Լրահոս
Օրվա լրահոսը

Վախենում են խարանվելուց ու ՄԻԱՎ-ի դեմ չեն հետազոտվում (Տեսանյութ)

Նոյեմբեր 30,2012 15:39

Աղքատությունը, միգրացիան, խարանը, խտրականությունը մեր երկրում ամենամեծ խոչընդոտներն են, որպեսզի ՄԻԱՎ վարակի տարածումը կանխվի: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով, այսօր առողջապահության նախարարությունում ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի համակարգող Հովհաննես Մադոյանը վկայակոչելով վիճակագրությունը, կարծիք հայտնեց, որ դեպքերը կնվազեն, եթե մարդիկ տեղեկացված լինեն ու, ամենաչնչին կասկած ունենալու դեպքում, առանց վախենալու դիմեն ու հետազոտվեն: «ՄԻԱՎ-ի հետազոտությունն անվճար է եւ անանուն»,-վստահեցրին ասուլիսին ներկա առողջապահության ոլորտի պատասխանատուները:

Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին հիշում միջազգային օրից-օր, մինչդեռ խարանի ու խտրականության դեմ պայքարելու համար հասարակության հետ տարին կլոր աշխատանք է պահանջվում, առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ու ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը վստահեցրին, որ ՁԻԱՀ-ի դեմ պայքար է մղվում ողջ տարվա ընթացքում: Նրանց պատասխանը` տեսանյութում.

Ըստ Սամվել Գրիգորյանի, 1988 թ.-ից առ այսօր մեր երկրում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1359 դեպք, որոնցից 206-ը այս տարվա ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: Ներկայումս Հայաստանում 26 երեխա է ապրում ՄԻԱՎ վարակով: Սամվել Գրիգորյանի խոսքերով, ՄԻԱՎ-ով վարակվածների 56,4 %-ը ախտորոշման պահին եղել են 25-39 տարեկան մարդիկ: ՄԻԱՎ վարակով հիվանդների թվում գերակշռողը տղամարդիկ են: Վարակի փոխանցման հիմնական ուղիները, ինչպես մասնագետները նշեցին, սեռական ճանապարհով եւ թմրամիջոցների ներերակային օգտագործման միջոցով է: Թմրամիջոցների ճանապարհով վարակվածները գրեթե բոլորը տղամարդիկ են: Նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել է ՌԴ-ում եւ Ուկրաինայում:

Սերգեյ Խաչատրյանը ձեռքբերում համարեց, որ 2007-ից ի վեր ոչ մի դեպք չի գրանցվել արյան դոնորի եւ հղի կնոջից երեխային` ՄԻԱՎ վարակի փոխանցման:

ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Մանյա Հենրիետ Աարենսի խոսքերով էլ, ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ «շատ տանջանքների» են ենթարկվել այս տարիների ընթացքում եւ դրա հիմնական պատճառներն են խարանը եւ խտրականությունը:

Տիկին Աարենսի կարծիքով, շատ կարեւոր է իմանալ վարակի փոխանցման ճանապարհի մասին, որպեսզի մարդիկ հնարավորինս զերծ մնան վարակվելուց:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930