Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարիամ Շահինյան. «5-րդ անգամ էինք St John’s Smith Square դահլիճում»

Նոյեմբեր 30,2012 15:20

Ինչպես այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը, «Հայաստանի պատանի տաղանդներ» ծրագիրը վերջերս հերթական անգամ հյուրընկալվել է Լոնդոնում` համերգներով հանդես եկել St Johns Smith Square դահլիճում: Մասնակցել են պատանի երաժիշտներ՝ Երեւանից ու ՀՀ մարզերից, նրանց ունկնդրել է նաեւ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը:

Տիկին Շահինյանը հավաստիացրեց, որ համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճում, երեխաները հնարավորություն են ունեցել ծանոթանալ Մեծ Բրիտանիայի մշակույթին, այցելել մի շարք դահլիճներ, այդ թվում՝ Covent Garden եւ Royal Festival Hall:

Մարիամ Շահինյանը հիշեցրեց, որ «Հայաստանի պատանի տաղանդները» կյանք է առել 2005-ին, երբ ծնվեց «Ազգային պատկերասրահ» միջազգային փառատոնը, ու հենց վերջինիս շրջանակներում էլ «Հայաստանի պատանի տաղանդները» առաջին անգամ ներկայացվել է հանրության դատին: «Ծրագիրը հետաքրքիր էր այն առումով, որ այդ տարի առաջին անգամ համատեղ ներկայացվեցին Սպիվակովի անվան եւ «Նոր անուններ» հիմնադրամների տաղանդավոր երաժիշտները: 2007-ին ինձ հրավիրեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամ, որտեղ հանդիպում ունեցա «Հայաստան» հիմնադրամի լոնդոնյան մասնաճյուղի ատենապետուհի Արմինե Կարապետիի հետ: Նրա առաջարկով 2007-ին St Johns Smith Square-ում համերգ ունեցանք, ինչը դարձավ շարունակական 2009-ին, 2010-ին եւ 2011-ին: Այս տարին էլ հոբելյանական էր՝ նույն դահլիճում նշում էինք մեր հնգամյակը: Ծրագիրը թարմ էր, երբեք չկրկնվող, ինչի համար վաստակեցինք բուռն ծափահարություններ»:

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահը անչափ կարեւորում է «Հայաստանի պատանի տաղանդներ» ծրագիրը, քանի որ, նրա խոսքով, Լոնդոնում ամեն անգամ ներկայացվում են 11-26 տարեկան շնորհալի երաժիշտներ. այս 5 տարիներին St Johns Smith Square համերգասրահում եղել է 37 երաժիշտ: Մեր զրուցակիցը հայտնեց, որ երաժիշտները երբեք չեն կրկնվում, քանի որ իրենք ցանկություն ունեն՝ որքան հնարավոր է շատ պատանիների ներկայացնել արտերկրում: «Այս անգամ միայն քանոնահար Նարեկ Կազազյանն էր «կրկնվում», ուղղակի ուզում էինք ցույց տալ, թե 2009-ից մինչ օրս նա ի՜նչ ստեղծագործական վերելք է ապրել: Չէ՞ որ Նարեկն այս տարի հաղթող է ճանաչվել պատանի երաժիշտների դասական «Եվրատեսիլ» մրցույթում: Սա եւս խոսում է այն մասին, որ այն պատանի տաղանդները, որոնք հանդես են գալիս լոնդոնյան բեմում, ընդ որում՝ տվյալ պարագայում Նարեկը միակը չէ, հետագայում մեծ ստեղծագործական վերելքներ են ունենում: Կարող եմ նշել նաեւ երգչուհի Նինա Մինասյանի, սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանի եւ այլոց անունները»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930