Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատախազը կիսատ թողեց Մատաղիսի գործով ամբաստանվող երիտասարդներին ուղղված մեղադրական ճառը

Նոյեմբեր 30,2012 22:03

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերջապես շարունակվեց Մատաղիսի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում նիստերը հետաձգվում էին մայրաքաղաքացի դատախազների հիվանդ կամ արձակուրդում գտնվելու պատճառաբանությամբ: Սակայն այսօր նրանք ներկայացել էին
Ամբաստանյալների ու նրանց հարազատների համար լարված օր էր, քանի որ կողմերը հանդես էին գալու ճառերով ու ի վերջո հայտնի էր դառնալու, թե ինչ է նախատեսվում 27-ամյա երեք երիտասարդների համար: Հիշեցնենք, որ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանն ու Ռազմիկ Սարգսյանը մեղադրվում են 2003 թվականին Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում զինծառայողներ Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին սպանելու մեջ:

Այս անգամ ևս դատախազները փորձեցին ձգձգել նիստը`դատարանին միջնորդելով միջոցներ ձեռնարկել հրամանատար Իվան Գրիգորյանին դատարան հրավիրելու: Նշենք, որ ամբաստանյալների հարազատների համոզմամբ, հենց Իվան Գրիգորյանն է կատարել սպանությունը ` այն բարդելով այս 3 երիտասարդների վրա: Նիստը նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը նախքան այս հարցի առնչությամբ կողմերի կարծիքը հարցնելը, ընթերցեց ՀՀ ռազմական ոստիկանության 13.11.2012 տրամադրած տեղեկանքն այն մասին, որ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում անգամ չի պարզվել Իվան Գրիգորյանի գտվելու վայրը:

Ամբաստանյալների շահերի պաշտպան Հայկ Ալումյանը կտրուկ առարկեց դատախազների այս միջնորդությունը` հայտարարելով, որ սա դատը անհարկի ձգձգելու, հերթական անգամ վերսկսելու պատրվակ է: Հայկ Ալումյանն ասաց. «Մեղադրանքի կողմը միջնորդել էր Իվան Գրիգորյանին դատարան հրավիրել, սակայն այդպես էլ հնարավոր չէր եղել նրան հայտնաբերել: Հետագայում, երբ որ դատարանը անցնում էր դատական վիճաբանությունների, մեղադրանքի կողմը մի քանի անգամ փորձ կատարեց Իվան Գրիգորյանին հարցաքննելու պատրվակով, ոչ թե պատճառով, այլ պատրվակով, ձգձգել դատական վիճաբանությունների անցնելը:Հետո, երբ որ դա չստացվեց, ես ձեզ հիշեցնեմ, որ մեկ այլ պատրվակ էին փորձում օգտագործել: Նպատակը միակն է. ձգձգել: Իվան Գրիգորյանին հերթական անգամ հրավիրելու փորձեր կատարելու մեղադրանքի կողմի առաջարկը հերթական պատրվակների շարքի մեջ էր, և դատարանը վերջնականպես որոշեց այլևս այս հարցին չանդրադառնալ, և մենք անցանք դատական վիճաբանությունների փուլ: Հիմա դատական վիճաբանությունների փուլում փորձ է կատարվում նույն պատրվակով վերսկսել դատաքնությունը:

Ես կարծում եմ, որ սա պարզապես պատրվակ է, և մեղադրանքի կողմը գործի քննության լրիվություն, օբյեկտիվություն, բազմակողմանիություն գաղափարները արդեն սկսել է շահարկել ու լուրջ: Ես այս կարծիքին սկսել եմ գալ, որովհետև ինձ տեղեկություններ են հասել, որ մեղադրանքի կողմը, այս ձևի դատական քննությունը ձգձգելով, ստվերային ինչ-որ քայլեր է ձեռնարկում, որոնց մասին նույնպես կուզեմ ասել: Այստեղ բերեցին մի տիկնոջ, դիմում գրել տվեցին: Հետո այդ տիկինը եկավ, ասաց՝ ում թելանդրանքով է դիմումը գրել: Հիմա ադ նույն տիկնոջ նկատմամբ փորձ է կատարվում ճնշումներ գործադրել կամ ամբողջական աշխատանք կատարել, ոնց ուզում եք մեկնաբանեք: Մինչև որ այդ տիկնոջը չեն նախապատրաստել պատշաճ ձևով, այստեղ դատական քննությունը փորձում են ձգձգել տարբեր պատրվակներով:

Հիմա պատրվակների մասին ավելի մանրամասն. 4 դատական նիստեր դատական վիճաբանություններին պատրաստ չլինելու պատրվակով ձգձգում են, հիմա արդեն դատական վիճաբանություններին պատրաստ չլինելն էլ իրեն սպառեց, հիմա էլ Իվան Գրիգորյանին դատարան ներկայացնելու պատրվակն են վերակենդանացնում` լավ իմանալով, որ այստեղ բոլոր նստածները շատ ուզել են Իվան Գրիգորյանին էդտեղ տեսնել, բայց այդ հարցն արդեն սպառվել է , երկու տարի է փորձ է կատարվել բերել դատարան՝ չի հաջողվել»:

Դատախազները հակադարձեցին, թե դատախազությունը ֆանտաստիկայի ոլորտից ինչ- որ բան պլանավորելով չի զբաղված:

Դատարանը մերժեց դատախազների միջնորդությունը, որից վերջիններս անակնկալի եկան ու 5 րոպեով ընդմիջում խնդրեցին: 5 րոպեանոց ընդմիջումը տևեց 1 ու կես ժամ, որից հետո մի քանի րոպեով շարունակվեց դատական նիստը:

Դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով. «Քրեական գործով կատարված նախաքննությամբ և դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է այն, որ երիտասարդները 2003 թվականի դեկտեմբերի 24-ին ԼՂՀ Մատաղիս գյուղի ջրանցքի հարևանությամբ գտնվող կիսաքանդ շինությունում Սարգսյանի ծնողների կողմից ուղարկված սննդի մի մասը ուտելուց հետո, շինությունից դուրս գալով` սննդի մյուս մասը իրենցից պահանջելու պատճառով վիճաբանել են նույն զորամասի շարքային զինծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի հետ: Վեճը վերածվել է ծեծկռտուքի, որից ընթացքում նրանց առանձնակի դաժանությամբ, կյանքից զրկելու դիտավորությամբ, ոտքերով, ձեռքերով, մետաղյա ձողերով առողջությանը ծանր վնաս են պատճառել, որի արդյունքում Մկրտումյանն ու Եղիազարյանը մահացել են»:

Դատախազը սա ընթերցելուն պես խնդրեց մեղադրական ճառը հետաձգել մինչև երեքշաբթի: Փաստաբան Հայկ Ալումյանը նեղսրտեց` ասելով, որ իր համար անհասկանալի է, ինչու են հետաձգում, ինչու հիմնավոր բացատրություն չեն ներկայացնում, որին ի պատասխան դատախազներն ասացին, որ օրենքը հիմնավորում չի պարտադրում:

Երեքշաբթի պարզ կդառնա, թե 9 տարի շարունակ ամբաստանվող երիտասադներին ի՞նչ է սպասվում` կալա՞նք, թե՞ ազատություն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930