Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կշահի ԲՀԿ-ի սատարումից: Միայն ԲՀԿ-ն

Դեկտեմբեր 01,2012 10:07

 Այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ամենամեծաթիվ ընտրազանգված մեզանում ունեցող կուսակցությունները երկուսն են՝ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն:
Եվ որքան էլ կոնսոլիդացվի ընդդիմությունը, որ ուժը մյուսին միանա, ով ումից բաժանվի, էական չէ: Ընդդիմադիր մյուս կուսակցությունների ձայներն այնքան քիչ են, որ եթե բոլոր ուժերն էլ միանան ԲՀԿ-ին կամ ՀՀԿ-ին, ձայների թվի առումով առանձնապես բան չի փոխվելու: Պայքարը դարձյալ լինելու է այդ երկու քաղաքական ուժերի միջեւ, թեեւ ԲՀԿ-ին մեծ վերապահումով կարելի է քաղաքական համարել:
Ներկայիս ներքաղաքական խճճված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանությունները, վերլուծությունները կարելի է բնորոշել մի արտահայտությամբ` «քաղաքական ենթադրություններ»: Թե իր որոշման մասին երբ կհայտնի Գագիկ Ծառուկյանը, թե երբ ձայն կհանի Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե ով կլինի միասնական թեկնածուն /կամ կլինի՞ արդյոք/, ո՞ր թեկնածուին կսատարի ԲՀԿ-ն եւ այլն: Սա է այն առանցքը, որի շուրջը խլրտում է ներքաղաքական կյանքը:
Վստահ ենք, որ եթե գործ ունենք քաղաքական լուրջ ուժերի հետ, ներքաղաքական ամեն մի զարգացում պետք է միտված լինի երկրի հեռանկարային առաջընթացին` չկարեւորելով եւ առաջնային չդարձնելով մաղձոտ խմբակների կամ անձնական շահերը:
Իսկ երկրի հեռանկարային առաջընթացը, մանավանդ ներքաղաքական ոլորտում, կարող է պայմանավորված լինել միայն առողջ եւ ուժեղ ընդդիմադիր դաշտի գոյության դեպքում: Եվ բոլոր նորմալ երկրների փորձն էլ ցույց է տալիս, որ քաղաքակիրթ ու հեռանկարային պայքար ծավալվում է միայն այդ դեպքում:
Այս պարագայում սրան-նրան միանալու հարցը դառնում է համեմատաբար անկարեւոր:
Ենթադրենք ԲՀԿ-ն նախագահի ընտրություններին չի մասնակցում սեփական թեկնածուով եւ սատարում է ՀՀԿ-ին, այսինքն` գործող նախագահին: Սա լա՞վ է, թե՞ վատ:
Կոալիցիայի օրոք ԲՀԿ-ն, փաստորեն, սատարում էր ՀՀԿ-ին: Կոալիցիայի մյուս կուսակցություններին դեռ մի կողմ թողնենք: Արդյունքում տեսանք մի շատ վտանգավոր երեւույթ` կուսակցական նախարարների անպատասխանատու վերաբերմունք պետական շահերի հանդեպ եւ երկյուղած պատասխանատվություն տվյալ կուսակցության ղեկավարի առջեւ:
Այսինքն, կառավարության անդամը այդ պարագայում փաստորեն ենթարկվում էր միայն իր կուսակցական շեֆին (տվյալ պարագայում՝ ԲՀԿ առաջնորդին) եւ կատարում նրա հրահանգները` անկախ այն բանից, թե դրանք համահո՞ւնչ են կառավարության ծրագրերին, թե՞ ոչ: Պատճառը շատ հասկանալի է` ըմբոստացավ, յուղոտ պատառից կզրկվի. կուսակցության ղեկավարը իրեն հետ կկանչի, ուրիշին կբերի: Ասել կուզի` ընդհանուր քաղաքական-տնտեսական գործընթացները անընդհատ գտնվում են վայրիվերումների մեջ, իսկ էությունը դառնում է պարզ առեւտուրը:
Նույն արատավոր մեխանիզմը կգործի նաեւ մեզանում, եթե, տեղի ունենա ՀՀԿ-ԲՀԿ միավորում: Առաջին հայացքից, իսկապես, նման միավորումը գործող նախագահին կտա ձայների բացարձակ գերազանցություն: Այս ճանապարհով Սերժ Սարգսյանը կխուսափի նաեւ երկրորդ փուլից:
Գրավիչ հեռանկար է, որը, սակայն, աղոտանալով կորչում է, երբ հաշվի ես առնում ԲՀԿ-ի օրավուր մեծացող ախորժակը եւ միավորման գինը:
Ի դեպ, եթե կուզեք իմանալ, սա ԲՀԿ-ի համար լավագույն լուծումն է, քանի որ այս կուսակցությունն առայժմ աչքի չի ընկնում քաղաքական հստակ ծրագրով եւ կադրային պրոֆեսիոնալ ռեսուրսով: Բայց այս կերպ շահում է միանգամից երեք առումով: Առաջին. ստանում է պետական կառավարման հզոր լծակներ, մեծ ազդեցություն.
Երկրորդ. կուսակիցների տապալման դեպքում կրում է միայն սիմվոլիկ պատասխանատվություն` հայտարարությունների եւ կադրային փոփոխությունների տեսքով:
Երրորդ. խուսափում է ընդդիմության շարքերը անցնելուց, քանզի ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելու դեպքում միանշանակ պարտվելու է։
Բայց ծանրագույն վիճակում է հայտնվում վերընտրված նախագահը, քանի որ ներկայացրած ծրագրերի իրականացման կոնկրետ պատասխանատվություն կրում է ինքը: Իսկ ԲՀԿ-ն, շատ լուրջ դիրքեր զբաղեցնելով ապագա կառավարությունում, զբաղված է լինելու հիմնականում սեփական խնդիրները լուծելով։ Օրինակ՝ 2018-ի վճռական գրոհը նախապատրաստելով։ Արդյունքում կտուժի ոչ միայն Հանրապետականի թիմը, այլեւ, որ շատ ավելի վտանգավոր է, պետությունը եւ հասարակությունը։
Իսկ ինչո՞ւ ԲՀԿ-ն ինքնուրույն եւ սեփական թեկնածուով չմասնակցի նախագահի ընտրություններին: Ասվածը չի նշանակում միայնակ. նրան կարող է միանալ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ, եթե ԲՀԿ-ն, համատեղ քննարկումներից հետո, ցանկանա:
Այս ճանապարհով կարող է ձեւավորվել կենսունակ ընդդիմություն, որը լուրջ քաղաքական գործունեության դեպքում մինչեւ 2018 թվականը կարող է Հայաստանը բարձրացնել ներքաղաքական խոստումնալից մակարդակի:

Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ
«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31