1988 թվականի երկրաշարժից հետո, մեր ընտանիքների բնակարանային, սոցիալական կարիքները հոգալու նպատակով, մենք սեփական նախաձեռնությամբ սկսել ենք մշակել Երեւանի Դավիթ-Բեկի փողոցին հարող տարածքի հողերը, մաքրել ենք դրանք աղբակույտերից, մեր միջոցներով բարեկարգել ենք եւ դրա վրա կառուցել ենք բնակելի տներ, որտեղ ապրում ենք առ այսօր: Հողամասերի մշակումն իրականացրել ենք այն համոզմունքով, որ դրանք պետական հողեր են եւ հետագայում կդիմենք ու համապատասխան պետական մարմնից օրենքով սահմանված կարգով պետական մուծումները կատարելուց հետո կստանանք հողերի եւ դրանց վրա կառուցվող ինքնակամ կառույցների սեփականության վկայականներ: Մեզ ոչ մի պետական մարմին չի արգելել մշակել նշված տարածքը, եւ չենք էլ իմացել, որ տարածքը տեր ունի, քանի որ երբեւէ մեզ չեն անհանգստացրել, չեն արգելել շինարարություն կատարել կամ ինչ- որ ձեւով չեն տեղեկացրել, որ տարածքը սեփականատեր ունի: Հետագայում, երբ 2005 թվականին ընդունվեց «Ինքնակամ կառույցների սեփականաշնորհման մասին» օրենքը, մենք դիմել ենք Երեւանի քաղաքապետարան՝ յուրաքանչյուրս մեր զբաղեցրած հողամասի եւ դրա վրա գտնվող կառույցի սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով, սակայն մերժում ենք ստացել այն պատճառաբանությամբ, որ այդ հողերը պատկանում են «Երեւան- Անտառտնտեսություն» ԴՓԲԸ-ին:
Կատարելով համապատասխան հետեւություն, որ 2005 թվականի դրությամբ այդ հողերը պատկանում են «Երեւան-Անտառտնտեսությանը», դիմել ենք Նոր Նորք համայնքի ղեկավարությանը, որպեսզի հնարավորության դեպքում օրինականացնենք մեր կառույցները: 2009 թվականին ՀՀ նախագահին ուղղված նամակի պատասխանն ստանալուց հետո, Նոր Նորք համայնքի ղեկավարի կողմից բանավոր ցուցում է տրվել մեզ՝ արագորեն ավարտել մեր տան շինարարությունը, որպեսզի կարգավորվեն նաեւ տան սեփականաշնորհման հարցերը: Մինչեւ 2011 թվականի օգոստոս ամիսը չենք իմացել, որ մեր կողմից շուրջ 23 տարի տիրապետվող հողերը սեփականության իրավունքով պատկանում են «Ագրոհոլդինգ» ՍՊ ընկերությանը: Այդ մասին մեզ հայտնի է դարձել միայն 2011 թվականի օգոստոսին, երբ հայտնվեց «Ագրոհոլդինգ» ՍՊ ընկերության ներկայացուցիչը եւ հայտարարեց, որ մենք տներ ենք կառուցել իրենց հողերի վրա, ուստի պետք է հեռանանք մեր տներից:
Այդ քննարկումների ընթացքում պարզվեց հետեւյալը.
2003 թվականի մայիսի 8-ին ՀՀ կառավարությունը ընդունել է թիվ 629 որոշում այն մասին, որ փոխվում է Երեւանի Դավիթ-Բեկի փողոցին հարող տարածքի հողերի նպատակային նշանակությունը, դարձնելով դրանք արդյունաբերական նշանակության հողեր եւ թույլ է տալիս Երեւանի քաղաքապետին՝ առանց մրցույթի վարձակալության պայմանագիր կնքել «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ի հետ, որպեսզի վերջինս տվյալ տարածքի վրա կառուցի քարի մշակման գործարան:
Չանդրադառնալով ՀՀ կառավարության նշված որոշման ընդունման օրինականության հարցերին՝ նշենք միայն, որ «Ագրոհոլդինգ» ՍՊ ընկերությանը Նոր Նորք համայնքի կենտրոնում, Նոր Նորքի 7-րդ բնակելի զանգվածից ընդամենը 100 մետրի վրա թույլատրվել է կառուցել քարի մշակման գործարան, որի գործարկումը աղետալի հետեւանքներ կունենար համայնքի ազգաբնակչության առողջության եւ շրջակա միջավայրի վրա: Ինչեւէ, նշված տարածքի վերաբերյալ վարձակալության պայմանագիր է կնքվել «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ի եւ Երեւանի քաղաքապետի միջեւ, ընդ որում՝ պայմանագրով սահմանվել է, որ վարձակալության պայմանագիրը Երեւանի քաղաքապետի կողմից կարող է վաղաժամկետ լուծվել, եթե վարձակալը չկատարի պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Առ այսօր «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ի կողմից վարձակալության պայմանագրի որեւէ կետ չի կատարվել: 2006թ. վարձակալության իրավունքով տրամադրված հողամասի նկատմամբ ճանաչվել է «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը, ընդ որում, սեփականության իրավունքի գրանցման վկայականում առկա է գրառում՝ «Հողի կադաստրային արժեքը վճարված չէ»:
Այսինքն՝ «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ն փաստաթղթերով հանդիսանում է մի տարածքի սեփականատեր, որի համար պետական բյուջեին չի վճարել հողամասի կադաստրային արժեքը: Ավելացնում ենք, որ առ այսօր մոտ 4200 քմ հողատարածքը չի օգտագործվում իր նպատակային նշանակությամբ: Դավիթ-Բեկի 201 հասցեի հողամասի կադաստրային արժեքը կազմում է 194.495.808 (մոտ՝ հարյուր իննսուն չորս միլիոն չորս հարյուր իննսունվեց հազար) ՀՀ դրամ (տարածագնահատման 7-րդ գոտում գտնվող 1քմ հողի կադաստրային արժեքն է 4.524 ՀՀ դրամ), ուստի կազմակերպությունը պետական բյուջեին պարտք է 194.495.808 ՀՀ դրամ եւ դրանով հանդերձ՝ սեփականատեր է: Ստացված իրավիճակում ամենազավեշտալի վիճակում հայտնվել ենք մենք՝ այն քաղաքացիներս, ովքեր իբրեւ թե «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ին պատկանող, բայց իրականում չպատկանող հողատարածքի վրա ունենք անշարժ գույք եւ հողամասեր, որոնք տիրապետում ենք ավելի քան 20 տարի: Մենք գտնվում ենք անելանելի վիճակում, կանգնած ենք մեր բնակության միակ վայրը հանդիսացող տները կորցնելու վտանգի առջեւ, քանի որ ներկայումս «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մեզ մեր կառուցած տներից վտարելու պահանջով:
ՆԱՐԻՆԵ ՎԱԶԳԵՆԻ ԵՍԱՅԱՆ,
ՍԻՐՎԱՐԴ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԶԱՐԳԱՐՅԱՆ,
ԱՐՄԱՆ ԱԼԲԵՐՏԻ ՆԱԶԱՐՅԱՆ,
ՀԱՅԿ ՍՈՒՐԵՆԻ ՉՈԲԱՆՅԱՆ,
ԳԱՌՆԻԿ ՍՏԵՓԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Երեւան քաղաքի Դավիթ-Բեկի 201 հասցեին հարակից տարածքի բնակիչներ
«Առավոտ» օրաթերթ