Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը լարվածության մեջ չէ

Դեկտեմբեր 01,2012 12:54

Քաղաքական կոնսուլտացիաների հրապարակային չլինելը «Ժառանգության» առաջնորդին մտահոգությունների տեղիք է տալիս

– ԱԺ-ում «Մարտի 1»-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ խորհրդարանական խմբակցության նախաձեռնությունը բավականին շահարկվեց: Իշխանական գործիչները դա որակեցին «քաղաքական նպատակ» հետապնդող քայլ: Հետաքրքիր է, որ համանման գնահատականներ հնչեցին նաեւ նախկինում ՀԱԿ-ի համակիրների կամ անդամների կողմից: Դուք ինչպե՞ս եք գնահատում նոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը:

– Ես կողմնակից եմ նոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը: Միաժամանակ, գիտակցում եմ, որ «Մարտի 1»-ի, ինչպես նաեւ «Հոկտեմբերի 27»-ի ամբողջ ճշմարտությունը ի հայտ չի գա, ժողովրդի սեփականությունը չի դառնա, քանի դեռ մենք չունենք «դե յուրե» իշխանություն եւ պետություն: «Մարտի 1»-ի կապակցությամբ ես բազմաթիվ անգամներ ասել եմ՝ հանձնաժողով լինի, թե նախաքննության մարմին, անհրաժեշտ է, որ Հայաստանի երեք նախագահները, ովքեր դերակատար են եղել, իրենց ամբողջական եւ հրապարակային վկայությունները տան:

– Հետեւաբար եւս մեկ հանձնաժողովի գոյությունն ի՞նչ է տալու:

– Ես չգիտեմ՝ ի՞նչ կտա, բայց կարծում եմ, որ եթե ինքը հանձնառու է ճշմարտությունը վեր հանելու, կարող է քայլ կատարել այդ ուղղությամբ: Բայց, իհարկե, այդ հանձնաժողովը չի կարող իր գործունեությամբ բերել «դե յուրե» նոր իշխանություն եւ «դե յուրե» Հայաստանի Հանրապետություն: Դա պետք է լինի հայ ժողովրդի կամքով, այլ գործընթացների բերմամբ:

– Շատ գնահատականներ են հնչել, որ ԲՀԿ-ի հետ համագործակցության ֆոնին ՀԱԿ-ում «Մարտի 1»-ից «ետ քաշվելու» միտում է նկատվում. ՀԱԿ-ական գործիչները առավել մեղմ քննադատություններ են հնչեցնում Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի հասցեին, նրանց մեղավորների ցուցակից հանում են եւ այլն: Դուք է՞լ եք տեսնում այդ միտումը:

– Չեմ հետեւել, ուստիեւ չեմ տեսել:

– Ձեր վերջին մամուլի ասուլիսում, խոսելով քաղաքական կոնսուլտացիաների մասին, ասացիք, որ փորձել եք «Ժառանգությանը» ետ պահել ստորգետնյա, ինտրիգային պայմանավորվածություններից: Այդ կոնսուլտացիաներում Դուք նման մտավախություններ զգացիք առավել, քան իրական համագործակցությա՞նն ուղղված քայլեր:

– Ես հույս ունեմ, որ այդպես չէ, եւ առաջիկա շաբաթները ցույց կտան, թե որքանով է այս գործընթացը ինտրիգային, ստորգետնյա, որքանով, ի վերջո, նպատակասլաց՝ հայ ժողովրդին իրական, հաղթական այլընտրանք ներկայացնելու համար: Բայց 25 տարի ապրելով Հայաստանում՝ գիտեմ, որ դրա հնարավորությունը քաղաքականության մեջ կա: Չեմ ուզում, որ այդ ստվերն ու պիտակը կիրառվի նաեւ այս գործընթացի վրա, որովհետեւ այն բնական քաղաքական գործընթաց է: Բայց այն, որ մինչեւ հիմա հրապարակային չէ՝ տեղիք տալիս է նման մտահոգությունների: Հուսամ, որ անհիմն են այդ մտահոգությունները:

– Վերջերս բուռն քննարկումների առիթ տվեցին պատմության բուհական դասագրքերը: Փաստորեն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 4-5 տարի առաջ, եւ բոլորս ենք եղել դրանց ականատեսը, սրբագրվում են: Ովքե՞ր են մեղավորները:

– Սա առաջին դեպքը չէ, որ մեր դասագրքերում լինում են ոչ ամբողջական կամ հատվածական մոտեցումներ: Վերջերս մի դասագիրք կար, որը ներկայացնելով 2007 թվականի ընտրությունները՝ ընդհանրապես զանց էր առել «Ժառանգության» մասնակցությունն ընտրություններին եւ ներկայությունն ԱԺ-ում: Այսինքն՝ մենք չկայինք, գոյություն չունեինք: Կարծում եմ՝ սա գալիս է մեր ազգային հետագծից, որ շատ անգամ հատվածաբար ենք մոտենում սեփական պատմությանը եւ ամբողջականությանը, համապարփակությունն ու առարկայականությունը ստվերի մեջ են մնում: Դա պետք է վերականգնվի: Ես մեծագույն հարգանք եմ տածում պրոֆեսոր Մինասյանի նկատմամբ, իր պատմագիտական ունակությունների, իր ազգային նկարագրի համար, կարծում եմ, որ «Մարտի 1»-ի դեպքերի ամբողջականությունը պետք է արտացոլվի այդ դասագրքում, պետք է վերանայվի: Բայց դա տեղի կունենա քաղաքական, միգուցե նաեւ պատմագիտական ու պատմագրական իմաստով միմիայն «դե յուրե» պետություն ստեղծելու միջոցով եւ միայն այն բանից հետո, երբ բոլոր մասնակիցները եւ բոլոր նախագահները ներկայացնեն իրենց ճշմարիտ վկայությունները «Մարտի 1»-ի վերաբերյալ:

– Հայաստանյան քաղաքական դաշտի մի ստվար հատվածը, կարծես, շունչը պահած սպասում են Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը եւ ԲՀԿ-ի հետագա կեցվածքին: Ծառուկյանը նախ ասաց, որ իր որոշումը կհրապարակի նոյեմբերի 25-30-ն ընկած ժամանակահատվածում, հիմա դա տեղափոխվեց դեկտեմբերի 1-5-ը: Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ է այդքան մտորում պարոն Ծառուկյանը, ինչո՞ւ է լարվածության մեջ պահում քաղաքական դաշտը:

– Չգիտեմ: Ինքս լարվածության մեջ չեմ: Ինքս որոշել եմ մասնակցել նախագահական ընտրություններին՝ շատ հստակ արտաքին եւ ներքին քաղաքականության օրակարգով, եւ շատ ուրախ կլինեի, որ քաղաքացիական հասարակությունը, ՀՀ շարքային քաղաքացին, ինչպես նաեւ մեր երկրի քաղաքական կուսակցությունները, այդ թվում նաեւ պարոն Ծառուկյանը, մասնակցեին հավաքական թեկնածությամբ, որը բերելու է նոր Հայաստանի կերտման: Ուրախ կլինեի, որ ամեն մեկը վերանայեր իր որոշումը, եւ այս ձգձգման շրջանը նաեւ օգտագործվեր՝ գիտակցելու, որ միմիայն նոր մեթոդաբանությամբ, ժողովրդին պատկանող այլընտրանքով եւ հավաքական թեկնածությամբ կարելի է երկիր փոխել եւ հաղթանակ տոնել փետրվարի 18-ին: Մեծ ուրախությամբ կողջունեի պարոն Ծառուկյանի զորակցությունն այս ուղղությամբ:

– Հավաքական թեկնածուի հավանական հավակնորդներն, ըստ Ձեզ, ովքե՞ր կարող են լինել:

– Հավաքական թեկնածությունը ենթադրում է ընդհանուր օրակարգ, հաղթանակ վաստակելու կամք եւ հետեւողականություն, հավաքական պատասխանատվություն, որոշումներ կայացնելու հավաքական հանձնառություն եւ ոչ թե անձնավորված, ինչ-որ մեկի շուրջը հավաքվելու հին ավանդույթի կրկնություն: Ինքս պատրաստ եմ դրա մի մասնիկը լինել:

Եթե ընդհանուր օրակարգի, հավաքական թիմի, հաղթանակ բերելու ընդհանուր ծրագրի շրջանակներում տեսնենք, որ մի այլ թեկնածու կբերի այդ հաղթանակին, ես մեծ սիրով կզորակցեմ նրան: Հայաստան վերադառնալու իմ նպատակը երբեւէ չի եղել նախագահ դառնալը: Դա միայն ծառայության մի եղանակն է:

Ինչ մնում է թեկնածուներին, հունիս ամսին հենց «Առավոտին» եմ ներկայացրել ՀՀ նախագահ դառնալու թեկնածուների մի մասնակի ցուցակ: Եվ դա հավաստումն է իմ այն համոզման, որ ցանկացած պետություն պետք է ունենա բազմաթիվ այլընտրանքներ: Սխալ է այն մոտեցումը, որ ցուցաբերել են մեր բոլոր նախագահները, այդ թվում՝ գործողը, առ այն, որ իրենցից բացի՝ այլընտրանք չկա: Հայաստանի քաղաքացիական հեռանկարը, ազգային շահը, պետության ինքնիշխանությունը ենթադրում են, որ Հայաստան պետությունը միշտ պետք է ունենա այլընտրանքներ, եւ մենք ունենք բազմաթիվ այլընտրանքներ՝ թե «Ժառանգության» ներսում, թե՛ «Ժառանգությունից» դուրս: Հույս ունենք, որ մինչեւ դեկտեմբերի վերջը կհստականա այդ անունը՝ թե ով է լինելու քվեաթերթիկի վրա: Բայց այդ անունն ինքը հավաքական թեկնածության կրողն է լինելու: Եթե ունենալու ենք Նոր Հայաստան, նոր պետություն, որը արդարություն, պատկանելիություն եւ իշխանություն է վերադարձնելու շարքային քաղաքացուն, ես կարծում եմ, որ մենք պետք է ունենանք հզոր քաղաքացիական, քաղաքական հավաքական թիմ, որը ամենամեծ անակնկալն է մատուցելու հայ ժողովրդին եւ աշխարհին՝ հայոց նորագույն պատմության ընթացքում:

– Ձեր հրապարակած ցուցակում, եթե ճիշտ եմ հիշում, նաեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի անունը կար, ով նույնպես հայտարարել է նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին: Փորձե՞լ եք հանդիպել, զրուցել, համագործակցության եզրեր գտնել:

– Մինչ վերջերս հանդիպում չի եղել, բայց միշտ էլ պատրաստ եմ պարոն Հայրիկյանի հետ հանդիպելու:

Եվ պետք չէ, որ որեւէ մեկը սրտնեղի, թե այդ ցուցակում ինքն առաջինն է, վերջինը, թե մեջտեղում է, որովհետեւ հենց մեջտեղն է առանցքը, եւ վերջինը կդառնա առաջինը՝ ինչպես Աստվածաշունչն է ցուցանում:

– Պարոն Հովհաննիսյան, այնուամենայնիվ, պաշտոնավարման համար Սերժ Սարգսյանին բավականին բարդ ժամանակահատված բաժին հասավ՝ թե արտաքին, թե ներքին քաղաքական իրավիճակներում: Եթե փորձենք վերլուծել նրա պաշտոնավարման հինգ տարիները՝ դրական եւ բացասական ի՞նչ կարող ենք արձանագրել:

– Դրականն այն է, որ իր հրապարակային խոսքը, արտասանած ելույթները՝ թե արտաքին, թե ներքին քաղաքականության հղումներով, շատ գեղեցիկ են եւ ողջունելի: Ինքը նաեւ լսելու ունակություն ունի, տարբեր տեսակետներ ընկալելու, հավանաբար: Բացասականն այն է, որ այդ գեղեցիկ խոսքերը գրեթե երբեք իրականության չեն վերածվում: Դա վերաբերում է թե Հայաստանի՝ օրենքի իշխանության, արդար ընտրությունների, ժողովրդավարական պահանջների, մարդու իրավունքների, ինչպես նաեւ ի հեճուկս ազգային իրական շահի հետապնդելու հրամայականի՝ մադրիդյան տխրահռչակ սկզբունքներին, Արցախի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ճանաչմանը եւ Թուրքիա-Հայաստան նույնպես հակապետական, հակասահմանադրական արձանագրություններին: Կարծում եմ՝ նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ խոսվում է Բրյուսելից Բեյրութ, Մոսկվայից Երեւան նոր մոտեցումների, ժողովրդավարական հրամայականներին ականջալուր եւ նվիրված լինելու մասին, ցավոք, Հայաստանի իրականությունն այն է, որ մենք շատ ավելի մոտ ենք կուսակցապետության, քան հանրապետության: Երբ պետական ինքնությունը, սեփականությունը, շենքերը, բյուջեն, կառավարման համակարգը ծառայեցվում են առավելաբար հատվածական կուսակցական նպատակների՝ մինչընտրական եւ հետընտրական շրջանում, քան թե համազգային, համապետական եւ համաքաղաքացիական անհրաժեշտություններին, կորում է շարքային քաղաքացին, կորում է պետական ինքնիշխանությունը, կորում է ազգային շահի գիտակցումը եւ հետապնդումը: Ես մի քանի անգամ նամակով դիմել եմ գործող նախագահին՝ 15 կետերով առանձնացնելով այն կետերը, որոնք պետք է բարեփոխվեն եւ լուծվեն, եթե ուզում ենք ունենալ ազատ, արդար ընտրություններ: Այդ կետերը կարող են 150-ն էլ լինել, բայց նշված 15-ը այն նվազագույն շեմն է, որը պետք է իրականացվի՝ միջազգային եւ մեր հայկական՝ իրական արժեքներին համապատասխանող ընտրություններ անցկացնելու համար: Այդ կետերը համապատասխանում են գործող նախագահի ելույթների ոգուն: Հիմա հարցն այն է, թե նա պատրա՞ստ է մինչեւ ընտրություններ իր իսկ խոսքը գործի վերածել:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31