Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Գրիգորյան. «Թող Ալվարդ Պետրոսյանն իմ անվան հետ խաղ չանի»

Նոյեմբեր 30,2012 15:07

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Ալվարդ Պետրոսյանը, խոսելով Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջի շուրջ բարձրացած աղմուկից, քոլեջի նախկին դասախոս, նկարիչ Հրայր Գրիգորյանի վերաբերյալ ասել էր . «Այդ մարդուն անուն- ազգանունով ո՞վ գիտի, ա՛յ, մականունն ասեք` Ֆընդըխ, բոլորը կասեն` ա~, մարդ, որ անձնական փաստաթղթերը կեղծելու համար վախից դիմում գրեց-փախավ քոլեջից: Թե չէ` կարող էին դատել որպես կեղծարարի: Էլ չխոսեմ` իր այլ արատների մասին: Իսկ թե ո՞վ է, ի՞նչ կարգի նկարիչ է տվյալ մարդը, նկարիչներին կարելի է հարցնել»:

 

Հրայր Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց Ալվարդ Պետրոսյանի տեսակետը: «Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ ես ուսումնարանի ստեղծողներից մեկն եմ: Ես սիրահարված էի այդ ուսումնարանին, որովհետեւ դրանում օգտվել եմ արվեստի հաց ու ջրից: 3  տարի է անցել, ինչ ես իմ կամքով հայտարարություն գրեցի այն մասին, որ այլեւս չեմ կարող աշխատել այդ ահավոր մթնոլորտում: Կան խնդիրներ, որոնք կարող եմ անշահախնդիր կերպով վեր հանել եւ Ալվարդ Պետրոսյանին ցույց տալ, որ նա չպետք է խառնվի այդ գործերի մեջ եւ զրպարտությամբ չզբաղվի  աշխարհի մասշտաբով հայտնի մարդու հանդեպ: Ալվարդ Պետրոսյանն իմ հասցեին անհիմն խոսքեր է ասել. ունեմ բոլոր հիմքերը, որ նրա ասածները իրականությանը չեն համապատասխանում: Իմ նվաճումներով հանդերձ` հանկարծ այնպես է ստացվում, որ ես ստախոս եմ, թե իբր պրոֆեսոր չեմ եւ քանդել եմ ուսումնարանը: Ծիծաղելի է: Իհարկե, կներեք, բայց Լենին պապիկի մասին այդքան հոդված չկա, որքան իմ: Ես պատվավոր պրոֆեսոր եմ, Նանսենի ոսկե մեդալակիր, Մշակույթի եւ ԿԳ նախարարության ոսկե մեդալակիր եւ այլն: Եւ հանկարծ նա ասում է, թե ոչ մեկ ինձ չի ճանաչում: Նրա միակ նպատակն էր, որ իր տղան տնօրեն լիներ, եւ նա հաղթեց եղբորը: Հիմա ի՞նչ հիմքերով է հայտարարում, թե տնօրեն պետք է լինի իր հարսը, ով ոչ մասնագետ է»,-ասաց նկարիչը:

 

Հրայր Գրիգորյանի խոսքով. «Նկարչության ասպարեզում փորձ չունեցած Առուշանյանը հավաքեց իր շրջապատը, որի ներկայացուցիչները թերություններ թողեցին ուսումնարանի կառավարման եւ ուսանողների ընտրության հարցում: Պարբերաբար վիճել եմ Առուշանյանի հետ` դասավանդման պրոցեսի եւ ընդունելության քննությունների հարցով: Ես երկար ժամանակ համբերեցի, բայց եկավ պահը, որ թողեցի ու դուրս եկա: Մինչ օրս էլ կապ եմ պահպանում անգամ ավարտած ուսանողներիս հետ, ովքեր հանդիպում են ինձ հետ եւ խորհուրդներ հարցնում: Ցավում եմ, որ ուսումնարանն այդ վիճակում է գտնվում: Այն տվել է շրջանավարտներ, որոնք զարդարում են հայ կերպարվեստը: Այլեւս չեմ կարող պայքարել ուսումնարանի վերականգնման համար, բայց կպայքարեմ, որ իմ անվան հետ խաղ չանի»:

 

Լուիզա Սուքիասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930