Այսօր ԱԺ-ում էր ԵԺԿ նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Վիլֆրեդ Մարտենսը: Նա ելույթ ունեցավ, որտեղ մասնավորապես նշեց, որ ընտրված քաղաքական գործիչներից, կուսակցություններից յուրաքանչյուրն ունի իր դերը. «Մեծապես կարեւորվում է քաղաքացիական ինստիտուտների դերը: Քաղաքացիները պետք է հեշտությամբ շփվեն այս տան հետ, ուստի խորհրդարանի աշխատանքը պետք է լինի թափանցիկ»:
Նա շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին՝ քաղաքացիական հասարակության առաջ ԱԺ-ի դռները բաց է պահել:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, որ մեծ է ԵԺԿ-ի դերը Եվրոպական միության կայացման գործում, քանի որ դրա արժեքներն ու սկզբունքներն իրոք հանդիսացել են եվրոպական նախագծի ստեղծման շարժիչ ուժ: Ըստ Հովիկ Աբրահամյանի` Հայաստանն էլ է հետեւում նույն քրիստոնեական արժեքներին: «Եվրոպական արժեքներին դավանելու իր պատմական եւ մշակութային առաքելությամբ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է Եվրոպայի եւ եվրոպական կառույցների հետ հարաբերությունների մերձեցման քաղաքականությունը: Հայաստանն իր վարած հավասարակշիռ եւ կառուցողական քաղաքականությամբ տարածաշրջանային կայունության կարեւոր գործոն է»,- ասաց ԱԺ նախագահը: Նա շեշտեց, որ ՀՀԿ-ն չի անդամակցում ԵԺԿ-ին, բայց պետք է անդամակցեր:
Ըստ Մարտենսի՝ «Փոփոխություններ ցանկանալը հեշտ է, իրագործելը` դժվար: Խորհրդարանի դերը հենց փոփոխություններ կատարելն է, այն կայուն եւ անշրջելի դարձնելը, քաղաքացիներին բացատրելը: Պետք է հասկանալ բոլորին՝ արհմիություններին, կանանց, բոլոր նրանց, ովքեր հավատում են իրենց արածին: Քաղաքացիական հասարակության դերը կարեւոր է կոռուպցիայի դեմ պայքարի, գիտելիք եւ փորձ ներդնելու համար: Քաղաքացիական հասարակությունը փոփոխության քամի է, որը ոչ ոք չի կարող կանգնեցնել: Փոփոխություն ուզելը հեշտ է, բայց դժվար է այն իրականացնել»: Նա նաեւ ասաց, որ քաղաքացիական հասարակությունը պետք է ճնշում գործադրի պաշտոնյաների վրա, նրանց խորհուրդներ տա, բայց ոչ մեղադրի: Մի մեղադրեք նրանց՝ փոփոխությունները արագ չկատարելու համար:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ