Երեւան/Մեդիամաքս/. Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն այսօր Երեւանում հայտարարել է, որ «Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան այն երկրներն են, որոնք լավագույն առաջընթացն են գրանցել Արեւելյան Գործընկերության շրջանակներում»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ժոզե Մանուել Բարոզուն այս մասին ասել է այսօր՝ Երեւանում մեկնարկած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան Գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք շատ լուրջ ներդրում պիտի կատարենք 2013 թ.-ի դեկտեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան Գործընկերության գագաթնաժողովում: ԵՄ հաստատակամ է շարունակել արեւելյան գործընկերների հետ համագործակցությունը: Կոչ եմ անում մեր գործընկերներին պահպանել իրենց հավակնությունները: Մենք համարում ենք ձեզ եվրոպական արժեքների ընտանիքի անդամ եւ միասին կարող ենք անել ավելին»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը: