Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի գործով» նիստը՝ կիսադատարկ դահլիճում

Նոյեմբեր 30,2012 16:59

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր ընթացող «Հարսնաքարի գործով» դատաքննությանը, տուժող Էդգար Նիկոյանին հարցեր տվեցին ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանի, Արթուր Բաբլոյանի, Արման Բաղդասարյանի, Նորայր Հայրապետյանի եւ Դավիթ Ադամյանի պաշտպանները։ Պաշտպանական կողմի հարցերից պարզվեց, որ տուժողը այս տարվա հունիսի 17-ին, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բռնարարքի զոհ դարձած Վահե Ավետյանի քենակալն է։

Այն հարցին, թե ե՞րբ է նա հայտնվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, տուժողը պատասխանեց, որ Արկադի Աղաջանյանի հեռախոսով իրեն էր զանգել Վահեն եւ հայտնել, որ նրա ծննդյան օրն է։ Այդ օրը, մինչ «Հարսնաքար» ռեստորանային համալիր հասնելը, Էդգար Նիկոյանը ժամը 20.00-20.30-ի սահմաններում հեռախոսով կապվելով ընկերների հետ, հասել էր Արզնու ձոր, ուր գտնվել էր Վահեն՝ իր ընկերների հետ, եւ երաժշտություն լսելու նպատակով՝ չանցած կես ժամ, նրանք եկել էին «Հարսնաքար» ռեստորանային համալիր։

Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանին հետաքրքրում էր, թե իրենց հետ եղած միակ կնոջը՝ Վահեի ընկերուհի Լիաննա Նավոյանին, տեսե՞լ է Արզնիում, տուժողը պատասխանեց դրական։ Պաշտպանին հետաքրքում էր՝ երբ նրանք դուրս եկան Վահեի ետեւից, (նա գնացել էր լվացվելու), Լիաննան որտե՞ղ էր այդ ժամանակ։ Տուժողը պատասխանեց, որ Լիաննան մնացել էր սրահում։ Պաշտպանին հետաքրքրում էր նաեւ, թե երբ մատուցողը Վահեին նախազգուշացրել է, դա եղե՞լ է Լիաննայի ներկայությամբ, Նիկոյանը պատասխանեց, որ չի հիշում։ Նա նաեւ հայտնեց, որ Վահեն մեկ անգամ է լքել իրենց սեղանը։

Այն հարցին, թե գինովցած վիճակում ինչպիսի՞ն էր Վ. Ավետյանը, պատասխանեց՝ «Ոնց որ ես հիմա»:

Պաշտպանական կողմի հարցերին, թե իրենց պաշտպանյալները հարվածե՞լ են տուժողին, նրա ընկերների՞ն, եւ ի՞նչ պահանջներ ունի առանձին-առանձին ամբաստանյալներից, տուժողը պատասխանեց, որ «ծեծելու ընթացքում որեւէ մեկին չի տեսել, նրանք անվերջ շարժվում էին, ոտքերով հարվածում, խոսելիս էլ չի տեսել, իսկ իր բողոքն այն է, որ ամբաստանյալները իրեն եւ իր ընկերներին ծեծի են ենթարկել»:

Պաշտպանական կողմը հաճախ էր միատեսակ հարցեր տալիս՝ ակնկալելով ենթադրական պատասխան։ Այն է՝ հնարավո՞ր է, որ այս անձինք չեն հարվածել ձեզ, ձեր ընկերներին, դուք բացառո՞ւմ եք, որ ձեզ հարվածողները դրսում են, ինչին առարկեց ինչպես մեղադրող Արթուր Դավթյանը, այնպես էլ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը։ Վերջինս նաեւ նկատեց, որ ամբաստանյալների պաշտպանները իրենց հարցերով ժամանակ են կորցնում։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 3-ին։ Տուժողի հարցաքննությունն անավարտ մնաց։

Հիշեցնենք, որ «Հարսնաքարի» գործով մինչ օրս ավարտվել են տուժողներ Գարիկ Սողոմոնյանի եւ Արտակ Բայադյանի հարցաքննությունները։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930