Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն այլ բան էր ասում, ուսումնասիրությունները այլ բան են ցույց տալիս

Նոյեմբեր 30,2012 13:40

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում տեղ գտած խոստումներից առանձնացնենք երկուսը. « Մենք հիանալի հնարավորություն ունենք նախագահական ընտրությունների արդյունքում ձևավորելու աննախադեպ իրավիճակ, որը զերծ կլինի քաղաքական անիմաստ հակամարտություններից և լարվածությունից»: «Պետության ու քաղաքացիների միջև արհեստական պատնեշներ չեն լինելու»:

Հինգ տարվա արդյունքներն ամփոփելով՝ ընդդիմադիր գործիչները պնդում են, որ ընդհանուր առմամբ այս խոստումները չեն իրականացվել:

Մինչդեռ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը Aravot.am-ի հետ զրույցում համոզում էր հակառակը. «Այն կարծքին եմ, որ այս տարիների ընթացքում այդ առումով շատ բան փոխվել է, մանավանդ եթե հիշենք՝ ինչպիսին էր քաղաքական դաշտը մի քանի տարի առաջ, թե ինչքան չարություն, լարվածություն կար: Ինչ-որ առումով այժմ տարբեր քաղաքական ուժեր  կարողանում են երկխոսել: Այդ երկխոսությունը նպաստում է, որ լարվածությունը թոթափվի: Իսկ ընդդիմությունը միշտ բողոքում է, քանի որ դա իր իրավունքն է: Այնպես չէ, որ  բոլոր հարցերը լուծվել են, և իդեալական է մեր կյանքը: Բայց մյուս կողմից էլ կառուցողական ընդդիմությունը միշտ պետք է իշխանությանը, որ երկիրն ավելի արագ զարգանա: Իրականում շատ հանդարտ իրավիճակ մեզ երբեք էլ չի սպասվում: Չէի ասի, որ մեծ անջրպետ կա հասարակության և իշխանության միջև, քանի որ իշխանությունը, ՀՀԿ-ն սերտորեն աշխատում է հասարակության հետ տարվա ընթացքում, անկախ ընտրություններ են, թե ոչ:  Ընդհակառակը, կա երկխոսություն»:

Մեր հարցին, թե այդ դեպքում ինչի՞ մասին է խոսում այն փաստը, որ ամեն կառավարության նիստի օր՝ կառավարության շենքի առջեւ բողոքի ցույց է կազմակերպվում, Կ. Աճեմյանն այսպես արձագանքեց.  «Դա վկայում է այն մասին, որ մենք ունենք խնդիրներ , որոնք լուծված չեն: Բոլոր երկրներում էլ կան այդպիսի բողոքներ: Բայց քայլ առ քայլ բոլոր հարցերի լուծումները տրվում են: Հուսով եմ, որ նախընտրական պայքարը մեծ լարվածության չի վերածվի, կլինի մրցակցային պայքար, և ընտրությունները կավարտվեն բարեհաջող»:

Ի՞նչ են ցույց տալիս սոցիոլոգիական ուսումնասիրությունները: «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» նախագահ, սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը փաստեց, որ ըստ ուսումնասիրությունների՝ «հասարակության և իշխանության միջև անջրպետ կա: Եթե այն չի խորացել, ապա չի էլ վերացել»: Անդրադառնալով քաղաքական լարվածության հարցադրումին՝ պարոն Պողոսյանը նկատեց. «Երևի այն ժամանակ նախագահը նկատի ուներ մարտի 1-ի դեպքերը: Իրոք, մեծ լարվածություն կար այն ժամանակ, այդ լարվածությունը վերացավ, բայց նախընտրական վիճակի հետ կապված լարվածություն այժմ կա քաղաքական դաշտում: Ցուցիչներից են հարցումները, մյուս կողմից էլ անզեն աչքով էլ է դա երևում: Մենք վաղուց ենք ֆիքսել և դա համարում ենք քաղաքական օտարվածություն, երբ մարդ իր երկրում, գյուղում, քաղաքում չի զգում իր տեր լինելը: Երբ առանց հասարակության լուծվում են հարցերը, նա օտարվում է, և անջրպետը խորանում է: Իշխանությունը գնում է իր ծրագրով, հասարակությունը՝ այլ ծրագրով, ուստի կապ կամ երկխոսություն իշխանության և հասարակության միջև պարզապես չկա: Իհարկե,մեր երկրում քաղաքացիները քաղաքականապես օտարված են, ինչը արտագաղթ ծնող պատճառներից մեկն է: Մարդիկ իրենց, իրենց երեխաների ապագա այս երկրի հետ չեն կապում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930