Այսօր «Երկու երես» մամուլի ակումբում Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ, միջազգային նախագծերի ղեկավար Արա Խզմալյանը, ամփոփելով Մատենադարանում այս տարի իրականացված կարեւոր միջոցառումները, նշեց, որ տարին հագեցած էր եւ արդյունավետ. «Կազմակերպեցինք «Հիշողության կերպարանքներ» միջազգային սեմինարը` աշխարհի 17 երկրի արխիվային, գրադարանային եւ թանգարանային հաստատությունների մասնագետների մասնակցությամբ: Արդյունքում հրատարակվեց գիտական հոդվածների եզակի ժողովածու` հարուստ իլյուստրացիոն նյութերով, որոնք արտահայտում են ԱՊՀ, Բալթյան եւ եվրոպական երկրների ձեռագրերի վիճակը` տպագիր ժառանգության պահպանման ոլորտում: Ժողովածուն օգնում է հասկանալ, թե ինչ վիճակում են գտնվում այդ նյութերը եւ ինչպես կարելի է վերականգնել»:
Խզմալյանի փոխանցմամբ` Մատենադարանը մասնակցեց գրատպության 500-ամյակին նվիրված տեղական եւ արտասահմանյան ցուցադրություններին, որոնց արդյունքում մեծ գնահատականի է արժանացել հայկական մշակութային ժառանգությունը. «Մատենադարանի նոր մասնաշենքը 13 ցուցասրահ ունի; Բացի հայկական ձեռագրերից, ունենք նաեւ բազմաթիվ այլալեզու ձեռագրեր, որոնք արդեն հնարավարություն ունեն հանրահռչակվելու: Զբոսաշրջիկների հոսքը Մատենադարան չի դադարում: Տարվա ընթացքում հազարավոր հյուրեր ենք ընդունել: Մատենադարանը մշտապես ունեցել է միջազգային ճանաչում, որը ներկայումս գործնականորեն է հաստատվում: Նպատակ ունենք Մատենադարանը միջազգային մասնագետների հետ փորձի փոխանակման հարթակ դարձնել»:
Արա Խզմալյանի խոսքով. «Մատենադարանի մուտքի տոմսն արժե ընդամենը հարյուր դրամ: Մարդիկ պետք է սովորեն մշակույթի համար սիմվոլիկ ներդրում կատարել: Շատ ենք ընդունում մարզերի դպրոցականներին: Բացի այդ, վիրտուալ մատենադարանի ցուցասրահը կրթական միջոցառումներ կազմակերպելու հնարավորություն է ընձեռում: Մշակույթի հանդեպ ուշադրությունը ռազմավարական նշանակություն ունի: Վերջիվերջո, առաջնահերթ մշակույթով եւ ճարտարապետությամբ ենք ներկայանում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ