«Հայաստանի ազգային գրադարանի համար տարին հագեցած էր: Դեկտեմբերի 14-ին Վենետիկում բացեցինք գրատպության 100-ամյակին նվիրված ցուցահանդես: Ընդհանուր առմամբ` ցուցադրություններ ունեցանք Եվրոպայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում` Սոֆիայում, Ամստերդամում: Ներկայումս Մոսկվայի պետական գրադարանում տեղի է ունենում ցուցադրություն»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում ասաց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:
Նա տեղեկացրեց, որ ընթացիկ տարում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Ազգային գրադարանում կազմակերպվել է երկու խոշոր միջազգային գիտաժողով. «Առաջինը «Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարաններին» կոնսորցիումի հետ կազմակերպված գիտաժողովն էր` «Մշակութային ժառանգության պահպանումը եւ թվայնացումը» թեմայով, որին մասնակցում էին հյուրեր աշխարհի վաթսուն երկրներից: Մյուսը հայ գրադարանավարների երկրորդ գիտաժողովն էր` «հայ պարբերական մամուլի եւ հնատիպ գրքերի վիճակը» թեմայի շուրջ: Առաջիկայում նախատեսում ենք բացել հայ պարբերական մամուլի համահավաք քարտարանը: Իսկ Թամանյանական մասնաշենքի հետ կապված դեպքերից հետո հուսով ենք, որ գումարը կվերադարձվի եւ աշխատանքը ավարտին կհասցվի: Բացի այդ` մասնաշենքում ջեռուցում պետք է ապահովենք»:
Զարգարյանի խոսքով. «Գրադարանն ընթերցողներ շատ ունի: Ընթերցասրահը բազմամարդ է մինչ երեկո: Հաճելի է, որ երիտասարդները գալիս են եւ կարդում»:
Ազգային գրադարանի տնօրենը տարվա մեծ ձեռքբերումը համարում է «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքի ընդունումը. «Այն սահմանեց «մարզային գրադարան», «հանրային գրադարան», «ազգային հավաքածու» եւ այլ հասկացությունները: Օրենքին կհաջորդեն ենթաօրենսդրական ակտերը: Ձեռքբերում է նաեւ սոցիալական փաթեթը (առողջություն, կրթություն, հանգիստ), որից օգտվում են գրադարանավարները: Դա մեծ աջակցություն է նրանց, քանի որ դաժան աշխատանք են կատարում եւ խայտառակ աշխատավարձ ստանում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ