Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց դեկտեմբերի 2-ին ԱԺ լրացուցիչ ընտրությունների համար թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի՝ սովորական թանաքանյութ տրամադրելու եւ դրոշմակնիքի նոր ձեւ հաստատելու դիմումը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցրեց, որ այս տարի անցկացված խորհրդարանական եւ ՏԻՄ ընտրություններին կնիքի օքսիդացման հետ կապված առաջացած խնդրին ԿԸՀ-ն օպերատիվ լուծում է տվել: ԿԸՀ նախագահը պարոն Սաֆարյանի 2-րդ պահանջի մերժումը բացատրեց հանձնաժողովի նոյեմբերին ընդունած որոշմամբ, որով սահմանվել է կնիքի նմուշի նոր ձեւ, այն շեղանկյուն է լինելու: «Ըստ էության ձեր պահանջը բավարարված է»,- դիմեց պարոն Սաֆարյանին ԿԸՀ նախագահը:
Ս. Սաֆարյանն էլ առարկեց ԿԸՀ որոշմանը. «Անգամ մեծաքանակ թափահարումներից հետո մայիսի 6-ին կնիքները ցնդում էին: Չեմ ցանկանում, որ դեկտեմբերի 2-ին պարզվի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված թանաքանյութերը կրկին բերում են նույն խնդրին, որ ոչ թե չեն թափահարվում, այլ որ բաղադրության խնդիր ունեն»:
Պարոն Մուկուչյանն էլ ասաց, որ թանաքանյութերն արդեն հանձնվել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին: Ի պատասխան պարոն Սաֆարյանը հակադարձեց. «Եթե հանձնաժողովը հրաժարվում է դա անել, ապա հանրային վստահության կամ անվստահության ամբողջ պատասխանատվությունն ընկնում է այս հանձնաժողովի վրա: Եվ խնդրում եմ, ընտրությունների օրը իմ հայտարարություններին որեւէ գնահատական չտալ»:
Կարդացեք նաև
Պատգամավորի թեկնածուն նաեւ ասաց, որ ԿԸՀ որոշումն ինքը բողոքարկելու է, հետո հարցրեց. «Եթե հանձնաժողովներից որեւէ մեկում պարզվեց, որ թանաքանյութը ցնդում է 12 ժամից շուտ, ո՞վ է կրելու դրա պատասխանատվությունը : Պարոն Մուկուչյանն էլ պատասխանեց. «Տրամադրվել է թանաքանյութ, եւ ենթադրվում է , որ նման խնդիր չի առաջանա: Իսկ եթե առաջանա, ԿԸՀ-ն, լինելով պատասխանատու, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով կձեռնարկի համապատասխան միջոցառումներ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ