Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի սիրտը

Նոյեմբեր 30,2012 13:31

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

2013թ. փետրվարի 19-ին լրանում է ղարաբաղյան Շարժման 25-ամյակը: Հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ Շարժումը երկու պատմական նվաճում ունեցավ՝ Ղարաբաղի ազատագրումը եւ Հայաստանի անկախացումը: Հետագայում Հայաստանի սոցիալ-տնտեսական տարուբերումները, պատերազմական եւ ետպատերազմական ցնցումները, ներքին եւ արտաքին քաղաքական ձախողումները, Շարժման ծրագրերի, կարգախոսների, գաղափարների, արժեքների ուրացումն աստիճանաբար հայ ժողովրդին հեռացրեցին ղարաբաղյան շարժումից: Հայ ժողովուրդը սկսեց նախ ամաչել, ապա՝ նշավակել, այնուհետ՝ անիծել, հետո՝ հրաժարվել, ի վերջո՝ մոռանալ ղարաբաղյան Շարժումը՝ Ղարաբաղի ազատագրումը վերագրելով ռուսական զենքին, իսկ Հայաստանի անկախացումը՝ Արեւմուտքի դավադրությանը: Արդյունքում՝ ղարաբաղյան Շարժումը հայտնվեց այն որբի կարգավիճակում, որի ծնողները ողջ են, սակայն նա ծնողազուրկ է, որը երկու տուն ունի, սակայն անօթեւան է: Եվ մի ամբողջ սերունդ զրկվեց Շարժմամբ հպարտանալու իր իրավունքից, իսկ հաջորդ սերունդն արդեն չգիտեր ղարաբաղյան Շարժման մասին: Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքն ընթացավ խոտոր ճանապարհով, արհամարհվեցին կամ ոտնատակ տրվեցին ազգային, ժողովրդավարական արժեքները, մանավանդ որ Շարժման առաջամարտիկներն իրենք էին դարձել հասարակությանը թեւաթափ անող գործընթացի նախաձեռնողները: Շարժման մասնակիցներն օտարվեցին եւ դուրս մղվեցին հասարակական-քաղաքական կյանքից: Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները կամ զոհվեցին, կամ արհամարհվեցին, կամ փառազրկվեցին, կամ հարստացան, կամ վերասերվեցին:

Եվ այժմ ղարաբաղյան Շարժման 25-րդ տարեդարձը մենք դիմավորում ենք աղավաղված արժեհամակարգով, կողոպտված պետությամբ, դատարկվող հայրենիքով, կոռումպացված իշխանությամբ, դիմազուրկ ընդդիմությամբ, հուսալքված հասարակությամբ:

Ղարաբաղյան Շարժումը Հայաստանի սիրտն էր, որը կանգ էր առել այն պահից, երբ հայ մարդու առաջին անեծքն ուղղվեց դեպի այն: Հայաստանի սիրտը հանել են մարմնից եւ տեղը դրել արհեստական, ամեն վայրկյան կանգնելու ընդունակ մեխանիզմ, որն արյուն է մղում դեպի Հայաստանի օրգանիզմ միայն արհեստական կծկումներով: Հայաստանի սիրտը հանված-փակված է ապակե անոթում: Եվ ձեր սրտի տրոփյունն այլեւս համաչափ չի խփում Հայաստանի սրտի հետ: Դուրս բերեք Հայաստանի սիրտը նեղ, անձուկ անոթից, վերադարձրեք այն Հայաստանի մարմին եւ թող նրա տրոփյունը համաչափ բաբախի ձեր սրտի հետ:

Քսանհինգ տարին բավարար ժամանակահատված է, որ հայ պատմաքաղաքական միտքը կարողանար արժեւորել, գնահատել, փաստարկել եւ վերլուծել 88-ի ղարաբաղյան Շարժման պատմաքաղաքական դերն ու նշանակությունը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ: Սակայն ղարաբաղյան Շարժումը չդարձավ գրավոր պատմագրության մաս՝ հայոց պատմության դպրոցական եւ բուհական դասագրքերի կծկված, ժլատ, սառը տողերում ներկայացվելով ընդամենը որպես պատմական դրվագ:

Կրելով տվյալ ժամանակահատվածի քաղաքական ղեկավարության գաղափարախոսությունը՝ հայոց պատմության դասագրքերը եղել եւ մնացել են գաղափարախոսության գործիք, որը փոխվել է քաղաքական ղեկավարության փոփոխության հետ: Եվ միայն սակավաթիվ պատմաբաններ են հարգանքով եւ գիտական պատասխանատվությամբ մոտեցել պատմագրությանը: Տարբեր ժամանակաշրջաններում հայ ժողովրդի տարբեր սերունդներ դաստիարակվել-կրթվել-ուսանել են պատմության տարբեր դասագրքերով, որոնք հաճախ իրարամերժ պատմական փաստեր եւ գնահատականներ էին ներառում: Պատմությունը քաղաքական նպատակահարմարության ծիրում դիտարկելն անառարկելի ավանդույթի էր վերածվել՝ հայ պատմագրությանը զրկելով գիտական անկողմնակալությունից, քաղաքական իրավիճակի, պատմական դեպքերի եւ դեմքերի անկողմնակալ, ճշմարտացի ներկայացումից: Բացի այդ, հայոց պատմության երեքհազարամյա շղթայում ավելի հաճախ փայլեցվել են կորուստների օղակները: Թվում էր, թե ղարաբաղյան Շարժումը չպետք է հայտնվեր քաղաքական նպատակահարմարության թիրախում: Մանավանդ որ, պատմությունը, որպես հումանիտար գիտություն, արժեքային համակարգ է ձեւավորում, որով դաստիարակվում են սերունդները: Հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ ունենալով պատմական եւ քաղաքական ահռելի նշանակություն եւ անփոխարինելի դեր՝ Հայաստանի հանրության արժեքային նոր համակարգի ձեւավորման մեջ՝ ղարաբաղյան Շարժումը փոխեց հայոց պատմության նորագույն շրջանի ընթացքը՝ այն հասցնելով պատմական հանգրվանի՝ Հայաստանի անկախացման: Պատմական մեծ դադարից հետո հայ ժողովուրդը կարողացավ աշխարհացունց փոփոխությունների մաս կազմել՝ այդ փոփոխություններից դուրս գալով ոչ միայն անկորուստ, այլեւ՝ հաղթանակած: Հայաստանի անկախացումը Շարժման առաջին պատմական արդյունքն է, ձեռքբերումը, նշանակությունը: Շարժման քաղաքական ղեկավարության շնորհիվ անկախության գաղափարը հայ ժողովրդին ներարկվեց կաթիլ առ կաթիլ, դրան հասնելու ուղին գծվեց քայլ առ քայլ՝ հասարակությանը սովորեցնելով, պատրաստելով, մոտեցնելով այդ գաղափարին: Անկախ Հայաստանի երազը փայփայող եւ այն սերնդեսերունդ փոխանցող հայ ժողովուրդն իրականում կարող էր հոգեբանորեն անպատրաստ դիմավորել անկախությունը՝ անհանգստացած թուրք-ադրբեջանական հնարավոր հարձակմամբ: Բացի այդ: Քաղաքական տվյալ իրավիճակում ղարաբաղյան խնդիրն առաջնային էր հայության համար, եւ անկախության գաղափարը կարող էր ներքին դիմադրության հանդիպել՝ մատնվելով ձախողման: Այդ իսկ պատճառով անկախությանը պետք էր հասնել լրջմիտ, կշռադատված, հեռատես քաղաքական քայլերի արդյունքում: Հենց նման ուղեգիծը Հայաստանը հասցրեց անկախության հանգրվանի: Եվ Հայաստանն անկախություն ձեռք բերեց ոչ միայն խանդավառված, այլեւ գիտակցված ընտրությամբ:

Շարժման մյուս պատմական արդյունքը Ղարաբաղի ազատագրումն էր, որը մի քանի նշանակություն ունի հայ ժողովրդի համար. 1. Ղարաբաղի բնակչության ֆիզիկական փրկությունը եւ անվտանգության ապահովումը, 2. հայրենի հողում ապրելու հնարավորությունը եւ իրավունքը, 3. տարածքների մշտական կորստից հետո 12.4 հազ. քմ հայկական տարածքի ազատագրումը:

Ղարաբաղյան Շարժման քաղաքական նշանակությունը հանգում է աշխարհաքաղաքական հեղաբեկումների մեջ սթափ, իրատես, ողջամիտ քաղաքական ուղեգծի իրականացմանը՝ նոր քաղաքական իրողություններին համընթաց: Սա Շարժման առաջին քաղաքական նշանակությունն էր: Շարժումը նաեւ քաղաքական նոր մտածողություն ձեւավորեց՝ ներքին, արտաքին, տնտեսական քաղաքականության մեջ հռչակելով նոր կարգախոսներ. 1. վարել կողմնորոշումներից զերծ արտաքին քաղաքականություն, 2. ապավինել սեփական ուժերին, 3. չկան հավերժական բարեկամներ, կան հավերժական շահեր, 4. ձեւավորել ազատական տնտեսաձեւ, մրցակցային եւ ազատ շուկայական հարաբերություններ, մասնավոր սեփականության:

Հարյուրամյակների պարտություններից, պատմական հայրենիքի զգալի մասի կորստից, Ցեղասպանությունից հետո ղարաբաղյան Շարժումը նաեւ սոցիալ-հոգեբանական անուրանալի նշանակություն ունեցավ՝ հայ ժողովուրդը ձերբազատվեց զոհի բարդույթից՝ թոթափելով պարտությունների բեռը, շտկելով ողնաշարը, պաշտպանելով ինքն իրեն եւ վերականգնելով կորսված ազգային արժանապատվությունը: Վերափոխելով ազգային կարծրատիպերը, մտածողությունն ընդհանրապես՝ Շարժումը նոր մտածողություն սերմանեց, որը ծլարձակեց ու տարածվեց: Չարին չհակադրվելու 1700-ամյա քրիստոնեական պատվիրանը, որը հայ ժողովուրդը սերտել էր ի սկզբանե, դուրս մղվեց հայկական ավանդական մտածողությունից: Փոքրաթիվ ժողովրդի դարավոր բարդույթը բախվեց «համաշխարհային ազգի» գաղափարին: Ինչպես հրաշապատում հեքիաթներում է պատահում, 88-ին հայ ժողովուրդը թոթափեց-փոխեց իր երեքհազարամյա մաշկը՝ աշխարհի առջեւ կանգնելով ամբողջովին նորովի եւ բացահայտելով իր լավագույն դրսեւորումներով:

Աշխարհում ոչ միայն նոր աշխարհակարգ էր ստեղծվում, այլեւ նոր հասարակարգ էր ձեւավորվում Հայաստանում: Շարժումը հայ ժողովրդի հին, ավանդական, կարծրացած արժեքային համակարգը դեն նետեց՝ ձեւավորելով նոր արժեհամակարգ՝ հիմնված ազատության, ազգի եւ անձի արժանապատվության, ժողովրդավարության արժեքների վրա: Խորհրդային Հայաստանի անձուկ, գոց միջավայրում ղարաբաղյան Շարժումն ասես հայկական լեռների ծերպերում բուսած ձնծաղիկ լիներ, որ բացվեց միանգամից եւ իր մաքրությամբ եւ գարնանային բույրով լցրեց շուրջբոլորը: Ղարաբաղյան Շարժումը Խորհրդային Միությունում քաղաքական փոփոխությունների սկիզբը դրեց՝ դառնալով նախակարապետը նախկին ԽՍՀՄ տարածքում ժողովրդավարական շարժումների:

Ետխորհրդային Հայաստանի առաջին տարիները, չնայած տնտեսական եւ քաղաքական բարդություններին, սպասումների եւ հույսի տարիներ էին: Սակայն պատմական, քաղաքական, սոցիալ-հոգեբանական նվաճումները հետագայում բախվեցին սոցիալ-տնտեսական ցնցումների, հասարակական-քաղաքական վայրիվերումների, ժողովրդավարության նահանջի, հասարակական բարքերի անկման, պետական համակարգում բույն դրած անօրինականության հետ: Նորանկախ Հայաստանի Հանրապետության պետական շինարարության հիմքում ի սկզբանե դրվեցին արատավոր սկզբունքները: Շարժման մասնակիցները դուրս մնացին պետական կառավարման ոլորտից. համակարգ մտան Շարժման դեմ պայքարողները, եւ նորանկախ Հայաստանի կադրային քաղաքականությունը դարձավ այն աքիլլեսյան գարշապարը, որին գայթեց պետական շինարարությունը: Օրինականության եւ արդարության հաստատման երազները բախվեցին իշխանական կամայականության, ապօրինության եւ անպատժելիության ժայռաբեկորներին: Սասանվեց հանրային վստահությունը իշխանության հանդեպ: Ըստ այդմ՝ նվազեց ղարաբաղյան Շարժման նշանակությունն ու արժեքը հայ հանրության համար, երերաց Շարժման սկզբունքների եւ արժեքների կենսունակության հողը, եւ Շարժումը համարվեց հայ ժողովրդի բոլոր ձախորդությունների եւ ձախողումների մեղսակիցը: Մինչդեռ ակնհայտ էր, որ արատավոր եւ վտանգահարույց բարքերը, երեւույթները, իրողությունները, որոնք առաջ էին բերել ժամանակը եւ քաղաքական առաջնորդները, Շարժման հետ առնչություններ չունեին:

Ամենալուրջ փորձության առջեւ կանգնեց Շարժման քաղաքական ղեկավարությունը՝ «Ղարաբաղ» կոմիտեն, որը դարձավ նորանկախ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունը: Կոմիտեի գրեթե բոլոր անդամներն առանցքային պաշտոններ զբաղեցրեցին պետական համակարգում: Չունենալով պետական կառավարման փորձ եւ հմտություն՝ նոր իշխանությունը բախվեց մեծաթիվ խոչընդոտների եւ ներքին դիմադրության: Կոմիտեի իշխանության տարիներին հայ ժողովուրդն ունեցավ պատմական հաղթանակներ՝

– Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սուբյեկտ դարձավ. Հայաստանը ճանաչվեց միջազգայնորեն,

 – հայ ժողովուրդը հաղթեց ղարաբաղյան պատերազմում. Ղարաբաղն ազատագրվեց,

եւ ճակատագրական կորուստներ՝

– Հայաստանում ընտրությունների արդյունքները կեղծվեցին, ընտրություններն ուղեկցվեցին բռնություններով եւ քաղաքական հետապնդումներով. սկիզբ դրվեց ընտրական համակարգի անարգմանը, ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելը դարձավ անհնար:

– Հայաստանը կորցրեց երբեմնի «ժողովրդավարության կղզյակի» միջազգային համարումը:

«Ղարաբաղ» կոմիտեի 11 անդամների քաղաքական եւ մարդկային ճակատագրերը հակասական եղան՝ նրանք վայելեցին ժողովրդի մեծ սերն ու հիացմունքը, ապա՝ ատելությունը: Նրանք բարձրացվեցին փառքի պատվանդանին եւ ներքեւ շպրտվեցին այնտեղից: 1994թ. դեկտեմբերին սպանվեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանը: Սպանությունը ցայսօր բացահայտված չէ: 2007-ին մահացավ Ռաֆայել Ղազարյանը: Կոմիտեի անդամներից Վանո Սիրադեղյանը 2009թ. ի վեր վտարանդի է: Սամսոն Ղազարյանը տաքսու վարորդ է: Աշոտ Մանուչարյանը դաժանորեն ծեծի ենթարկվեց Քոչարյանի կառավարման ընթացքում: Դավիթ Վարդանյանին, Սամվել Գեւորգյանին, Ալեքսան Հակոբյանին, անգամ՝ Բաբկեն Արարքցյանին հայ ժողովուրդը չի հիշում, իսկ նոր սերունդը՝ չի էլ ճանաչում: Վազգեն Մանուկյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը մնացին չընկալված ու չգնահատված: Մինչդեռ նրանք բոլորը Հայաստանում քաղաքական նոր ուղղության հիմնադիրներն էին:

Հարափոփոխ ու տենդագին ժամանակներում հենց «Ղարաբաղ» կոմիտեին էր տրված առաջ տանելու Հայաստան երկրի նավը: Չնայած Հայաստանի անկախացման ակունքների մոտ նրանք էին կանգնած, սակայն չդարձան եւ չգնահատվեցին որպես «հիմնադիր հայրեր»: Նրանց կառավարման ժամանակահատվածի ձեռքբերումները մեծ էին, կորուստները՝ եւս: Հաղթելով արտաքին աշխարհում, նրանք պարտվեցին ներքին կյանքում՝ չհաղթահարելով մեծաթիվ խութերը, անտեսելով հանրային վստահության աստիճանական անկումը իրենց իշխանության հանդեպ: Գուցե մի օր կգա՞ համազգային մեծ ներման եւ գնահատման օրը, եւ հայ ժողովուրդը իր պատմության նոր էջը կբացի:

Իր նորագույն պատմության ընթացքում հայ ժողովուրդն ավելի արժեքավոր, հեռատես եւ վեհ այլ բան չի ստեղծել, քան ղարաբաղյան Շարժումն է:

Եվ այժմ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում առաջ է եկել ղարաբաղյան Շարժման արժեքներով, գաղափարներով, կարգախոսներով առաջնորդվելու պատմական հրամայականը: Ղարաբաղյան Շարժումը հին ու արժեքավոր հայկական գորգ չէ, հայկական կոնյակ չէ, որ պահենք, հնացնենք, որ նրա արժեքը բարձրանա-գնահատվի: Շարժումը Հայաստանի սիրտն է՝ կենդանի, ապրող սիրտը: Եվ հիմա ես ձեռքս ամուր սեղմել եմ սրտիս, եւ նրա ավելի ու ավելի ուժգնացող բաբախյունը լսվում է Շարժման՝ Հայաստանի սրտի հետ համաչափ:

Ականջ դրեք ձեր սրտին, մի բանտեք այն անհուսության անոթում: Ականջ դրեք ձեր սրտին. այն նույնպես բաբախում է ղարաբաղյան Շարժման՝ Հայաստանի սրտի հետ համաչափ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930