հոգեշնորհ Հայր Սուրբը հորդորեց հավատացյալներին հավատարիմ մնալ առաքելահաստատ Հայոց Եկեղեցուն, անաղարտ պահել քրիստոնեական նկարագիրը և հավատի, սիրո ու ազնվության վեհ առաքինությունների վրա կառուցել իրենց կյանքը:

Ս. Պատարագի ավարտին արարողությանը մասնակից հավատացյալ ուխտավոր հայորդիները հնարավորություն ունեցան հաղորդակից լինելու մասունքների սրբարար զորությանն ու օրհնությանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին 
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31