Այսօր՝ ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության երկրորդ օրը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանն ունի հինգ մասնակից, որոնցից երեքն արդեն ավարտել են պայքարը:
Առավոտյան մրցահերթում գերազանց ելույթ է ունեցել +91 կգ քաշային Նարեկ Մելքոնյանը, որն արդեն երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Չինաստանի ներկայացուցիչ Ֆուդինգ Շուին: Սա երեւանյան առաջնությունում առաջին եւ առայժմ միակ բացահայտ առավելությամբ հաղթանակն է, որը Նարեկի շնորհիվ գրանցվեց Հայաստանի հավաքականի օգտին:
Մրցակցի նկատմամբ անվիճելի առավելություն է ունեցել նաեւ 91 կգ քաշային կարգում մեր երկիրը ներկայացնող Ռաֆայել Սիմոնյանը: Նա միավորների 19:8 տարբերությամբ պարտության է մատնել Դաթա Կվիրկվելիային (Վրաստան):
Ցավոք, 60 կգ-ում Արման Դարչինյանը պարտվել է ռուսաստանցի Հուսեյն Բայսանգուրովին: Սա մեր երկրորդ կորուստն է աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Այս պահին պայքրի մեջ ներգրավվել են երեկոյան մրցահերթի մասնակիցները: Ռինգում իրենց առաջին մենամարտը պետք է անցկացնեն 75 կգ քաշային Արտավազդ Հարոյանը եւ Նիկոլ Արությունովը (81):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ