Դեկտեմբերի 2-ին ԱԺ լրացուցիչ ընտրություններում թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը համոզված է, որ իշխանությունները շահագրգռված են ընտրությունները ավելի մեծ աղմուկով ու խախտումներով անցկացնելու: «Պետական մարմինների կողմից, որոնք պատասխանատու են ընտրությունների կազմակերպման համար, տեսնում եմ այնպիսի քայլեր, որոնք ավելի են նվազեցնում հանրային վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ»,- այսօր սովորական թանաքանյութ տրամադրելու եւ դրոշմակնիքի նոր ձեւ հաստատելու պահանջով իր դիմումը ԿԸՀ նիստում մերժելուց հետո ասաց պարոն Սաֆարյանը:
Պարոն Սաֆարյանը խոստովանեց, որ հանձնաժողովից չէր սպասում սովորական թանաքանյութերի տրամադրման իր պահանջի մերժումը, որովհետեւ մայիսի 6-ին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այդպիսի որոշում հանձնաժողովն արդեն ընդունել էր:
Պարոն Սաֆարյանը նաեւ ասաց, որ իր հանձնաժողովների բոլոր անդամներին հանձնարարելու է փորձարկել թանաքանյութերը, եւ եթե պարզվի, որ որեւէ տեղամասում թանաքանյութը ցնդում է 12 ժամից շուտ, ապա. « Որեւէ մեկը թող չսպասի, որ Ստեփան Սաֆարյան թեկնածուն ճանաչելու է ընտրությունները՝ օրինական: Բավական է մեկ դեպք արձանագրվի եւ ես չեմ ճանաչելու այս ընտրությունները ու դրա համար մեղադրելու եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ