Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի տարածքում գործող «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամներն արդեն երեք դատ են շահել ընդդեմ ՀՀ-ի, ու երկիրը պարտավոր է կատարել «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի», «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» կայացված վճիռների պահանջը եւ նրանց վճարել 30 000 եվրո տուգանք:
Այսօր «Հայելի» ակումբում թեմայի շուրջ խոսեցին Երեւանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը եւ բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Հարությունյանը:
«Տեղին է, որ Եվրոպական դատարանը նման վճիռ է կայացրել, որովհետեւ ինչ- որ կոնվենցիա վավերացնելուց պետք է զգոն լինեինք: Մեր եկեղեցին քարացել է, իսկ աղանդավորական շարժումները գրավում են մարդկանց, աղքատներին ներքաշում իրենց շարքերը: Իհարկե՝ կներեք, բայց մեր եկեղեցին քնած է: Տպավորություն չստեղծվի, թե ես աղանդավորներին եմ պաշտպանում, բայց դարերով իր հզորությունը պահպանած եկեղեցին այսօր բուրժուականանում է: Շքեղ ծիսակարգեր անել` դեռեւս չի նշանակում քարոզը տեղ հասցնել: Եկեղեցին այնպիսի վիթխարի հարստություններ է կուտակել, որ փողերի տակից հյութ է հոսում, բայց չես կարող դրանից օգտվել, որովհետեւ պահված է «սեյֆի» մեջ: Մենք գիրուկ սրբազաններ ունենք, որոնք ասես դինոզավրերի ժառանգորդները լինեն: Խոսքը, իհարկե, բոլորին չի վերաբերում: Իսկ ո՞ւր են եկեղեցու խոհանոցային կաթսաները. Ինչո՞ւ տոն օրերին սնունդ չեն բաժանում աղքատներին, ինչպես դա կատարվում է Լոնդոնում` շարժական խոհանոցներով: Ճիշտ է, դրանով չես փրկի աղքատությունը, բայց գոնե հույս ես տալիս մարդկանց»,-ասաց Արտեմ Հարությունյանը: Նրա խոսքով. «Մենք եկեղեցու հովանու տակ ենք, բայց վերջինս չի ուզում տեսնել մարդկանց թշվառությունը»:
Ռուբեն Բաբայանը Եվրադատարանի որոշման շուրջ խնդիրը տեսնում է հասարակության մեջ. «Եկեք տեր կանգնենք այն գումարներին, որոնք մուծում ենք պետությանը: Ինչու պետք է այդ տուգանքը մեր գրպանից վճարվի: Պետք է հասկանանք, որ պետական գանձարան գոյություն չունի, դրանք մեր գումարներն են: Մենք կրթությանն ու մշակույթին կոպեկներ ենք հատկացնում, բայց տուգանքներ ենք վճարում` ինչ- որ մեկի անգրագիտության համար»:
Կարդացեք նաև
Եկեղեցու շուրջ Բաբայանն ասաց. «Խոսքը գնում է ոչ թե մարդկանց՝ դեպի Աստված բերելու, այլ այն մասին, որ վաճառված մոմի գումարը հանկարծ ուրիշի գրպանը չգնա: Միաժամանակ ասեմ, որ բազմաթիվ լավ հոգեւորականներ կան: Բայց ինչո՞ւ ենք խնդիրը դնում միայն եկեղեցու վրա. չէ՞ որ մտավորականներ կան, որոնք պետք է օրինակ ծառայեն»:
Հաջորդիվ կներկայացնենք նաեւ եկեղեցու մեկնաբանությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ