Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատոնական գնումներին ընդառաջ գնաճն ակտիվանում է

Դեկտեմբեր 01,2012 10:17

 Նախատոնական գնումներին ընդառաջ Հայաստանում գնաճն ակտիվանում է։ Բայց դա գոնե առայժմ կապ չունի Ամանորյա գնումների հետ։
Գնաճային միտումները Հայաստանում ակտիվացան հատկապես հուլիսից հետո։ Ավելին՝ տարվա կեսերին երկրում գնաճը գրեթե զրոյական էր։ 12-ամսյա հատվածում, ասենք, հունիսին, գնաճը կազմեց ընդամենը 0,2 տոկոս։ Մի բան, պայմանավորված էր գերազանցապես ներքին գյուղատնտեսական արտադրության դրական ազդեցությամբ։ Դա զուգորդվեց նաեւ արտաքին հատվածից թելադրված չեզոք գործընթացներով։
Վիճակը փոխվեց հետագայում՝ կապված հիմնականում համաշխարհային շուկայում դրսեւորված պարենային մի շարք ապրանքների թանկացման հետ։ Խոսքը առաջին հերթին վերաբերում է ցորենին (անմասն չմնացին նաեւ մյուս պարենային ապրանքները)։ Կարճ ժամանակահատվածում ցորենի համաշխարհային գները կտրուկ բարձրացան (միայն օգոստոս-հոկտեմբերին՝ գրեթե 30 տոկոսով)։
Տարեսկզբի համեմատ ռուսական ցորենը թանկացել է շուրջ 40 տոկոսով։
Այս զարգացումներից բնականաբար անմասն չէր կարող մնալ նաեւ Հայաստանի ներքին շուկան, որտեղ եւս հացամթերքի գները սկսեցին աստիճանաբար բարձրանալ։ Դրանց գնաճը հասնում է 20-25 տոկոսի։ Թանկացել է նաեւ ձավարը, սիսեռը, հնդկացորենը, ոսպը, մակարոնեղենը եւ այլն։ Այս հանգամանքն էլ մեծացրեց գնաճային ճնշումը ներքին շուկայում։
Այդ միտումները, ինչպես ասվեց, սկիզբ առան հուլիսին, բայց աստիճանաբար խորացան հետագա երկու-երեք ամիսներին։ Արդեն հոկտեմբերին 12-ամսյա գնաճը Հայաստանում հասավ 3,4 տոկոսի։
Նոյեմբերին, նախորդ ամսվա համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է 1,4 տոկոս գնաճ։ Պարենային ապրանքների գներն այդ ժամանակահատվածում բարձրացել են 2,6 տոկոսով, ինչը պայմանավորված է թե՛ արտաքին, թե՛ ներքին տնտեսությունից թելադրված գործոններով։ Ներքին տնտեսության մեջ զգացնել է տալիս առաջին հերթին սեզոնայնությունը։ Թանկացել են բանջարեղեն եւ կարտոֆիլ ապրանքախմբում ընդգրկված գյուղմթերքները։ Գնաճն այս ոլորտում գերազանցում է 21 տոկոսը։
Գրեթե կրկնապատկվել է լոլիկի գինը, վարունգը թանկացել է շուրջ 55 տոկոսով։ Վիճծառայության դիտարկումներով, նոյեմբերին լոլիկի միջին գինը հասել է 720, իսկ վարունգինը՝ 770 դրամի։
Կանաչ պղպեղը թանկացել է ավելի քան 45 տոկոսով. մանրածախ վաճառքի միջին գինը մոտենում է 500 դրամին։
Թեեւ տարին բերքառատ էր, այնուհանդերձ բանջարեղեն եւ կարտոֆիլ ապրանքախմբի ապրանքներն այս տարվա նոյեմբերին ավելի թանկ են եղել, քան 2011թ. նույն ամսին։ Հակառակ պատկերն է մրգերի դեպքում, որոնք մի փոքր ավելի էժան են նախորդ 12-ամսյա ժամակահատվածի համեմատ։
Արտաքին որոշ շուկաներից թելադրված գնաճային դրսեւորումները եւս նոյեմբերին ակտիվացել են։ Թանկացումներ կան յուղի շուկայում։ Արեւածաղկի եւ բուսական յուղերի գները բարձրացել են համապատասխանաբար 1,7 եւ 2,9 տոկոսով։ Թանկացել է նաեւ կարագը։
Նոյեմբերին գնաճը շարունակվել է հացամթերքի շուկայում։ Թանկացել է հացահատիկը՝ ազդելով նաեւ ալյուրի եւ հացի գների վրա։ Հացը ներքին շուկայում հերթական անգամ թանկացավ նոյեմբերի սկզբին (կիլոգրամի հաշվով շուրջ 20 դրամով)։ Հացահատիկի գնաճը հանգեցրել է նաեւ մակարոնեղենի գների բարձրացման։ Նոյեմբերին ամենաբարձր գնաճն արձանագրվել է սպիտակաձավարի դեպքում՝ ավելի քան 5 տոկոս։
Թեեւ փոքր գնաճ է գրանցվել մսամթերքի շուկայում, այնուհանդերձ ինչպես խոզի, այնպես էլ տավարի ու ոչխարի մսի գները նոյեմբերին նվազել են։ Սա մի կողմից կապված է վերջին շրջանում մսամթերքի նկատմամբ ցուցաբերվող զգուշավորության, մյուս կողմից՝ ոչխարի մսի արտահանման ծավալների կրճատման հետ։
Հայաստանի որոշ մարզերում նոյեմբերին ի հայտ եկավ սիբիրախտի վտանգը, որն էլ բացասաբար է անդրադարձել մսամթերքի սպառման վրա։
Ի տարբերություն տավարի եւ խոզի մսի, ոչխարի մսի դեպքում առկա է նաեւ մեկ այլ հանգամանք. այս տարի կրճատվել է Հայաստանից ոչխարի արտահանումը հարեւան Իրան։ Ոչխարի մսի գինը ներկայումս տատանվում է 3 հազար դրամի սահմաններում։
Ի տարբերություն այս մսամթերքների, թանկացման միտում ունի թռչնամիսը։ Հավի բդի գինը նոյեմբերին բարձրացել է ավելի քան 5 տոկոսով։ Իսկ ամենաբարձր գնաճն արձանագրվել է խաշի պարագաների դեպքում՝ շուրջ 22 տոկոս, ինչը բնականաբար սեզոնայնության եւ պահանջարկի աճի հետեւանք է։
Թեեւ որոշակի դրսեւորումներ արդեն կան նաեւ այժմ, այնուհանդերձ սպասվում է, որ պարենային ապրանքների շուկայում գնաճային երեւույթները կակտիվանան առաջիկա 10-15 օրերի ընթացքում, երբ ամբողջ թափով կմեկնարկեն Ամանորյա գնումները։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ
«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31