Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ

Նոյեմբեր 30,2012 16:11

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ տասներեքերորդ

ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ

Եվ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու Ֆերեշեթին ասաց՝ «բայց այստեղ լուրջ պարադոքս կա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «եւ դուք միանգամայն իրավացիորեն  դա նկատեցիք», եւ Ֆերեշեթն ինքնագոհ ժպտալով Ներսիսյանին հարցրեց՝ «ի՞նչ պարադոքս», եւ Ներսիսյանը բավական երկար մտածեց ու ասաց՝ «հին ֆորմացիայի քաղքենի մտավորականությունը վերանում է, իսկ նոր ֆորմացիայի քաղքենի մտավորականության ձեւավորման ու առաջացման համար երկար ժամանակ կպահանջվի», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «հետո՞ ինչ», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հետո այն, որ ներկայիս իշխանություններն առանց քաղքենի մտավորականության աջակցության ի վիճակի չեն լինելու կառավարել», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ինչի՞ չպիտի ի վիճակի լինեն», եւ Ներսիսյանը ժպտալով ասաց՝ «դա արդեն աքսիոմ է» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «աքսիոմների շուրջ չվիճենք», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «բա ո՞նց պիտի անեն», եւ Ներսիսյանը հարցրեց՝ «ովքե՞ր», եւ Ֆերեշեթը պատասխանեց ու ասաց՝ «ներկայիս իշխանությունները», եւ Ներսիսյանը  մի քիչ մտածեց ու ասաց՝ «ցանկացած իշխանություն քաղքենի մտավորականության կարիքն օդի ու ջրի պես է զգում», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «բա հիմի մեր խեղճ իշխանությունն ի՞նչ պիտի անի», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «ստիպված  պիտի նախորդ ֆորմացիայի քաղքենի մտավորականությանը ռեանիմացիայի ենթարկեն, որպեսզի նրա մոտալուտ վախճանը կանխեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մինչեւ նոր ժամանակների քաղքենի մտավորականությունը ձեւավորվի ու առաջանա», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Ներսիսյանին հարցրեց՝ «էս դաշնակահար հարեւաններիդ է՞լ պիտի  ռեանիմացիայի ենթարկեն», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ ասածներն ամենեւին էլ այս թշվառականներին չի վերաբերում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «այս խեղճերը չափազանց հոգնած եւ աննշան մարդիկ են, ինչ-որ իմաստով՝ նույնիսկ ազնիվ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «խոսքս վերաբերում էր նշանավոր ճարպիկներին ու տոկուններին, որոնք ցանկացած իշխանության հետ կարողանում են լեզու գտնել» եւ մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղով  ավելացրեց՝ «ժամանակակից  հայերենով ասած՝ ինտեգրվել», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «հիմի արդեն հասկացա», եւ Ներսիսյանը ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «ուրախ եմ, որ ալկոհոլն ի զորու չի եղել ազդել ձեր հասկացողության օրգանների վրա», եւ Վահանը ծիծաղելով Ֆերեշեթին հարցրեց՝ «դու հիմի հին ֆորմացիայի մտավորականության ներկայացուցիչ ե՞ս, թե՝ նոր», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «համ հին, համ էլ՝ նոր» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «բայց քաղքենի չեմ», եւ Ներսիսյանը ժպտալով Վահանին ասաց՝ «խմիչքը նրան մշտապես հետ է պահել քաղքենիության խորխորատներից», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «բայց ալկոհոլիկ քաղքենիներ էլ կան», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու Ֆերեշեթին ասաց՝ «այդ թշվառականներն  իշխանությունների համար չեն կարող հուսալի հենարան հանդիսանալ» եւ մի քիչ էլ մտածեց  ու ավելացրեց՝ «եթե նույնիսկ շատ ուզենան» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ալկոհոլիզմը ոչ միայն շարքային քաղաքացիների տներն է քանդում, այլեւ՝ կարիերիստներինը», եւ Ֆերեշեթը քթի տակ խնդմնդալով ասաց՝ «Էֆենդին որ ուզենա, կարա մի հատ շատ ուժեղ գիրք գրի», եւ Վահանը Ֆերեշեթին  հարցրեց՝ «ի՞նչ գիրք», եւ Ֆերեշեթը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «խմիչքը եւ նրա հետեւանքները» թեմայով», եւ Ներսիսյանը Ֆերեշեթի վրա գոռաց՝ «պապանձվե՛ք» եւ մի քիչ մտածեց ու ավելի բարձր գոռալով ավելացրեց՝ «դուք այդ գիրքը ձեր անձնական օրինակով եք գրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ձեր սեփական կյանքով ու կենսագրությամբ», եւ Ֆերեշեթը  փռթկացնելով ասաց՝ «հիմի դաշնակահարը կհայտնվի», եւ Ներսիսյանը Ֆերեշեթի վրա գոռաց՝ «չհամարձակվե՛ք ծաղրել Աստծո անմեղ ու անպաշտպան արարածներին», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Ներսիսյանին հարցրեց՝ «եթե Աստծո արարածներ են, էլ ո՞նց են անպաշտպան» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Աստված պիտի որ տիրություն անի իրանց», եւ Ներսիսյանը մի քիչ  մտածեց ու հոգոց հնելով ասաց՝ «մենք բոլորս էլ Աստծո արարածներ ենք, բայց շատերը չեն դիմանում», եւ Ֆերեշեթը հարցրեց՝ «ինչի՞ն չեն դիմանում», եւ Ներսիսյանը պատասխանեց ու ասաց՝ «երկրային կյանքին», եւ Վահանն ասաց՝ «Աստված ինքն էլ երկրային կյանքին չդիմացավ», եւ Ֆերեշեթը Վահանին ասաց՝ «եթե Հիսուսին նկատի ունես, Ինքը առաքելություն ուներ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Ինքը պարտավոր էր խաչվել», եւ Ներսիսյանն արհամարհական նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «ես ձեզ խորհուրդ եմ տալիս վերջ տալ ձեր այդ արատավոր սովորությանը», եւ Ֆերեշեթը Ներսիսյանին հարցրեց՝ «ո՞ր արատավոր սովորությանը», եւ Ներսիսյանն արհամարհական նայեց Ֆերեշեթին ու քամահրանքով ասաց՝ «անսթափ վիճակում Աստծո գործերից խոսելու սովորությանը» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «լավ կանեք՝ ձեզ մատչելի ու հասանելի բաներից խոսեք», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝  «էդ ուղղությամբ աշխատում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես ինքս եմ ուրիշներին խորհուրդ տալիս, որ Աստծո անունը չչարաշահեն», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու չափազանց խիստ տոնով Ֆերեշեթին ասաց՝ «լավ կլինի՝ երբեմն էլ ինքներդ ձեզ խորհուրդներ տաք», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իսկական քրիստոնյաները հենց ըտենց են անում», եւ Վահանը Ֆերեշեթին հարցրեց՝ «իսկական քրիստոնյաները ո՞նց են անում», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իսկական քրիստոնյաներն ու իսկական հավատացյալները նախ իրանք իրանց են քննում, հետո նոր՝ ուրիշներին» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ճիշտը որ ուզում եք իմանաք, իսկական քրիստոնյան ու իսկական հավատացյալն ուրիշներին քննելու ու դատելու իրավունք չունի» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «եթե, իհարկե, մասնագիտությամբ քննիչ կամ դատավոր չի», եւ Ներսիսյանն արհամարհական նայեց Ֆերեշեթին, մի քիչ մտածեց ու քամահրանքով  ասաց՝ «պարզվում է՝ դուք մասնագիտությամբ ե՛ւ դատավոր եք, ե՛ւ քննիչ» եւ մի քիչ էլ մտածեց ու արհամարհական ավելացրեց՝ «ինչպես նաեւ՝ հավատաքննիչ», եւ Ֆերեշեթը մի  քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «Վահանը հարց տվեց, ես էլ պատասխանեցի», եւ Ներսիսյանը նախ Վահանին նայեց, այնուհետեւ թարս նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «կրտսեր Իշխանյանի հարցասիրությունը մի կերպ կարելի է հասկանալ» եւ մի քիչ մտածեց ու չափազանց խիստ տոնով ավելացրեց՝ «բայց ապշեցուցիչն այն է, որ դուք բոլոր հարցերի պատասխաններն ունեք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «նույնիսկ  ձեր այս անսթափ վիճակում», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու կմկմալով ասաց՝ «էնքան էլ անսթափ վիճակում չեմ», եւ Ներսիսյանը մի քիչ  մտածեց ու խիստ տոնով Ֆերեշեթին ասաց՝ «եթե անսթափ վիճակում չեք, ուրեմն՝ կարող եք սկսել», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «ի՞նչը սկսեմ», եւ Ներսիսյանն ավելի խիստ տոնով Ֆերեշեթին ասաց՝ «սկսեք պատմել», եւ Ֆերեշեթն ավելի զարմացած հարցրեց՝ «ի՞նչ պատմեմ», եւ Վահանը փռթկացնելով Ֆերեշեթին ասաց՝ «պիտի պատմես՝ ոնց «Ար»-ից էկանք էստեղ», եւ Ներսիսյանը խեթ նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «կրտսեր Իշխանյանը ձեր պարտավորությունները ձեզնից լավ է հիշում», եւ Ֆերեշեթը քթի տակ փնթփնթալով ասաց՝ «որ ինձնից լավ ա հիշում, թող ինքն էլ պատմի», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց  ու խիստ տոնով ասաց՝ «ինձ մասնավորապես այդ կիսադատարկ շշի ոդիսականն է հետաքրքրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «եթե այդ չարաբաստիկ շիշը կրտսեր Իշխանյանի ծոցագրպանում գտնվեր, ես նրան կխնդրեի պատմել», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու կմկմալով Ներսիսյանին ասաց՝  «եթե էդքան հետաքրքրում ա, կպատմեմ», եւ Ներսիսյանն արհամարհական նայեց Ֆերեշեթին ու քամահրանքով ասաց՝ «անչափ է հետաքրքրում» եւ մի քիչ մտածեց ու հեգնանքով ավելացրեց՝ «նման դարակազմիկ իրադարձություն ամեն օր չի տեղի ունենում», եւ Ֆերեշեթը կմկմալով Ներսիսյանին հարցրեց՝ «ի՞նչ դարակազմիկ իրադարձություն ա տեղի ունեցել», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու չափազանց խիստ տոնով Ֆերեշեթին ասաց՝ «եթե կարծում եք թե՝ նմանատիպ կիսադատարկ շշերով մարդիկ ամեն օր են սույն օջախ համենում, չարաչար սխալվում եք», եւ Ֆերեշեթը նայեց սեղանին դրված շշին, մի քիչ մտածեց ու կմկմալով Ներսիսյանին ասաց՝ «բայց հետներս լիքը շիշ էլ ենք բերել», եւ Ներսիսյանը խիստ տոնով Ֆերեշեթին ասաց՝ «խոսքս ոչ թե լիքը շշին է վերաբերում, այլ՝ կիսադատարկին» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «եթե դեռեւս ի վիճակի եք հիշել, պիտի ձեզ հիշեցնեմ, որ դուք ձեր աջ ծոցագրպանից նախ կիսադատարկը հանեցիք եւ դրեցիք ամանորյա սույն սեղանին» եւ մի քիչ էլ մտածեց ու բարկացած ավելացրեց՝ «եւ միայն իմ պարտադրանքից հետո ձեր ձախ ծոցագրպանից այս ամբողջականը հանեցիք», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «փոխս էի գցել, Էֆենդի» եւ մի քիչ էլ մտածեց ու ամոթխած ժպտալով ավելացրեց՝ «ինձ թվում էր՝ կիսադատարկը ձախ ծոցագրպանինս ա», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «ես էլ եմ հակված  հավատալ, որ որեւէ դիտավորություն չի եղել», եւ Ֆերեշեթը քթի տակ ժպտալով ասաց՝ «ոչ մի դիտավորություն» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ընդամենը պատահականություն ու թյուրիմացություն ա տեղի ունեցել», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու բավական սիրալիր տոնով Ֆերեշեթին ասաց՝ «փորձում եմ հավատալ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց, ցավոք սրտի, ձեր արդարացումն ու ձեր պատասխանն ինձ չեն բավարարում», եւ Ֆերեշեթը Ներսիսյանին հարցրեց՝ «ի՞նչ իմաստով չեն բավարարում», եւ Ներսիսյանը բավական երկար մտածեց ու բավական մեղմ տոնով Ֆերեշեթին ասաց՝ «քանի որ դուք վերջին շրջանի իմ սակավաթիվ մտերիմներից եք, ձեր կերպարն ինձ ավելի է հետաքրքրում, քան՝ ուրիշներինը» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դուք պարտավոր եք ձեր խոնարհ ծառային իրազեկել՝ ինչպես եւ ինչ հանգամանքներում է այդ կիսադատարկ շիշը ձեր աջ ծոցագրպանում հայտնվել», եւ Վահանը ժպտալով Ֆերեշեթին հարցրեց՝ «ինչի՞ չես ուզում պատմես», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու նեղսրտելով Վահանին ասաց՝ «թողում ա՞, որ պատմեմ», եւ Վահանը ժպտալով Ֆերեշեթին հարցրեց՝ «ո՞վ չի թողում», եւ Ֆերեշեթը կմկմալով պատասխանեց ու ասաց՝ «Էֆենդին», եւ Վահանը ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «ընդհակառակը. ինքն ա խնդրում, որ պատմես», եւ Ներսիսյանն անսպասելի գոռաց՝ «ես ոչ թե խնդրում, այլ պահանջո՛ւմ եմ» եւ մի քիչ մտածեց ու Ֆերեշեթին նայելով ավելացրեց՝ «ես պահանջում եմ, որպեսզի այդ քստմնելի  պատմության մութ անկյունները լուսավորեք», եւ Վահանը ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «եթե Ֆերեշեթի համար դժվար ա, ես կարամ լուսավորեմ», եւ Ներսիսյանը զարմացած նայեց Վահանին ու հարցրեց՝ «ի՞նչը լուսավորեք», եւ Վահանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «մութ անկյունները», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու Վահանի վրա գոռաց՝ «ո՛չ մի դեպքում» եւ մի քիչ էլ մտածեց, արհամարհական նայեց Ֆերեշեթին ու գոռաց՝ «կրտսեր Իշխանյանը պարտավոր չէ ձեր փոխարեն բացատրություններ տալ», եւ Ֆերեշեթը նեղսրտելով Վահանին ասաց՝ «կրակի վրա յուղ ե՞ս լցնում», եւ Վահանը ժպտալով Ֆերեշեթին հարցրեց՝ «ո՞ր կրակի», եւ Ֆերեշեթը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «հավերժական կրակի», եւ Ներսիսյանը Ֆերեշեթի վրա գոռաց՝ «պապանձվե՛ք», եւ Ֆերեշեթը կմկմալով Ներսիսյանին ասաց՝ «համ ասում ես՝ պապանձվեմ, համ էլ  պահանջում ես, որ պատմեմ», եւ Վահանը փռթկացնելով Ֆերեշեթին ասաց՝ «ոչ թե պիտի պատմես, այլ պիտի մութ անկյունները լուսավորես», եւ Ներսիսյանը թարս նայեց Վահանին ու խիստ տոնով ասաց՝ «կատակները մի կողմ ենք դնում», եւ Ֆերեշեթը նեղսրտելով Ներսիսյանին ասաց՝ «ինքը ոչ թե կատակ ա անում, այլ կրակի վրա յուղ ա լցնում», եւ Ներսիսյանը փռթկացնելով Ֆերեշեթին հարցրեց՝ «հավերժական կրա՞կը նկատի ունեք» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «դուք չափահաս մարդ եք եւ պարտավոր եք իմանալ, որ այս համատարած երկնի ներքո որեւէ հավերժական բան գոյություն չունի» եւ մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «մինչեւ իսկ ձեր աջ ծոցագրպանում ծվարած շշի պարունակությունը հավերժական չէ» եւ մի քիչ էլ մտածեց ու փռկացնելով ավելացրեց՝ «առաջին իսկ պատեհ առիթի  դեպքում դուք այն կոչնչացնեք», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «պարզ ա, որ ոչնչացնելու եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դեմներս նոր տարի ա», եւ Ներսիսյանն արհամարհական նայեց Ֆերեշեթին ու քամահրանքով  ասաց՝ «ձեզպեսների համար ամեն օր է նոր տարի», եւ Ֆերեշեթը քթի տակ խնդմնդալով ասաց՝ «ի՞նչ վատ ա որ», եւ Վահանը ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «հերիք ա ցրես», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «ի՞նչն եմ ցրում», եւ Վահանը ժպտալով Ֆերեշեթին հարցրեց՝ «չես պատմելո՞ւ», եւ Ֆերեշեթն ավելի զարմացած հարցրեց՝ «ի՞նչը չեմ պատմելու», եւ Վահանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «էդ կիսադատարկ շշի պատմությունը», եւ Ներսիսյանը ժպտալով Վահանին ասաց՝ «ես համբերությամբ կսպասեմ», եւ Ֆերեշեթը նեղսրտելով Վահանին ասաց՝ «էլի կրակի վրա յուղ ե՞ս լցնում», եւ ես ծիծաղելով Ֆերեշեթին ասացի՝ «հիմի արդեն ոչ թե յուղ ա լցնում, այլ՝ բենզին», եւ Ներսիսյանը հիացած նայեց ինձ ու ժպտալով բացականչեց՝ «վերջապես մեր անտիպոետն էլ արտահայտվեց» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «տիար Շեկունց, միթե ձեզ չի հետաքրքրում դույն կիսադատարկ շշի գոյության պատմությունը», եւ ես ժպտալով Ներսիսյանին ասացի՝ «եթե պետք ա, ես կարամ էդ պատմությունը սկզբից մինչեւ վերջ պատմեմ», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու անսպասելի գոռաց՝ «կրտսեր Իշխանյանի հետ խոսքներդ մեկ ե՞ք արել», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց ենք խոսքներս մեկ արել», եւ Ներսիսյանը տհաճությամբ նայեց ինձ ու նեղսրտած ասաց՝ «փաստորեն, խանգարում եք», եւ Վահանը ժպտալով Ներսիսյանին հարցրեց՝ «ինչի՞ն ենք խանգարում», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց, արհամարհական նայեց Ֆերեշեթին, հետո նայեց Վահանին ու նեղսրտած ասաց՝ «խանգարում եք. չեք թողնում, որ երիտասարդն իր իսկ կիսադատարկ շշի լինելիության պատմությունն ինքնուրույնաբար շարադրի», եւ Ֆերեշեթը կմկմալով Ներսիսյանին ասաց՝ «էդ կիսադատարկ շիշն իմը չի», եւ Ներսիսյանը զարմացած նայեց Ֆերեշեթին ու հարցրեց՝ «միթե հարեւաններինն է», եւ Ֆերեշեթը փռթկացնելով ասաց՝ «դաշնակահարներն էլ էդ շշի հետ ոչ մի կապ չունեն»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930