Գործազրկության, աշխատատեղերի պակասի և ցածր աշխատավարձի հարցերը հասարակության շրջանում չեն դադարում քննարկվել: Մինչդեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում խոստացել էր. «Աշխատանքը պետք է որոնի մարդուն», ինչը նշանակում է ունենալ արդյունավետ աշխատուժի շուկա, որը կբացահայտի կառուցվածքային գործազրկության խնդիրը»:
Արդյոք այս առումով ՀՀ նախագահը կատարե՞լ է խոստումը և ի՞նչ իրավիճակ է տիրում կոնկրետ ոլորտներում:
Aravot.am-ը այս հարցերի պատասխանները ստացավ տարբեր բնագավառների ներկայացուցիչների հետ զրույցում:
Կարդացեք նաև
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեր աշխատանքը հիմնականում այն է, որ մենք ենք մեզ համար գործ գտնում, կամ ճանաչում, քանդակ են պատվիրում: Բայց պիտի կյանքը լավանա, մարդիկ լավ ապրեն, որ իրենց շռայլություն և ճոխություն թույլ տան: Թե չէ հազիվ հացի փող են վաստակում: Դա միանգամից լուծվող խնդիր չէ: Մեկ ընտանիքի հետ գլուխ չենք կարողանում հանել, Սերժ Սարգսյանը ինչպե՞ս մի ամբողջ հանրապետության աշխատանքի հարց լուծի: Առողջ դատողությունն ասում է, եթե ինքը չլինի, ով կարող է դա անել: Բոլորն էլ, որ պաշտոնի նստում են, մի ուրիշ տեսակ են դառնում փոխվում են: Կլինի էլի, բայց շատ դանդաղ տեմպերով է լինում, կուզենայի, որ ավելի արագ լիներ»:
«Սիրիահայության աջակցություն և հայրենադարձություն» նախաձեռնող խմբի անդամ, հրապարակախոս Կարինե Հակոբյանն էլ կարծում է. «Որ աշխատանքը փնտրի և գտնի մարդուն, հենց այնպես, ինքնստինքյան տեղի չի ունենա: Դրա համար ոչ թե պետք է պարզապես ցանկություն հայտնել, այլ քայլեր ձեռնարկել, համապատասխան աշխատատեղեր ստեղծել և դրանց համապատասխան աշխատուժը կձևավորվի: Ձևակերպումը գեղեցիկ է, բայց այդ աշխատանքը պիտի լինի, և պետությունը նրա համար է, որ ստեղծի այդ աշխատատեղերը: Մենք, լինելով գիտական ներուժ ունեցող ազգ, պիտի գնայինք այն ճանապարհով, որ հիմա գիտական աշխատատեղեր ստեղծված լինեին, տնտեսական զարգացման համար հնարավորություններ լինեին: Այդ ամբողջը պետության պարտականությունն է: Իսկ եթե պետությունն իր պարտականությունները կատարած լիներ, աշխատատեղ լիներ, արտագաղթը նվազած կլիներ, քանի որ հիմնականում գնում են, աշխատանք չլինելու, սեփական մասնագիտությամբ աշխատանք չգտնելու պատճառով»:
Մեր այն հարցին՝ նախագահի խոստումը կատարվե՞լ է, թե՞ ոչ, տիկին Հակոբյանը պատասխանեց. «Խոստումը իհարկե չի կատարվել: Կառավարությունը պիտի այդ ուղղությամբ գործողություններ աներ, այսինքն այն միլիարդները, որ որոշ գործարարների ձեռքին են կուտակված, պետությունը պայմաններ պիտի ստեղծի, որ ներդրումներ արվեն և համապատասխան աշխատատեղեր բացվեն: Եթե չի արվում, աշխատատեղեր չեն բացվում և աշխատանքը չի գտնում մարդուն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ