Այսօր ԱԺ-ում է ԵԺԿ -ի պատվիրակությունը: ԵԺԿ փոխնախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրանեսթ ԽՎ-ի փոխնախագահ Յացեկ Սարիուս-Վոլսկին ելույթ ունեցավ, որից հետո երիտասարդ պառլամենտականները եւ պատգամավորները մի շարք հարցեր ուղղեցին նրան: Պարոն Սարիուս-Վոլսկիի խոսքերով՝ «Եվրաինտեգրումը կարելի է դիտել ոչ միայն մակերեսի վրա, դա ոչ թե պետական մակերեսի մոտեցումն է, այլ մարդկանց, հասարակությունների մերձեցումը: Դրա համար մեզ անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության հյուսվածքը, հասարակական գործիչներ, որոնք կարողանան մի երկիրը մյուսի հետ աշխատել: Հորիզոնական կապեր կարողանալ ստեղծել միմյանց հետ եւ օգնել, որ հասարակությունն իրար ավելի լավ հասկանան, որովհետեւ ինտեգրումը տեղի է ունենում քաղաքացիական հասարակության միջոցով: Կան քաղաքացիական հասարակության տարբեր կատեգորիաներ՝ գործատուներ, աշխատողներ, գյուղացիներ,կանայք, ԶԼՄ-ներ եւ այլն: Այն էական նշանակություն ունի հանգուցային պառլամենտական կյանքի համար: Պառլամենտները բաց են քաղաքացիական հասարակության առջեւ: Պառլամենտի անդամները միշտ շփման մեջ են քաղաքացիական հասարակության հետ, եւ մենք այդպես ենք միշտ կոնսոլիդացնում ժողովրդավարությունը: Կարեւորը, որ դիալոգի մեջ, շփման մեջ լինես ԵՄ տարբեր երկրների քաղաքացիական հասարակության հետ: Քաղաքացիական հասարակության ցանցերը կարեւոր նշանակություն ունեն պառլամենտական ժողովրդավարության, ժողովրդավարության եւ ինտեգրացման համար»:
Մի երիտասարդ պառլամենտական շատ ուշագրավ հարց տվեց: Պատասխանն ավելի քան ուշագրավ էր: Հարցին՝ ԼՂՀ-ն թեկուզ դիտորդի կարգավիճակում չի՞ կարող ներգրավված լինել «Եվրանեսթում», գիտենք, որ Ադրբեջանի կողմից ռազմատենչ հայտարարություններ են հնչել, չե՞ք կարծում, որ ԼՂՀ ներկայությունը կդառնար զսպաշապիկ՝ Յացեկ Սարիուս-Վոլսկին պատասխանեց. «Այդ ակնկալիքի, եվրամոտեցման մասին ասացի, որ Ադրբեջանի հետ հատուկ է հարաբերությունը: Ես խորհուրդ չէի տա դա արվի: Լավ կլիներ, բայց անհնար է: Պատասխանը ոչ է: Եթե ԼՂՀ-ն մտցնեն «Եվրանեսթ», «Եվրանեսթը» կփլվի, որովհետեւ Ադրբեջանը դուրս կգա դրանից: Մեր նավը չծանրաբեռնենք ծանր բեռով, չլծվենք հակամարտության ծանրության տակ, քանի որ նավը կխորտակվի: Եթե նպատակ ունենք մոտեցնել այս պետություններին, եկեք դա անենք: Կան մեծ գործոններ, մեծ ուժեր են դրանց հետեւում, ես ձեզ չպետք է ասեմ, դուք գիտեք: Կամ ոչ մի բան չենք ուզում անել, կամ անենք այնպես, որ շատ բեռ չդնենք այս նավի վրա: Մենք նույն բանը նրանց ենք ասում, Ադրբեջանին ենք ասում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ