Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաֆիոզ» թավջութակահարը Հայաստանում է

Նոյեմբեր 30,2012 13:33

Հարություն Արզումանյանն ու Ալեքսանդր Կագանովսկին (աջից):

Այսօր դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա իսրայելցի թավջութակահար Ալեքսանդր Կագանովսկին: Նա առաջին անգամ է Հայաստանում:

Երբ ծանոթանում ենք թավջութակահարի ստեղծագործական դիմանկարին, նկատում ենք, որ արվեստագետը հաճախ է հանդես եկել համաշխարհային երաժշտարվեստի, այսպես կոչված, «մաֆիոզների» հետ: Դրանց թվում են՝ դիրիժորներ Ռոդոլֆ Բարշայը, Գարի Բերտինին, Չարլզ Գրովզը, Առնոլդ Կացը, Նաթան Ռախլինը եւ ուրիշներ: Հենց այս թեմայով էլ սկսվեց «Առավոտի» զրույցը Ալեքսանդր Կագանովսկու հետ: Նա ասաց, որ աշխարհում առաջին հորիզոնականները զբաղեցնող քաղաքական եւ սեքս-ինդուստրիայի մաֆիաների կողքին է երաժշտականը:

«Ես կարող էի ինձ թույլ տալ լինել երաժշտական մաֆիայի մեջ կամ համագործակցել, սակայն գիտակցում էի, որ դա ինձ կաղապարների մեջ կդնի, քանի որ այդ «դաշտում» գործում է «ես քեզ, դու ինձ սկզբունքը»,- ասաց նա:

Հիշեցնելով, որ ծնվել է Կիեւում ու 16 տարեկանում դառնալով համաուկրաինական մրցույթի դափնեկիր, երաժշտից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է դրանից անմիջապես հետո արագ տեղափոխվել Իսրայել, մանավանդ որ, հարցազրույցներում մշտապես դրական է արտահայտվում խորհրդային երաժշտական դպրոցի մասին: «Սա խիստ ազգային խնդիր է: Նշեմ, որ այդ տարիներին ընդամենը 4 հրեա իրավունք ուներ ստանալ երաժշտական բարձրագույն կրթություն խորհրդային կոնսերվատորիաներում…»,- պատասխանեց թավջութակահարը: Մեր զրույցի ընթացքում Կագանովսկին հիշեց հայ թավջութակի դպրոցը՝ սկսած հիմնադիր Գերոնտի Թալալյանից, վերջացրած Չայկովսկու անվան մրցույթի սկանդալային դափնեկիր Նարեկ Հախնազարյանով:

Ոչ այնքան երաժշտական մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ արվեստագետի ընտանիքին: Պարզվեց՝ կինը՝ Էլլա Կագանովսկին, հայտնի օպերային երգչուհի է եղել, 37 տարի ապրում են մեկ հարկի ներքո, ունեն 2 որդի եւ իրենց ընտանիքը կառուցված է յուրաքանչյուրի ընտրությունը՝ մյուսների կողմից հարգելու սկզբունքի վրա. «Համամիտ եմ այն ասույթին, թե տղամարդը գլուխն է, կինը՝ պարանոցը, բայց իմ ընտանիքում ես խստապահանջ եմ, հաճախ մենախոսում եմ ինքս ինձ հետ, կարեւորագույն հարցերը նախ ինքս եմ ծանրութեթեւ անում, ապա որոշմանս մասին հայտնում տիկնոջս եւ զավակներիս»:

Նա փաստում է, որ միշտ էլ եղել են ու կան տաղանդավոր երաժիշտներ, իսկ ինքը մասնագիտական որակներից ու պրոֆեսիոնալիզմից զատ՝ գնահատում է նախ երաժշտի մարդկային տեսակը. «Երեւան ժամանելով՝ ես տեսա, որ դիրիժոր Հարություն Արզումանյանը երիտասարդ է, ավելին՝ ԱՄՆ-ում կայացած Ջորդանիայի անվան միջազգային մրցույթի հաղթող: Երբ երես առ երես հանդիպեցինք, ես հասկացա, որ մեզ շատ փորձեր պետք չեն, քանի որ բացի լավ մարդուց, գործ ունեմ բարձրակարգ երաժշտի հետ: Ինձ «կաշառեց» նաեւ այն, որ Հարությունը Երեւանի օպերային թատրոնի դիրիժոր է, ղեկավարել է Վերդիի «Տրուբադուրը», «Տրավիատան», «Աիդան», Չայկովսկու «Իոլանտան» եւ այլն: Ամենակարեւորն այն է, որ այս շնորհալի երիտասարդը ժամանակ է գտնում դասավանդել կոնսերվատորիայում ու նույնիսկ վերջինիս դոցենտն է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930