Լրահոս
Օրվա լրահոսը

«Թատրոնով աստղաբաշխական գումարներ չեն աշխատում»

Դեկտեմբեր 01,2012 13:19

Համոզված է երիտասարդ բեմադրիչը, որ տրամադրված է աշխատել մարզում

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որ հիմնադրվել է 1930-ականներին, հարթ ճանապարհ չի անցել։ Մշակութային այս օջախը 1954-78թթ. լուծարվել է, հետո անվանի դերասան, բեմադրիչ Երվանդ Մանարյանի ջանքերով՝ վերականգնվել։ Միառժամանակ հետո թատրոնում գլխավոր ռեժիսորի պաշտոնը պարոն Մանարյանից «փոխանցվել» է Արմեն Բայաթյանին, որից հետո էլ այն ղեկավարել են եւս մի քանի արվեստագետներ։ Վերջին գլխավոր ռեժիսորը Սիրանուշ Ղուկասյանն էր, ով պաշտոնավարեց 2006-2010թթ.։ Երկու տարի թատրոնը աշխատում էր առանց գլխավոր ռեժիսորի, ինչը մի կերպ գլուխ էր բերում 2005 թվականից տնօրեն Համլետ Հարությունյանը։ Գորիսեցիները երեւանցի հանդիսատեսին վերջին անգամ ներկայացել են 2011թ.՝ Վիգեն Ստեփանյանի «Տերն ու ծառան» բեմադրությամբ։

Ըստ «Առավոտին» հասած լուրերի, 2013թ. հունվարից թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնը կստանձնի 26-ամյա բեմադրիչ Գոռ Մարգարյանը։ Նա 2008թ. ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Մայիս Ռաֆայելյանի արվեստանոցը եւ նույն տարին «Փոսի» թատրոնում իրականացրել Շեյլա Դիլենի «Մեղրի համը», որից հետո էլ զորակոչվել է բանակ։ «Առավոտի» հետ զրույցում Գոռ Մարգարյանն ասաց, որ բանակային ծառայությունը զուգահեռել է բեմադրական աշխատանքներով։ «Այդ տարիներին թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղում բեմադրել եմ Սարոյանի «Պինգ-պոնգ խաղացողները» եւ «Սովյալները»։ Զորացրվելուց հետո երիտասարդ բեմադրիչը բազմիցս ներկայացել է թատերասեր հասարակայնությանը։ Հայաստանի թատերական գործիչների միությունում իրականացրել է Մարսել Միտուայի «Նվագակցողը» դրամայի հիման վրա «Լյուսիեն Լյուկ» բեմադրությունը, որը մասնակցել է «Արմմոնո» ու երիտասարդ բեմադրիչների փառատոներին, գլխավոր դերակատար Նարեկ Ներսիսյանն էլ 2010թ. արժանացել է «Տարվա լավագույն երիտասարդ դերասան» մրցանակին։

2011թ. Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմադրած Լուցիա Արմոնայտեի «ԽՏՑՌՍ Ռ տՑՌփՍՈ» երկի հիման վրա «ձ Վպվÿ տՐՏտՈս չՏսՏր» բեմադրությունը ներկայացվել է նաեւ Լիտվայում եւ ստացել 2013թ. Գերմանիայում խաղալու հրավեր։

Հարցին՝ ինչպե՞ս եղավ Գորիսի թատրոնում ստեղծագործելու առաջարկը կամ հրավերը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բանակից զորացրվելուց հետո էլ տեղի ինստիտուտում ու թատրոնում իրականացրել եմ Քրիստո Վոիչեւի «Գնդապետ թռչունը», անցյալ տարի էլ՝ Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսները։ Իսկ Գորիսում աշխատելու առաջարկը ստացա տեղի թատրոնի տնօրենի եւ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի կողմից։ Ի դեպ, ե՛ւ Ղազանչյանը, ե՛ւ մշակույթի նախարարը ինձ շատ են ոգեւորել…»։ Ռեպլիկին՝ դժվար չէ՞ մայրաքաղաքային թատերական կյանքից հեռանալը, բեմադրիչը ասաց. «Իհարկե, դժվար է։ Գիտակցում եմ, որ այս տարիքում հրաժարվելու եմ ամեն ինչից։ Մտքովս անգամ չէր անցնի, որ կաշխատեմ մարզում, բայց համոզված եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել»։

Նա հավելեց նաեւ, որ մինչ օրս բեմադրություններ նախաձեռնելիս երբեք շահույթ չի հետապնդել, ավելին՝ գտնում է, որ Հայաստանում թատրոնով աստղաբաշխական գումարներ չեն աշխատում։

Հետաքրքրությանը, թե ինչպե՞ս ընտանիքն ընդունեց իր որոշումը, Գոռ Մարգարյանը հայտնեց. «Դեռեւս դպրոցական տարիքից ընտանիքիս «վարժեցրել» եմ, որ պետք է հարգեն որոշումս…»։

Մինչ պաշտոն զբաղեցնելը՝ «կիսատ» աշխատանք թողե՞լ է Երեւանում հարցին բեմադրիչը պատասխանեց. «Դեկտեմբերի վերջին Կամերային թատրոնի հանդիսատեսը իմ ռեժիսուրայով կարող է դիտել Սեդա Ստեփանյանի «Ստրիպտիզ», իսկ Պատանի հանդիսատեսի թատրոնում 2013-ին «Մեղրի համը» ներկայացումները»։ Կես կատակ-կես լուրջ հարցին էլ, թե՝ գնում է Գորիս քանի՞ տարի աշխատելու պայմանով, մեր զրուցակիցը լուրջ պատասխանեց. «Գնում եմ Գորիս՝ տրամադրված աշխատելու»։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31