Լրահոս
Օրվա լրահոսը

Սա «հայի բախտ չի», այլ հայի խելք

Դեկտեմբեր 01,2012 12:50
vano Siradexyan

(հատված)

…Երբ ժողովուրդը մթան մեջ էր եւ օրը 1-2 ժամ լույս ուներ, այնպիսի կարծիք կար, ոչ միայն ժողովրդի մեջ (մեր պետականության անփորձության մասին եմ ասում եւ ժողովրդի հոգեբանության մասին), այլեւ հենց «Ղարաբաղ» կոմիտեի մեջ, Շարժման ղեկավարների մեջ, որ, օրինակ, նախագահի նստավայրում եւ ղեկավարների տներում էլ պիտի լույս չլինի, իրենք էլ պիտի լույս չունենան, որ ժողովրդի հետ հավասար տառապեն: Պատերազմի ժամանակ, դուք պատկերացրեք: Ոչ միայն անփորձությունը, այլեւ ես կասեի՝ հազար տարի պետականություն չունեցող ժողովրդի ընդհանրապես հետ սովորելը համակեցության որեւէ կանոնից: Զուտ ազգային համակեցության որեւէ կանոն Հայաստանում չի եղել: Եվ այդ համակեցության կանոնները, այնուամենայնիվ, մտցնելը բոլորի եւ առաջին հերթին ՆԳ նախարարի խնդիրն էր: Ես ՆԳ նախարար ասելով՝ նկատի չունեմ միայն ոստիկանության նախարար: Աշխարհում կան եւ հասարակական կարգի պահպանության նախարարություն, եւ քրեական ոստիկանություն… Մերը ընդհանուր էր, եւ երբ ես խառնվում էի շատ գործերի, ասում էին՝ քիթը ամեն տեղ խոթում է: Բայց իմաստը, միտքը այն էր, որ չեղած, հազար տարի չեղած համակեցության կանոնները, պետության հետ հարաբերվելու կանոնը ժողովուրդը ձեռք բերի: Ճաշակի օրենսդիր պետք է լինի եւ նախագահը, եւ ներքին գործերի նախարարը: Էլ չեմ ասում՝ վարչապետը: Որպեսզի համակեցության այդ կանոններին վարժեցնի մարդկանց: Տարիներ շարունակ մտցնի մարդկանց գլուխը, որ կարելի է ունենալ նաեւ սեփական պետություն եւ սեփական իշխանավոր:

Ժողովրդի անվտանգությանը սպառնալիք է, երբ նախագահը կես օր լույս չի ունենում: Եթե նա գիշերը վատ է քնում եւ առավոտյան ուռած գլխով կամ ուռած աչքերով է գնում աշխատանքի եւ ղեկավարում է երկիրը, դու պատկերացրու… Եվ հարաբերվում է ուրիշ երկրների հետ: Կոմերիտական, ՆԷՊ-ից առաջ եղած կոմունիստական բարքերը, որ անմիջապես վերացրին, Լենինը արագ վերացրեց, եւ լեգենդը թողեցին, թե Լենինը, իբր, սեւ հաց էր ուտում, սուտը… Եվ հայերը հավատացին միանգամից, եւ մտածում էին, որ հովհարային ռեժիմով պետք է անջատել նաեւ պրեզիդենտի նստավայրի լույսերը, որն ապահովում է կապ, նորմալ մարդկային կենցաղ, ռազմաճակատի հետ կապ, աշխարհի հարեւան երկրների հետ կապ, վերջապես՝ ջերմություն, որ երկրի ղեկավարները բյուլետենների մեջ չլինեն, անկողինների մեջ պառկած չլինեն եւ թաշկինակները քթերին պահած՝ չքայլեն ժողովրդի մեջ: Սա երկրի պատիվն է, անվտանգությունն է: Հարկ էր լինում տարրական պարզունակ բաներ սովորեցնել ոչ միայն ժողովրդին, այլեւ ղեկավարության մեջ եղածներին, «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին:

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

«Հայք», 21.09.2000թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31