Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խոշտանգող սկեսուրը ընդամենը 1 տարի «կնստի» (Տեսանյութ)

Նոյեմբեր 30,2012 16:06

 

Հարսին խոշտանգած սկեսուրին` Հայկանուշ Միքայելյանին, այսօր Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանը վճռեց դատապարտել 4 տարի ազատազրկմամբ: Ըստ վճռի, Հայկանուշի նկատմամբ պետք է կիրառվի ՀՀ անկախության հռչակման կապակցությամբ հայտարարված համաներումը, ինչը նախատեսում է չկրած պատժի ժամկետը կրճատել 1/3-ով:

Դատավոր Արմեն Բեկթաշյանի` վճիռը հայտարարելուց հետո, դահլիճում աղմուկ, դժգոհություններ, նույնիսկ ծափահարություններ հնչեցին: Ըստ էության վճռից դժգոհ են 2 կողմերն էլ:

4 տարի ազատազրկման դատապարտված Հայկանուշ Միքայելյանի որդին` Դավիթ Զիրոյանն Aravot.am-ի հարցին ի պատասխան` պատրաստվո՞ւմ է բողոքարկել, վստահեցրեց, որ մինչեւ վերջին ատյան գնալու է, քանի որ վճիռն անարդար է:

Իսկ տուժող Մարիամ Գեւորգյանն ու նրա փաստաբան Նոնա Գալստյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրին, որ իրենք էլ բողոքարկելու են եւ պահանջելու են պատժի առավելագույն ժամկետ` 5 տարի ազատազրկում:

Դատարանը նաեւ նշեց, որ Հայկանուշ Միքայելյանի պատժի կրման ժամկետը կհաշվարկվի այս տարվա մայիսի 17-ից, քանի որ հենց այդ օրվանից է նա կալանավորված: Ըստ էության, Հայկանուշ Միքայելյանը ազատազրկված կմնա 1 տարի, ինչը Մարիամ Գեւորգյանի եւ նրա հարազատների դիտարկմամբ, նույնիսկ պատիժ էլ չէ, քանի որ Մարիամը, ըստ նրանց, պարբերաբար զրկանքների ու խոշտանգման է ենթարկվել:

Այս առնչությամբ էլ, դատապարտված սկեսուրի հարազատներն ու որդին` Դավիթ Զիրոյանը, մեզ հետ զրույցում հերքեցին, որ որեւէ խոշտանգում կամ զրկանքներ են կիրառել եւ ունեն բոլոր փաստաթղթերն ու ապացույցները, որ Մարիամը զրպարտում է իրենց, ինչի հիման վրա էլ կդիմեն դատարան:

Հիշեցնենք, որ Մարիամ Գեւորգյանը որպես վնասի փոխհատուցում եւ առողջությունը վերականգնելու համար հայցով դիմել էր դատարան՝ մեղադրվող կողմից 17 միլիոն դրամի պահանջով, սակայն գործը քննության չի առնվել եւ այսօր դատարանը որոշեց, որ կարող է առանձին հայցով դիմել:

Այս տարվա մայիս ամսից ընթացող դատական նիստին թեեւ հնարավորություն չկար հետեւելու` դռնփակ լինելու պատճառով, Մարիամի եւ Հայկանուշի հարազատները ամեն նիստի օրերին դատարանի շենքի առջեւ պաստառներով հավաքվում էին եւ 2 կողմերն էլ միմյանց հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելով բողոքի ակցիա էին անում, դատարանից էլ պահանջում էին արդար դատավարություն:

Այս ամիսների ընթացքում ակցիա էր կազմակերպում նաեւ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, այսօր կոալիցիայի անդամներն առանց պաստառների էին, բայց դատապարտյալ Հայկանուշ Միքայելյանի որդին եւ հարազատները մեղադրեցին կոալիցիայի անդամներին, որ վերջիններս անաչառ չեն եղել, եւ իրենք էլ ազդեցություն են ունեցել, որ դատարանը նման որոշում է կայացրել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930