Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ամեն դեպքում հիմնական գործոնը լինելու է Ծառուկյանը»

Դեկտեմբեր 01,2012 13:09

Բանաստեղծուհի, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը կարծում է, որ ՀԱԿ-ի ընտրազանգվածն այսօր շատ փոքր է եւ ի վիճակի չէ որեւէ բան փոխել: Իսկ առաջիկա ընտրությունների ելքը վճռվելու է առանց հասարակության մասնակցության՝ քաղաքական «բազարների» արդյունքում: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ Մարինե Պետրոսյանի հետ «Առավոտի» «Դեմ առ դեմ» զրույցից:

– Մարինե, Դուք կանխատեսել եք, որ առաջիկա հինգ տարիներին Հայաստանում կլինի քաղաքական լճացում: Ինչո՞ւ եք այդպես կարծում:

– Իմ կարծիքով՝ շատ մեծ վտանգ է գալիս, վտանգ, որի մասին ես, լինելով ընդդիմադիր, երբեք չէի մտածել. Գագիկ Ծառուկյանին մտցրեցին քաղաքականության մեջ: Ընդ որում, չէի ասի, թե ինքն էր շատ ուզում, բայց մտցրեցին:

– Ովքե՞ր:

– Սկզբում ՀԱԿ-ը չէր, գիտենք, այդ կուսակցությունը Քոչարյանն է ստեղծել եւ այլն: Ես չեմ ուզում վերադառնալ ակունքներին: Բայց հիմա արդեն ՀԱԿ-ն է ամեն գնով փորձում ոչ միայն Ծառուկյանին, այլեւ նրա ընտրազանգվածին, շքախմբին, նրա շուրջ հավաքված մարդկանց քաղաքական դաշտ բերել եւ ստիպել, որ խոսեն: Ու դա ինձ համար ամենավտանգավոր բանն է: Որովհետեւ երբ ես նայում եմ այդ մարդկանց, որոնք Ծառուկյանին կարող են ասել «թագավոր», որոնք նրա բարեգործությունների առջեւ խոնարհվում են… Օրինակ՝ նախօրեին Գուժ Մանուկյանը չգիտեմ ինչ էր ստացել՝ ինչ-որ գումար էր, թե ինչ՝ շատ հուզված ասում էր, որ կյանքի ամենակարեւոր բանն այն է, երբ դու ստանում ես ավելին, քան ակնկալում էիր։ Դա ինձ համար ահավոր մի տեսարան էր: Այդ խավը միշտ էլ եղել է եւ երկրում ունեցել է իր որոշակի դերակատարությունը: Բայց երբ դու այդ խավը բերում ես առաջ եւ դարձնում ես որոշիչ, դա շատ վտանգավոր է: Հնարավոր երկու տարբերակից որն էլ լինի՝ Ծառուկյանը պաշտպանի Տեր-Պետրոսյանին, թե Տեր-Պետրոսյանը՝ Ծառուկյանին, մեկ է՝ Ծառուկյանն է լինելու հիմնական գործոն: Եվ իր հետ առաջ է մղվելու այդ խավը: Եվ Հայաստանը գլորվելու է մի էն տեսակ ճահճի մեջ, որը մենք էսօր չենք էլ պատկերացնում դեռ։

– Ինչո՞ւ եք կարծում, որ Տեր-Պետրոսյանին պաշտպանելու դեպքում էլ է Ծառուկյանը մնալու հիմնական գործոն:

– Որովհետեւ այսօր ՀԱԿ-ը չունի ընտրազանգված: ՀԱԿ-ի շուրջը մնացել է այն շատ փոքրիկ շերտը, որը բոլոր հանգամանքներում միշտ Լեւոնին է պաշտպանելու: Դա ռեալ շերտ չի եւ չի կարող Հայաստանում ինչ-որ բան փոխել: Եթե Ծառուկյանը պաշտպանեց Լեւոնին, ապա Ծառուկյանի ընտրազանգվածը, կապիտալը, նաեւ Մոսկվայում նրա թիկունքին կանգնածներն են դառնալու որոշիչը: Եվ այդ դեպքում այս համակարգը, որի դեմ ՀԱԿ-ը կարծես թե պայքարում էր, հավերժացվելու է, որովհետեւ այդ համակարգը լեգիտիմացվելու է փաստորեն: Երբ որ մարդիկ մտածում են, թե Ծառուկյանի միջոցով կարող են Սերժին գցել, ես իրենց ուզում եմ հարցնել՝ հո մենք Սերժի անձի դեմ չէինք պայքարում: Ի վերջո, մեր խնդիրը հո Սերժ Սարգսյանի անձը չի, համակարգն է, չէ՞: Իսկ Ծառուկյանը նույն համակարգն է, բայց շատ ավելի լեգիտիմացված, որովհետեւ իսկապես ընտրազանգված ունի:

– Մարինե, բայց ԲՀԿ-ում կան բավականին լուրջ քաղաքական գործիչներ, որոնք, ի դեպ, ներկայումս նաեւ գաղափարական պլատֆորմ են առաջադրում ոչ իշխանական դաշտի քաղաքական ուժերի հետ միավորվելու համար:

– Այո, վերջերս ես էլ եմ նկատել, որ այնտեղ նոր դեմքեր են հայտնվել, երեւում է, որ կուսակցության դեմքը, իմիջը փոխելու քաղաքականություն է գնում: Բայց էական ոչ մի բան փոխել էդ կուսակցությունում հնարավոր չի: Շատ-շատ կարող են արտաքին մի քիչ փայլ տալ, բայց հիմքը չի փոխվում՝ նույնն է մնում: Դա ընդամենը բլեֆ է, նրա համար է, որ մարդիկ հանգստանան: Եվ իսկապես՝ դա աշխատում է, շատերը ուղղակի չեն ուզում իրականությունը տեսնել: Օրինակ՝ Արման Գրիգորյանի հարցազրույցը կարդացի, որտեղ նա ասում է՝ Ծառուկյանը Լիսկա չէ, տարբեր է։ Սա նշանակում է, որ դու քո հոգու հանգստության համար սկսում ես ինքդ քեզ խաբել: Եվ ԲՀԿ-ի այդ արտաքին իմիջի փոփոխությունը քեզ օգնում է:

– Ստեփան Դանիելյանը վերջերս տեսակետ է հայտնել, որ «Հայաստանում ընդդիմության բիզնեսը հենց դրանում է կայանում. բարձրացնել ժողովրդական ալիք եւ այդ ժողովրդական ալիքը վաճառել իշխանությանը»: Ըստ Ձեզ՝ հերթական նման գործընթացի՞ն ենք ականատես լինում:

– Նման մի բան կար, բայց դա հիմա չէր: Ինձ համար շատ տխուր է սա խոստովանելը, որովհետեւ ես էլ եմ մասնակից եղել, բայց 2008-ին մի աննկարագրելի խաբկանք տեղի ունեցավ: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ, թվում էր, թե կատարվում է հասարակության ակտիվացում: Ինձ համար դա ամենակարեւոր բանն էր, ես նախ եւ առաջ դրա համար եմ Լեւոնի թեկնածությունը պաշտպանել, որովհետեւ, ըստ իս, Հայաստանի ամենամեծ ռեսուրսը ակտիվ հասարակությունն է: Բայց ինչ ստացվեց: Ստացվեց, որ հասարակության ակտիվությունը պետք էր ընդամենը դրսից օգնություն ստանալու համար: Երբ անցածը վերլուծում ես, ակնհայտ է դառնում, որ Տեր-Պետրոսյանը սպասում էր դրսի աջակցությանը: Ընդ որում՝ բոլոր կողմերից. սկզբում՝ կարծես թե ԱՄՆ-ից, հետո՝ Ռուսաստանից: Իսկ երբ որ դրսի աջակցությունը չստացվեց, Տեր-Պետրոսյանը փաստորեն անիմաստ գտավ շարունակել պայքարը եւ շատ դանդաղ, բայց շատ հետեւողական ցրեց շարժումը: Երբ անցածը վերլուծում ես, սա հստակ երեւում է, բայց սա նաեւ «Վիկիլիքսում» հստակ կա. Լեւոնը ամերիկյան դեսպանին հենց այդպես էլ բացատրում է. ես սա ասում եմ, որպեսզի ժողովուրդը տուն գնա: Բայց եթե Տեր-Պետրոսյանն այսպիսի մոտեցում չունենար եւ ամբողջ խաղադրույքը դներ ժողովրդի վրա, նա կհաղթեր, որովհետեւ այդ ժողովուրդը մինչեւ վերջ կանգնող էր:

– Այսօր ծավալվող քաղաքական գործընթացներից ժողովուրդը կարծես օտարված է: Ձեր գնահատմամբ՝ մինչեւ ընտրությունները ժողովրդին կրկին ակտիվացնել հնարավո՞ր է:

– Միշտ էլ հրաշքների հավատում ես, բայց պետք է ռեալիստ լինենք: Այս ընտրություններին հնարավոր չէ, որ հասարակությունը մասնակցի եւ հաղթի: Ցավոք, այս ընտրությունների ելքը վճռվելու է քաղաքական բազարների արդյունքում: Այսօր Հայաստանի ամբողջ քաղաքական համակարգը հենվում է կամ այդ բազարների վրա, կամ միստիֆիկացիայի: Ի վերջո, 2008-ը, եթե ճիշտը խոսենք, շատ հրապուրիչ, շատ սիրուն, բայց թատրոն էր: Ես մասնակցել եմ էդ ամենին, թվում էր, թե դու մասնակցում ես, բայց իրականում դու չէիր մասնակցում: Ես կարծում եմ՝ եթե մենք ուզում ենք այս փակուղուց դուրս գալ, մենք պետք է սկսենք լրիվ ուրիշ տեսակ քաղաքական շարժում, որը գուցե կլինի ոչ այդքան մասսայական, ոչ այդքան սիրուն, ոչ այդքան թատերական, բայց փոխարենը՝ կլինի ավելի ռացիոնալ։

Զրույցը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Մարինե Պետրոսյանի հետ «Առավոտի» «Դեմ առ դեմ» զրույցն ամբողջությամբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31