Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի իշխանավարման ընթացքում Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չի փոխվել

Նոյեմբեր 30,2012 13:25

«Առավոտ»-ի զրուցակիցն է Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը

– Պարոն Մարկեդոնով, փետրվարին Հայաստանում նախագահական ընտրություններ կանցկացվեն։ Մեզ մոտ, հատկապես ընտրություններից առաջ, շատ է կարեւորվում Ռուսաստանի դերը նախագահի թեկնածուների սատարման հարցում։ Ձեր կարծիքով՝ Ռուսաստանի իշխանությունները Հայաստանի իշխանությունների հետ խնդիրներ ունե՞ն, ՀՀ իշխանությունները շարունակո՞ւմ են վայելել Կրեմլի վստահությունը, թե՞ Սերժ Սարգսյանը կորցրել է այդ վստահությունը:

– Նախեւառաջ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ չէ, ես չեմ կարծում, որ Կրեմլի վստահությունը ամենագլխավոր գործոնն է Հայաստանի նախագահական ընտրություններում։ Հայաստանի նախագահական ընտրություններում կարեւոր գործոնը նախեւառաջ Հայաստանի ժողովրդի ընտրությունն է, երկրորդը, անշուշտ, տարբեր էլիտաների միջեւ պայքարն է, միջխմբային ազդեցությունները Հայաստանի ներսում։ Ես չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանի իշխանավարման ընթացքում սկզբունքորեն փոխվել է Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, եւ կամ փոխվել է այն աստիճան, որ անհրաժեշտություն է առաջացել Ռուսաստանի կողմից առանձնահատուկ արձագանքի։ Այս առումով կարելի է դիտարկել ՌԴ գործողությունները ընտրություններից հետո, օրինակ, Ուկրաինայում՝ նարնջագույն հեղափոխությունից հետո, որտեղ լիովին այլ մոտեցում ցուցաբերվեց՝ ՌԴ-ն ավելի պրագմատիկ էր ու զգուշավոր։ Այդ իսկ պատճառով չեմ կարծում, թե Մոսկվան Հայաստանի դեպքում սկզբունքորեն շահագրգռված լինի իշխանափոխությամբ:

Բացի այդ՝ «Մոսկվայի դերը» հասկացությունը, իմ կարծիքով, բավական դրամատիզացվում է։ Հետխորհրդային տարածքում յուրաքանչյուր գործընթացի ետեւում տեսնում են Մոսկվայի ձեռքը։ Կրեմլը ոչ այդ ռեսուրսն ունի, ոչ նման ցանկություն, ոչ էլ հնարավորություն այդպես վարվելու: Կարծում եմ՝ Հայաստանի ընտրությունները կընթանան սովորական ռեժիմով, կլինի մրցակցություն, կլինի ինտրիգ, թե ով է հանդես գալու ընդդեմ Սերժ Սարգսյանի. սա է կարեւորը, այլ ոչ թե այն, թե Մոսկվան դրսից ինչ-որ քայլեր կձեռնարկի՞, թե՞ ոչ։

– Օրերս «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց. «Հայաստանը մի առանձնահատկություն ունի՝ մեր երկիրը Մաքսային միության հետ ընդհանուր սահման չունի, այդ իսկ պատճառով հարկավոր է համագործակցության մեխանիզմներ մշակել։ Կարծում եմ, որ Մաքսային միությունը իր բնույթով շատ մոտ է ընդհանուր տարադրամային գոտուն: Անհրաժեշտ է ընդամենը հինգ տարի շարունակ համաձայնեցված բյուջետային եւ դրամավարկային քաղաքականություն իրականացնել: Իմ կարծիքով՝ դա ձեռնտու կլինի թե՛ ՌԴ-ի, թե՛ Ղազախստանի եւ թե՛ Բելառուսի համար»։ Տ. Սարգսյանի խոսքով՝ միասնական տարադրամը շահավետ է թե՛ տնտեսվարողների, թե՛ քաղաքացիների համար, հետեւաբար ի՞նչ իմաստ ունի ազգային տարադրամ պահել եւ դրամ կորցնել փոխանցումների ժամանակ: Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվայի կողմից ՀՀ իշխանությունների նկատմամբ որոշակի ճնշումներ կան, որպեսզի ՀՀ-ն կողմնորոշվի Եվրասիական միությանը անդամակցելու հարցում. ի՞նչ եք կարծում՝ դա այդպե՞ս է:

– Նախ, Տ. Սարգսյանի մեկնաբանություններում լիակատար ճշմարտություն կա: Իսկապես, ընդհանուր սահման չկա, ինչպե՞ս կարելի է խոսել Մաքսային միության մասին, եթե ընդհանուր սահման չկա. սա այբուբենային ճշմարտություն է։ Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա այստեղ կա ե՛ւ հռետորաբանություն, ե՛ւ պրակտիկա: Հռետորաբանության առումով՝ հասկանալի է՝ այո, Մոսկվան փորձում է «ընտրություն կատարելու» իրավիճակ՝ «դուք ՆԱՏՕ-ի՞ հետ եք, թե՞ մեր…»: Բայց իրականում նման ընտրության հարց գոյություն չունի։ Հետխորհրդային որեւէ պետություն հարյուր տոկոսանոց ընտրություն չի կատարել՝ բացառությամբ Վրաստանի, Սահակաշվիլիի իշխանավարման շրջանում: Բայց մենք այժմ տեսնում ենք, որ Վրաստանի նոր իշխանությունը փորձում է նախկին իրավիճակը վերականգնել, ինչպիսին էր Շեւարդնաձեի օրոք, երբ Թբիլիսին մանեւրում էր տարբեր կենտրոնների միջեւ:

Հետխորհրդային պետությունների բոլոր նախագահները մանեւրել են, որովհետեւ փոքր երկրներ են, նրանց ռեսուրսները նվազ են, անհամեմատելի են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, նույնիսկ Ռուսաստանի ռեսուրսների հետ, այդ իսկ պատճառով այդ երկրները մանեւրում են, փորձում են համագործակցել տարբեր կենտրոնների հետ: Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, Իրանի հետ, միեւնույն ժամանակ՝ Ռուսաստանի հետ։ Եթե նայենք Ադրբեջանին, ապա Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը Թուրքիան է, սա հասկանալի է, բայց միեւնույն ժամանակ Բաքվի համագործակցությունը Իսրայելի հետ չի ստացվում, որը Թուրքիայի հետ բավական լարված հարաբերություններ ունի: Վերջերս Իրանի նախագահը ժամանեց Բաքու, հայտարարվեց, որ երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունները հրաշալի են, պարզապես արտաքին ուժերն են փորձում խոչընդոտել այդ հարաբերություններին: Սա էլ է հռետորաբանություն, որի հիմքում Ադրբեջանի ձգտումն է՝ չխորացնել հակասությունները Իրանի հետ։

Այդ իսկ պատճառով ասել, թե այդ «ընտրությունը» հետխորհրդային երկրների առաջնորդներին հանգիստ չի տալիս՝ ճիշտ չէ։ Բոլոր հետխորհրդային երկրներն էլ ձգտում են բազմավեկտոր հարաբերություններ ունենալ։ Նույնիսկ եթե դիտարկենք Յուշչենկոյի շրջանի Ուկրաինան, ապա նրա օրոք մշակվեց Մեծ պայմանագիրը Ռուսաստանի հետ, այսինքն՝ մի կողմից կա հռետորաբանություն, իսկ մյուս կողմից՝ գործնականը, դրանք միմյանցից տարբերվում են, եւ փորձագետների գործն է դրանք տարբերակելը։

Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, ապա ցանկացած ինտեգրացիայի անհրաժեշտությունը ծագում է այն ժամանակ, երբ այն հիմնվում է համընդհանուր ինտեգրացիոն ջանքերի, գաղափարների վրա։ Երբ գաղափարը մեկն է՝ ՌԴ-ի բյուջեից օգտվելը, ապա դա ոչ բավարար պայման է։ Նույնիսկ խորհրդային շրջանում Մոսկվան առաջարկում էր առավել հետաքրքիր գաղափարներ, որոնց միջոցով կարելի էր մոբիլիզացնել հասարակության տեսակետը, օրինակ՝ «Պայքար հանուն խաղաղության» գաղափարը՝ անվտանգության եվրոպական ընկալումը Մոսկվայի կողմից եւ այլն։ Այժմ ֆինանսական հոսքերը այն չեն, ինչի շուրջ կարելի է արդյունավետ ձեւով համախմբվել։ Կարելի է ծիծաղել ՆԱՏՕ-ի պարզունակ մոտեցումների վրա, բայց գոնե այս դեպքում կա գաղափարական հենք, առանց որի ինտեգրացիոն գործընթացը այնքան էլ լավ չի ընթանա։

– Նույն հարցազրույցում վարչապետ Տ. Սարգսյանը քննադատել էր ՌԴ միգրացիոն ծառայությունների կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագիրը՝ նշելով. «Ժողովրդագրական խնդիրն առանց այդ էլ առկա է, բնակչության արտահոսքը հատկապես սահմանամերձ գոտուց կհարվածի Հայաստանի շահերին: Այդ իսկ պատճառով մեր ռազմավարական դաշնակիցը չպետք է դիմի քայլերի, որոնք կվնասեն մեր շահերին: Մենք հստակորեն ամրագրել ենք մեր այս հստակ ու աներկբա տեսակետը բոլոր արձանագրություններում»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

– ԽՍՀՄ-ի փլուզումից քսան տարի է անցել, իսկ Մոսկվան դեռ չի որոշակիացրել՝ մեկ հետ են ուղարկում մարդկանց, մեկ աջակցում են բոլորին… Այս երկու տատանվող մոտեցումները երկու տասնամյակ է, ինչ գործում են: Ահա այս դեպքում էլ պետք է արձանագրել, որ Մոսկվայում սցենարային մտածելակերպ չկա, առավելապես ռեակտիվ քաղաքականություն է վարվում։ Ժամանակակից քաղաքականությունը առհասարակ սցենարային չէ, ռեակտիվ է, ի դեպ, Արեւմուտքում էլ է այդպես, պարզապես Արեւմուտքի ռեսուրսներն ավելին են, քան Ռուսաստանինը։ Այնտեղ՝ Կրեմլում եւ Սպիտակ տանը իմաստունները չեն նախագծում քաղաքականությունը։ Այսինքն՝ բոլորը հետապնդում են կարճաժամկետ նպատակներ, ահա դրա արդյունքում էլ՝ քաոսը, անկայունությունն ու անորոշությունը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930