– Ալո բարեւ ձեզ, երեխայիս ուզում եմ տեղափոխել ձեր դպրոց:
– Է, տեղափոխե՛ք
– Բայց բանն այն է, որ նա ունի ՄԻԱՎ վարակ:
Կարդացեք նաև
– Ի՞նչ:
– ՄԻԱՎ վարակ:
– Դա ի՞նչ է:
– Դե, ՁԻԱՀ, էլի:
– Այ քույրիկ ջան, պարզ ասեք՝ բան հասկանամ:
– Դե, «Սպիդ», էլի:
– Հա՜: Այդպիսի երեխաներին ընդունում ենք միայն հատուկ թույլտվություններից հետո, ախր, ե՞ս պետք է ձեզ ասեմ, դուք ինձանից լավ գիտեք:
– Բայց բանն այն է, որ վարակը օդակաթիլային ճանապարհով, կենցաղային շփումներով չի փոխանցվում, այնպես որ՝ իմ երեխայից ոչ մի վտանգ չկա մյուս երեխաներին:
– Քույրիկ ջան, ես հիմա զբաղված եմ, մի ուրիշ անգամ կխոսենք:
Սա մի հատված էր Կենտրոն համայնքում գործող դպրոցներից մեկի տնօրենի հետ հեռախոսազրույցից: Տնօրենը լսափողը դրեց խոսքս չավարտած՝ չցանկանալով լսել ՄԻԱՎ վարակ ունեցող երեխայի մոր բացատրությունները, թե՝ բժիշկները վստահեցնում են, որ ՄԻԱՎ-ը փոխանցվում է միայն սեռական ճանապարհով եւ թմրամիջոցների ներերակային օգտագործման միջոցով, ինչը, համենայնդեպս, տարրական դպրոցի աշակերտներին հաստատ չէր սպառնում:
Նույնպիսի «ցրողական» պատասխաններ ստացանք նաեւ Շենգավիթի, Աջափնյակի, Արաբկիրի եւ այլ համայնքների մի շարք դպրոցների տնօրեններից:
Զանգահարելով մայրաքաղաքի տասնյակ դպրոցներ, մանկապարտեզներ, նախադպրոցական քոլեջներ՝ ներկայացանք որպես ՄԻԱՎ վարակ ունեցող երեխայի մայր՝ ասելով, որ երեխային ուզում ենք հենց այդ մանկապարտեզը կամ դպրոցն ընդունել: Ատամնաբուժարանների բժիշկներին էլ երբ խնդրում էինք հերթագրել «ատամները պլոմբելու» համար՝ անկեղծորեն հայտնում էինք ՄԻԱՎ-ի առկայության մասին: Լսափողի մյուս կողմում կանգնած մարդու մոտ միայն խղճահարություն առաջացնելով՝ թե՛ կրթօջախների տնօրենները եւ թե՛ ատամնաբույժները պարզապես հրաժարվում էին ՄԻԱՎ ունեցող մարդու հետ գործ ունենալ եւ տարբեր պատճառաբանություններով՝ «ցրում»: Շենգավիթի մանկապարտեզներից մեկի տնօրենը՝ պատճառաբանելով, որ գերբեռնվածության հետեւանքով «քաղաքապետարանից ներքին հրաման ունեն երեխաների ընդունելություն չանել», «հոգուն մեղք» չանելու համար՝ մատնացույց արեց իրենցից փոքր-ինչ այն կողմ գտնվող մանկապարտեզի հասցեն՝ տրամադրելով նույնիսկ հեռախոսահամարը եւ խորհուրդ տալով՝ «հլը մի հատ իրանց դիմեք, կարող է տեղ ունենան»:
Աջափնյակի նախակրթարաններից մեկի ղեկավարն էլ ասաց, որ չի կարող «ինքնագլուխ» որոշում կայացնել, եւ անպայման պետք է խորհրդակցի քաղաքապետարանի վերադասների հետ՝ ՄԻԱՎ-ով երեխա կարո՞ղ են վերցնել, թե՞ ոչ: Դպրոցների տնօրեններից ոմանք նույնպես կամուկացի մեջ էին եւ հորդորում էին մի քանի օրից զանգել, որպեսզի բժիշկների կամ համապատասխան կառույցների հետ խորհրդակցեն, թե այդ երեխան «չի՞ վարակի արդյոք շրջապատին»:
Մեզ պարզապես ապշեցրեց այդ հիմնարկների պատասխանատուների տարրական գիտելիքների բացակայությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին: Մինչդեռ նրանք այն առաջնային օղակներն են, որոնք պետք է իրազեկ լինեն եւ իրենց վերաբերմունքով չնպաստեն ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հասարակության մեջ առկա խարանի եւ խտրականության խորացմանը: Առողջապահության նախարարության տվյալներով՝ պետբյուջեից տարեկան 110-115 միլիոն դրամ է ծախսվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ բուժման համար, սակայն այս մի քանի պարզ օրինակներով կարելի է պատկերացում կազմել, թե մեր երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, իրազեկման ու խտրականության վերացման գործում դեռեւս որքան շատ անելիք ունենք:
Ամենացնցողը ատամնաբույժների մերժողական պատասխաններն էին: Երբ մայրաքաղաքի հայտնի ստոմատոլոգիական կենտրոններից մեկի բժշկին խնդրեցինք բացատրել, թե ինչո՞ւ են հրաժարվում ծառայություն մատուցելուց, փորձեց իր մերժումը «գիտականորեն» հիմնավորել. «Մենք այդ գործիքները չունենք, որ այդ վիրուսն ունեցող մարդկանց սպասարկենք: Դրանց համար հատուկ գործիքներ են պետք, որ ախտահանենք: Վիրուսը շա՜տ բարձր ջերմաստիճանում է ոչնչանում, իսկ սովորական ատամնաբուժարանը չունի այդպիսի տեխնիկա»:
«ՄԻԱՎ-ի վիրուսը կայուն վիրուս չէ եւ 56 աստիճանում 36 րոպեում ոչնչանում է՝ եռացնելուց անմիջապես հետո: Այդ վիրուսի ախտահանումը շատ հեշտ է, եւ դրա համար բարդ պայմաններ չեն պահանջվում: Ատամնաբուժարաններում պրակտիկորեն այն վտանգ չի ներկայացնում, եթե բժիշկները հետեւեն ախտահանման տարրական կանոններին: Արտաքին միջավայրում ՄԻԱՎ-ի վիրուսը ոչնչանում է, եթե արյուն չկա, կամ արյունն արդեն չորացել է: Նույն հեպատիտ Ց-ի վիրուսը տասնյակ անգամ ավելի կայուն է, եւ այն ոչնչանում է մի քանի անգամ ավելի բարձր ջերմաստիճանում»,- պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե ինչպիսի՞ պայմաններ են անհրաժեշտ ՄԻԱՎ-ի վիրուսից բժշկական գործիքները ախտահանելու համար, ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի վարիչ Արշակ Պապոյանը:
ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի համակարգող Հովհաննես Մադոյանը մեզ հետ զրույցում նույնպես փաստեց, որ խտրականության ամենահաճախ դեպքերը հանդիպում են հենց առողջապահության ոլորտում. «Բժիշկները՝ տեղեկանալով, որ մարդը ՄԻԱՎ վարակ ունի, հրաժարվում են ծառայություն մատուցել՝ հիմնավորելով, թե չունեն այս կամ այն հետազոտությունը: Օրինակ՝ Ուռուցքաբանության ազգային ինստիտուտում արդեն ՁԻԱՀ-ի փուլում գտնվող մի հիվանդից աճուկային ավշահանգույցների բիոպսիա չէին վերցրել՝ ասելով, որ այդ մասնագետը չունեն: Երբ տեղամասային պոլիկլինիկան կամ մարզային հիվանդանոցն է նման պատճառաբանություն անում, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց եթե հանրապետության թիվ մեկ մասնագիտացված կենտրոնն է նման պատասխան տալիս, պարզ է, որ պատճառը խարանն է ու խտրականությունը: Ճիշտ է, մենք դիմում ենք նախարարություն, այդ մարդկանց իրավունքները պաշտպանում ենք, եւ ի վերջո այդ մարդը ստանում է իր հասանելիք բուժծառայությունը, բայց ընդհանուր իրավիճակը չի փոխվում»:
Պարոն Մադոյանը վստահեցրեց, որ շատ հաճախ հենց գերատեսչության ղեկավարներն են իրենց պահվածքով նպաստում խարանի ու խտրականության խորացմանը. «Վերջերս դատապարտյալներից ոմանք իրենց բերանները կարել էին եւ ինչ-որ բաներ էին պահանջում: Արդարադատության նախարարն իր ելույթի ժամանակ ասաց, որ նրանց պահանջը չենք բավարարելու, որովհետեւ պահանջներից մեկը թմրամիջոցն է: Դա նախարարին վայել արտահայտություն չէ: Թմրամոլությունը հիվանդություն է, եւ առողջապահության նախարարությունն այն ճանաչում է որպես հիվանդություն եւ դա բուժում է: Հիվանդ մարդը կարիք ունի այդ նյութի, ինչպես որ դիաբետիկը կարիք ունի ինսուլինի, որովհետեւ իր օրգանիզմը բավարար ինսուլին չի արտադրում: Թմրամոլ օգտագործողի օրգանիզմն էլ բավարար էնդոֆին չի արտադրում, նրան դրսից պետք է տալ, այդ մարդն իր դեղն է պահանջում, ի՞նչ է, նրան պետք է խարանե՞լ»:
Նկատենք, որ ՄԻԱՎ-ի մասին վերջերս բարեփոխված մեր երկրի օրենքը հստակ սահմանում է ՄԻԱՎ վարակ ունեցող անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության երաշխիքները. ՄԻԱՎ-ով վարակված լինելու փաստը չի կարող հիմք հանդիսանալ, որպեսզի ՄԻԱՎ ունեցող անձի իրավունքներն ու ազատությունները սահմանափակվեն: ՄԻԱՎ-ով ապրող մարդն իրավունք ունի հաճախել մանկապարտեզ, դպրոց, սովորել իր նախընտրած ուսումնական հաստատությունում, աշխատել, ստանալ ոչ խտրական վերաբերմունք, պատշաճ բուժծառայություն եւ այլն: Եվ, որ ամենագլխավորն է, ՄԻԱՎ ունեցող մարդը պարտավոր չէ վերոնշյալ հաստատությունների պատասխանատուներին հայտնել իր՝ վարակ ունենալու մասին՝ բացառությամբ օրենքում նշված որոշ կետերի:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ. Գ. Միտումնավոր չենք հրապարակում դպրոցների, մանկապարտեզների եւ ատամնաբուժարանների անունները՝ չցանկանալով նպաստել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ առկա խարանին ու խտրականությանը: Չի բացառվում, որ իր երեխային դպրոց կամ մանկապարտեզ տանել ցանկացող ծնողը կամ ատամնաբույժի կարիք ունեցող մարդը նախապատվությունը տա հենց այն կրթօջախին կամ բուժհիմնարկին, որը խուսափում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանցից:
«Առավոտ» օրաթերթ