«Կա 2 նորություն՝ լավ եւ վատ: Լավը այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են իրենց առաքելությունը, եւ կարեւորը, որ եւս մեկ անգամ իրենց միջոցով իրենց կառավարությանն է հասնում այն կարծիքը, որը դառնում է ավելի արդիական՝ սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած իադարձություններից հետո: Եվ կարծիքը բնականաբար վերաբերվում է այն կարգավիճակին, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Մյուս մեսիջն էլ, որը կարելի է առանձնացնել դա այն է, որ կան առաջարկներ, որոնք ավելի շատ վերաբերվում են ազգամիջյան, կամ երկու պետությունների միջեւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը, բայց նորից սեպտեմբերյան իրադարձություններից հետո սա դառնում է իդեալական պատկեր, այլ ոչ թե իրականություն: Հիմնական ուղղությունը բանակցային գործընթացի ընթանում է, պարզ է, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո ձեւաչափը առայժմ կպահպանվի հենց արտգործնախարարների հանդիպումների շրջանակներում եւ, ըստ էության, դրական նորությունը սա է, իսկ բացասականը՝ այն, որ դեռեւս տեղաշարժ չկա այն փաստաթղթի հետ կապված, որը դրված է սեղանի շուրջ»,- այսօր «Հենարան» ակումբում, խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Ըստ նրա՝ եկող տարի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը շարունակվելու է, բայց դեռ չկա այն առաջարկը, որն ընդունելի կլինի երկու կողմի համար եւ շրջադարձ կապահովի հիմնախնդրի կարգավորման գործընթացում:
Մարկարովը, անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի բացման, ձգձգման խնդրին, նշեց, որ Երևան-Ստեփանակերտ չվերթը կապահովի երկու պետությունների միջեւ եղած կապի ուժեղացումը, ու դրա բացումը ոչ մի կերպ չի ազդի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա:
Խոսելով ներքին քաղաքականության մասին` քաղաքագետը կարծիք հայտնեց, որ կողմերը դեռեւս որոշում են, թե ինչ դիվիդենդներ կարող են շահել նախընտրական գործընթացներից: Իսկ նախագահական ընտրությունների հետ կապված՝ Մարկարովը նշեց. «Գործող նախագահն ունի ընտրվելու ամենամեծ շանսերը: Իսկ երկրորդ փուլ կլինի, թե ոչ, դա կախված է ԲՀԿ դիրքորոշումից»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև