«Վոլսկին ուշագրավ հայտարարություներ շատ է արել: Դա իր տեսակետն է, եւ երեւի թե կան քաղաքական գործիչներ, նաեւ քաղաքական ուժեր, որոնք դեռ պատրաստ չեն դրան»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն այսպես մեկնաբանեց ԵԺԿ փոխնախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրանեսթ ԽՎ-ի փոխնախագահ Յացեկ Սարիուս-Վոլսկիի հայտարարությունը՝ ԼՂՀ-ն Եվրանեսթում ընդգրկելու մասին:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում կազմակերպված համաժողովին հարցին՝ ԼՂՀ-ն թեկուզ դիտորդի կարգավիճակում չի՞ կարող ներգրավված լինել «Եվրանեսթում», գիտենք, որ Ադրբեջանի կողմից ռազմատենչ հայտարարություններ են հնչել, չե՞ք կարծում, որ ԼՂՀ ներկայությունը կդառնար զսպաշապիկ՝ Յացեկ Սարիուս-Վոլսկին պատասխանեց. «Դա անհնար է: Պատասխանը ոչ է: Եթե ԼՂՀ-ն մտցնեն «Եվրանեսթ», «Եվրանեսթը» կփլվի, որովհետեւ Ադրբեջանը դուրս կգա դրանից: Մեր նավը չծանրաբեռնենք ծանր բեռով»:
Ըստ Կարինե Աճեմյանի, «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ պատրաստենք, որպեսզի կարողանանք խուսափել կատեգորիկ գնահատականներից, նաեւ կատեգորիկ լուծումներից: Որովհետեւ մեզ պետք է, որ մենք այնուամենայնիվ բանակցենք, բայց նաեւ շատ կարեւորում ենք, որ Լեռնային Ղարաբաղը ներգրավված լինի այդ աշխատանքներում»:
Մեր դիտարկմանը՝ փաստորեն ստացվեց, որ Եվրանեսթի հիմքը Ադրբեջանն է եւ եթե Ադրբեջանը դուրս գա՝ կփլվի այն՝ նա պատասխանեց. «Պարզապես դա իր տեսակետն է այս պահին, իսկ տեսակետները ժամանակի ընթացքում նաեւ փոխվում են»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ