«Ես «Բաղրամյան 26»-ում վաղուց չեմ եղել: Բազմաթիվ տարիներ: Անգամ եթե դա տեղի ունեցած լիներ, դրանում որեւէ ամոթ չկա: Բայց ոչ մի կապ չեմ ունեցել Հայաստանի ոչ մի նախագահի հետ, բացի այն դեպքերից՝ պատահական, թե տոնական, որտեղ ես տեսել եմ իմ համաքաղաքացի՝ նախկին կամ ներկա նախագահներին, եւ փոխանակ թիկունք դարձնելու եւ արհեստականորեն հեռանալու, ես մոտեցել եմ եւ բարեւել եմ: Բարեւը հասնում է բոլորին, եւ այդ բարեւից բացի՝ չի եղել որեւէ քաղաքական հանդիպում, շփում, պայմանավորվածություն որեւէ մի նախագահի հետ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով դիտարկմանը՝ երբ Դուք հայտարարեցիք նախագահական ընտրություններում առաջադրման մասին, որոշ լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ այդ որոշումը կայացվել է «Բաղրամյան 26»-ում հանդիպում ունենալուց հետո: Նկատեցինք, որ ընդհանրապես «Ժառանգությանն» այս տարիների ընթացքում հաճախ են մեղադրել Սերժ Սարգսյանի հետ համագործակցության մեջ, ինչին պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Իմ եւ «Ժառանգության» անկախությունն ու ինքնիշխանությունն են բերում նրան, որ ամենատարբեր դաշտային անկյուններից՝ իշխանական եւ ընդդիմադիր, մարդիկ որոշում են, որ պետք է թիրախավորված, ինչ-որ մի թթու բան, մի չարաճճի բան ասեն մեր հասցեին: Դա յուրաքանչյուրի իրավունքն է: Մեկ-մեկ մենք արժանի ենք այդ քննադատությանը»: Նա կարծում է, որ մեր քաղաքական դաշտի որոշ դերակատարների համար անհասկանալի է այն իրականությունը, որ կա մի մարդ, մի ուժ, որը Հայաստանում բիզնես չունի, ոչ մի քաղաքական պարտականություն չունի որեւէ մեկի նկատմամբ: «Այդ ինքնիշխանությունը, որը պետք է դառնա ՀՀ-ինը, արդեն գոյություն ունի մի քաղաքացու եւ մի ուժի մոտ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Առավոտ» օրաթերթ
Կարդացեք նաև